Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. Դեռահասներին պետք է ճիշտ մատուցենք եւ ցույց տանք` որն է դրական, որը` բացասական

Սեպտեմբեր 28,2012 16:20

Այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցում ներկայացվեցին «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքները: Հայաստանում առաջին անգամ նման հետազոտություն իրականացվել է «Արաբկիր» ԲՀ-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ (2005-2007-ին): 2009-2011 թթ. անցկացված հետազոտություններին մասնակցել է 2833 դպրոցահասակ երեխա` Հայաստանի բոլոր մարզերից:

Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանն ասաց, որ դպրոցական տարիքը եւ դեռահասությունը (10-19 տարեկան) հասունացման, մեծ զարգացումների եւ փորձարկումների ժամանակաշրջան է: Ներկայումս աշխարհում դեռահասների շրջանում նկատվում են ֆիզիկական եւ հոգեկան առողջության շեղումներ, որոնք շատ դեպքերում, պայմանավորվում են անառողջ սննդային սովորույթներով, ցածր ֆիզիկական ակտիվությամբ, ծխախոտի, ոգելից խմիչքի եւ թմրանյութերի փորձարկումով, վաղ սեռական կյանքով եւ այլ վարքագծային խնդիրներով: Սարգսյանը կարծում է, որ շեղումները պետք է հայտնաբերվեն վաղ եւ ստանան բժշկական միջամտություն, հակառակ դեպքում` այդ հիվանդությունները կուղեկցեն տվյալ անձնավորությանը ամբողջ կյանքում. «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մեծահասակների շրջանում գրանցված վաղաժամ մահացության 2/3-ը կապված է դեռահասության տարիքում ձեւավորված առողջական վարքագծի հետ: Հետեւաբար, դեռահասների առողջությունը եւ նրանց վարքագիծը հանդիսանում են հանրային առողջապահության արդի խնդիր եւ պահանջում են շարունակական մշտադիտարկում եւ գնահատում»:
Պրոֆեսոր, «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանն ասում է, որ դեռահասները ամենաառողջ մարդիկ են, բայց այդ տարիքում գտնվում են ամենավտանգավոր շրջանում, քանի որ առաջին անգամ կարող են ծխել, ոչ պաշտպանված սեռական կապեր ունենալ, ալկոհոլ օգտագործել: Համոզված է, որ դրանք ապագայում կազդեն նրանց առողջության վրա. «Հարկավոր է ժամանակ առ ժամանակ ուսումնասիրություններ կատարել: Ամենամեծ դերը պատկանում է ընտանիքին եւ դպրոցին: Դեռահասները ավելի արագ են զարգանում քան նրանց մեծահասակ շրջանը: Նրանք ավելի արագ են տեղեկատվություն վերցնում, դրա համար պետք է մենք դա ճիշտ մատուցենք եւ ցույց տանք` որն է դրական, որը` բացասական»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930