«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր ամփոփելով սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն՝ ասաց, որ հիմնական խնդիրը մնում է ընտրակաշառքը: «Ընտրական համակարգում կա անտեսանելի շերտ, որն ավելի վճռորոշ է ընտրական համակարգում»:
Պարոն Մակեյանը չի կիսում այն տեսակետը, թե ընդդիմությունը ընտրական համակարգում ձախողվել է, որովհետեւ ՏԻՄ ընտրություններում ակտիվ ներգրավվածություն չունի: «Ինչքան դժվար է ամբողջական իշխանությունը վերցնել, նույնքան դժվար է մեկ գյուղ, մեկ համայնք վերցնելը: Մեծ քաղաքների խնդիրը լուծվում է բարձրագույն իշխանությունների կողմից, նույնիսկ շատ հաճախ առաջին դեմքի մասնակցությամբ: Գյումրին ձեզ օրինակ: Կարող էին չէ՞ Վարդան Ղուկասյանին թույլատրել մասնակցել ընտրություններին, բայց այս դեպքում գործելու էր ուժային լծակներն ու զոռբայությունը եւ այս պարագայում Վարդան Ղուկասյանը հաղթելու էր Բալասանյանին: Բայց մեր իշխանությունները նախընտրեցին հանդարտ, իրենց համար անաղմուկ տարբերակը, որը աշխատեց»,- այսօրվա ասուլիսում հավելեց պարոն Մակեյանը:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, նա մտահոգություն հայտնեց, որ եթե ընդդիմությունը այլընտրանքային ուժային կենտրոն չձեւավորի, ապա. «Կունենանք չակերտավոր լեգիտիմ նախագահ: Այսինքն անաղմուկ ընտրվելու է վարչախմբի նախագահը, առանց նույնիսկ հետընտրական զարգացումների»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ