«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է:
Նա կասկածվում է Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով։ Դրանք են` 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը` «յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով, կազմակերպված խմբի կողմից», 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով», ինչպես նաեւ 314-րդ հոդվածը` «պաշտոնեական կեղծիքը` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը»։
Ձերբակալվել են նաև նույն ծառայության վճարումների ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը, որը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար և նույն ծառայության կենսաթոշակային ապահովման և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, որը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացնելու կամ վատնելու, ինչպես նաեւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: