Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստատեսությամբ ցուցադրվածը շատացնում է հանցագործությունների թիվը

Սեպտեմբեր 28,2012 15:57

Այսօր «Հեռուստատեսության դերը հանցավորության աճի հարցում» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոի» տնօրեն Արտաշես Ջավադյանը ողջունեց, որ վերջապես թեման քննարկում են գիտական հիմունքներով:

Ջավադյանը շեշտեց, որ «Փորձաքննությունների ազգային բյուրոն», որպես երկրի խոշորագույն քրեափորձագիտական կառույց, իր կազմում մի շատ կարեւոր կենտրոն ունի, որը կոչվում է քրեաբանության կիրառական հիմնախնդիրների կենտրոն, ինչն էլ հանցագործությունների դեմ պայքարի կարեւորագույն օղակներից մեկն է, որը զբաղվում է մի շարք հանցավորության տեսակների ծնող պատճառների, պայմանների ուսումնասիրությամբ եւ համապատասխան առաջարկությունների նախապատրաստմամբ ու ներկայացմամբ՝ իրավասու մարմիներին եւ կառույցներին:

«Կենտրոնը մեծ փորձ ունի տարբեր ուղղություններով կատարված հետազոտությունների ու այս հարցը եւս մեր ուշադրության կենտրոնում է: Հարցի կարեւորությունը նրանից է բխում, որ շատ դեպքերում հանրությունը տեղեկացված չէ, որ այդ պրոդուկցիայի՝ հեռուստատեսության, մասսայական լրատվամիջոցների արդյունքը ազդում է մատաղ սերնդի վրա: Հարկ եմ համարում ասել, որ դեռ մի բան էլ ուշացել ենք, խնդրին գիտական մոտեցումներ տալու հարցում: Խոսքը ոչ թե պետք է գնա, հեռուստաալիքներ փակելուն կամ վատաբանելուն, այլ զուտ գիտականին, այսինքն՝ թե որ պրոդուկցիան կոնկրետ ինչ հնարավոր պատճառներ կարող է առաջացնել, եւ դրանից ծնված ագրեսիան ինչ հետեւանքներ կարող է թողնել: Պետք է գտնել այն կետը, որտեղ մի կողմից ազատություն է, ցանկացած տիպի հաղորդում, ֆիլմ էլ է պետք , որ մարդիկ նայեն, զվարճանան, բայց մյուս կողմից էլ՝ ցույց տալ, որ դրանք ուղղակի վտանգավոր են»,- հավելեց Ջավադյանը:

ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանի խոսքով էլ ՝ չնայած հեռուստատեսության դերը մեծ է մեր կյանքում, բայց պետք է հաշվի առնել, որ շատ վարքագծային առանձնահատկություններ պայմանավորվում են հենց հեռուստատեսության ազդեցությամբ. «Հանցավորության դեմ պայքարի հիմնական կանխարգելիչ միջոցներից է՝ վեր հանել ծնող պատճառներն ու պայմանները, իսկ այն, որ կա պոտենցիալ, հեռուստատեսությունում կրիմինոգեն ֆոն ստեղծելու, դրա մասին երկու կարծիք չի կարող լինել»,- նշեց Ղուկասյանը:

Ներկայացվեցին նաեւ ՀՀ բնակչության շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները, որոնք առնչվում էին հեռուստատեսության՝ մասնավորապես հեռուստասերիալների, հաղորդումների դերին ու նշանակությանը եւ այլն: Մասնագետները ցույց տվեցին վերլուծություններ, որոնք առնչվում էին հեռուստասերիալներին: Նշվեց, որ օրինակ «Կյանքի գինը», «Եզրագծից այն կողմ», «Եղբայրներ» եւ մնացյալ այլ հայկական հեռուստասերիալներում գերակշռում է ագրեսիան, բռնությունը, սպանությունը, խրախուսվում՝ քրեական հեղինակությունների վարքն ու բարքը, հանցավոր կյանքն էլ ներկայացվում է ռոմանտիկ դրսեւորումներով: Իսկ ցուցադրվածը հեշտությամբ յուրացվում ու ընդօրինակվում է երիտասարդների կողմից:

Սոցհարցման արդյունքները ցույց էին տվել, որ ՀՀ քաղաքացիները այլընտրանք չունեն, իսկ հեռուստասերիալների հանդեպ բացասական տրամադրվածություն ունեն: Բայց այն, որ օրինակ երիտասարդների ու երեխաների կողմից սիրված «հեռուստատեսային դեմքերից» են «Վիտամին» ակումբի Գարիկն ու «Կարգին հաղորդման» տղաները՝ դա փաստ է, ու սա եւս վկայել է վերոնշյալ սոցհարցումը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930