Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչը Երեւանում նոր շենքեր եւ հուշարձաններ է բացահայտում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2012 16:07

ՀՀ մշակույթի նախարարության սեպտեմբերի 29-30-ը կազմակերպած «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում մայրաքաղաքի եւ մարզերի պատմամշակութային հուշարձաններ եւ  հիսունից ավելի թանգարան կներկայանան շուրջ 110 միջոցառումով եւ հատուկ ներկայացումներով: Այս մասին, այսօր Եղիշե Չարենցի թանգարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը. «Եվրոպական ժառանգության օրերն» անցկացվում են ամեն տարի աշնանը՝ հիսունից ավելի եվրոպական երկրում: Միջոցառումը հասարակությանը հնարավորություն է ընձեռում ճանաչել եւ բացահայտել մշակութային ժառանգությունը եւ իրականացվում է Եվրախորհրդի եւ Եվրամիության հետ համատեղ՝ «Ճանապարհ» խորագրով: Խորագիրը բազմաթիվ իմաստներ ունի եւ կարող է ընկալվել որպես «Հոգեւոր ճանապարհ», «Գրական ճանապարհ», «Մետաքսի ճանապարհ»:

Փոխնախարարը հավելեց, որ «Մշակութային ժառանգություն» ֆեյսբուքյան էջը ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Մշակութային ժառանգություն՝ հնի եւ նորի ճանապարհ» եւ «Հուշարձանները մեր ընտանեկան ֆոտոալբոմում» խորագրերը կրող մրցույթներին:

Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա-Մարիա Զեհեի խոսքով՝ եվրոպական ժողովուրդներն ունեն հարուստ մշակութային ժառանգություն, որը պետք է հասանելի դարձնել հասարակությանը. «Այս ծրագիրը քաղաքային իշխանություններին կարծես զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել պատմամշակութային ժառանգությունը, որի առջեւ այսօր մի շարք մարտահրավերներ են դրված: Ծրագրի մասնակից Եվրամիության կոնվենցիան ընդունած երկրների ցանկում Հայաստանը հարուստ ներկայացուցիչ է: Ամեն օր զբոսնելով  Երեւանում՝ ինձ համար հետաքրքիր, եւ հին շենքեր ու հուշարձաններ եմ բացահայտում»:

Սիլվիա-Մարիա Զեհեն հավելեց, որ նախորդ տարվա «Եվրոպական ժառանգության օրերին» Էրեբունի պատմամշակութային արգելոց-թանգարանում ներկա է եղել սեպագիր արձանագրությունների ցուցահանդեսին. «Այդ նմուշները մարդկային գրավոր խոսքի առաջին վկայությունն են, եւ կարծում եմ՝ ցուցահանդեսի թեման դիպուկ էր ընտրված»:

Հանդիպման ընթացքում չարենցյան բանաստեղծությունների ասմունքով հանդես եկան Չարենցի անվան թիվ 67 միջնակարգ դպրոցի սաները:

Նշենք նաեւ, որ ծրագրին միացած բոլոր թանգարանների մուտքը սեպտեմբերի 29-ին և 30-ին անվճար է: Եղիշե Չարենցի տուն-թանգարանը կներկայանա «Չարենցի ստեղծագործական ուղին» ցուցահանդեսով եւ «Չարենցը՝ հավերժի ճամփորդ» բեմականացմամբ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930