ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ Վրաստանոմ ազատազրկման դատապարտված հայազգի Վահագն Չախալյանին ազատ արձակելու պահանջով Հայաստանի կառավարությունը անգործությամբ է զբաղված: «Չախալյանի նկատմամբ հետապնդումը, եւ 10 տարվա ազատազրկման դատապարտելը քաղաքական բնույթ է կրում, որովհետեւ նա ներկայացնում էր ջավախահայության խնդիրները: Մեր կառավարությունը այս անգործությունից պետք է դուրս գա եւ միջոցներ ձեռնարկի ազատելու Չախալյանին եւ այլ միջոցներ ձեռնարկի, որ մեր հայրենակիցների իրավունքները պատշաճ պաշտպանվեն Վրաստանում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Զ. Փոստանջյանը:
Նրան զարմացրել է, որ բանտում Չախալյանի նկատմամբ շարունակվող կտտանքները այդպես էլ արձագանք չգտան Հայաստանում անգամ մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Ասուլիսին ներկա «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանն էլ բացատրեց, Հայաստանի իշխանությունների լռությունը . «Եկեք հիշենք, որ 2008-ին Չախալյանն իր ընկերների հետ ենթարկվեց ֆիզիկական հարձակման ու օրերով մնաց հիվանդանոցում: Նրան, հազիվ կիսաապաքինումից հետո, իշխանությունները արտաքսեցին Վրաստան, ինչից կարճ ժամանակ անց ձերբակալվեց Վրաստանում: Մի իշխանություն, վարչակազմ, որ նման քայլի է գնում, ծիծաղելի է ակնկալել, որ նա օգտագործի այն լծակները, որ տիրապետում է Վահագնի իրավունքները պաշտպանելու համար»:
Կարդացեք նաև
Զ. Փոստանջյանն էլ հավելեց, որ Հայաստանը լռում է բոլոր հարցերում: Նրա համար անհասկանալի է, ինչու Հայաստանը չդիմեց մարդու իրավունքների եվրոպական դատարան, երբ Ադրբեջան գերի ընկած հայ հովիվը՝ Մանվել Սարիբեկյանը, Ադրբեջանի բանտում դաժանաբար սպանվեց. «Ակնառու նախադեպեր են, որ այստեղ իրավունք չունենք լռել, բայց տեսնում ենք, որ անգործության են մատնված: Եթե ունենայինք հարուցված գործ Ադրբեջանի, Վրաստանի դեմ, նրանք կսթափվեին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ