Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը՝ սոցապ նախարարին. «Ձեզանից ավելի գո՞հ են, թե՞ ավելի դժգոհ»

Սեպտեմբեր 28,2012 16:33

Այսօր ԱԺ-ում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2011-ի բյուջեի հաշվետվությունը: Նրա ներկայացմամբ՝ 115 հազար 502 ընտանիք հաշվառված է եղել նպաստառուների ցուցակում, 10349 ընտանիք էլ հրատապ օգնություն է ստացել: Տարեցներից 1050 անձի տրամադրվել է շուրջօրյա ծառայություն: Մանկատների բեռնաթափում է իրականացվում:Տրամադրվել է գիշերօթիկ խնամքի եւ պաշտպանության ծառայություններ՝ 800 երեխայի համար: Ինչ վերաբերում է գործազրկության ցուցանիշներին՝ 81 հազար անձ աշխատանք փնտրող է գրանցվել այս տարվա հունվարի մեկի դրությամբ, 69 հազարը գրանցվել է որպես գործազուրկ:

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը նախարարից հետաքրքրվեց «Սոցիալական ոլորտն ամենախոցելի, ամենատեսանելի եւ շոշափելի ոլորտն է: Այն խավը, որը Դուք եք սպասարկում, միշտ դգոհություններ ունի եւ կարիք ունի պետական հոգածության: Այդ ծրագրերը որքանո՞վ են նպաստել, կա՞ վիճակագրություն, որ ասենք, դիմում-բողոքների թիվը դրանց արդյունքում պակասել է: Ձեզանից այս կամ այն խավը ավելի գո՞հ է, թե՞ ավելի դժգոհ է»:

Պարոն Ասատրյանը պատասխանեց. «Ընտանեկան նպաստի միջոցների շուրջ 76 տոկոսն ուղղվում է ուղղակի աղքատներին, ինքը համարվում է բավականին լավ ցուցանիշ՝ տարածաշրջանի երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերի համեմատությամբ: Իսկ սա նշանակում է, որ սոցիալական պաշպանության ոլորտի հիմնական ծրագրերն իրենց առջեւ դրված խնդիրները կատարում են, այսինքն՝ ուղղվում են առաջին հերթին այն անձանց, ովքեր ունեն խնդիր: Գոհ կամ դժգոհ լինելը վերաբերում է մատուցվող ծառայությունների որակին: Այն աշխատանքները, որ հիմա տարվում են՝ ուղղված են հենց այդ որակի բարձրացմանը»:

ՀՀԿ պատգամավոր Արմեն Մխիթարյանը հետաքրքրվեց՝ կապված պատերազմի վետերանների այն արտոնություններից, որոնք վերացան. «Այսօր մոտավորապես արտոնությունը 5000 դրամի սահմաններում է տրվում: ՌԴ-ում 80-100 դոլար է, Կիրգիզիան, որ մեր նման երկիր է՝ 143 դոլարի չափով է: Լավ կլիներ ամեն տարի գոնե 1000 դրամի չափով ավելացվեին, որովհետեւ այդ մարդիկ առողջական խնդիրներ ունեն, սոցիալական խնդիրներ ունեն եւ այդ գումարը մեծ գումար չէ»: Սա ասվեց՝ 2013-ի բյուջեն քննարկելիս հաշվի առնելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930