Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. «Որեւէ արտոնյալ բուժհիմնարկ կամ հիվանդանոցի տնօրեն չի լինելու»

Սեպտեմբեր 28,2012 14:29

Առողջապահության ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարողականը ազգային ժողովում ներկայացնելիս, առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր փաստեց, որ ստացիոնար ծառայություններին հատկացված գումարի 70 %-ը կենտրոնացվել է Երեւանում: Ինչն, ըստ նախարարի, հանգեցրել է նրան, որ մարզային բուժհիմնարկները անբավարար ֆինանսական միջոցների պատճառով չեն զարգացել, կադրերն էլ թողել- հեռացել են. «Այսօր Բերդ քաղաքում միայն մեկ գինեկոլոգ կա, արձակուրդ գնալիս ինձ խնդրել են, որ նրան փոխարինող գտնենք: Ամբողջ Վայոց ձորի տարածաշրջանում ընդամենը մեկ անեսթեզիոլոգ է սպասարկում, եթե Վայքի հիվանդանոցներում հանկարծ միաժամանակ վիրահատության կարիք լինի, չգիտենք՝ ինչ պետք է անենք»:

Նախարարը բյուջեի կատարողականը ներկայացրեց ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Դերենիկ Դումանյանի խոսքերով, նույն վիճակն է նաեւ անվճար ծննդօգնության սերտիֆիկատների պարագայում. 36 %-ը ծննդաբերել են մարզերում, իսկ 64 %-ը` մայրաքաղաքի բուժհիմնարկներում: Պարոն Դումանյանը չի բացառում, որ նման «ճեղքվածք» ունենալու դեպքում մարզային հիվանդանոցները փակվեն: Ուստի գտնում է, որ ոչ մի տարբերություն չպիտի լինի եւ բուժհիմնարկներին տրվող գումարները բաշխվեն հավասարաչափ, հատկապես` որ արդեն մարզերում շատ կլինիկաներ իրենց տեխնիկական հագեցվածությամբ չեն զիջում մայրաքաղաքի բուժհիմնարկներին:

Նիստին ներկա ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը նախարարին դժգոհեց բժշկական ծառայությունների որակից ու դեղերի անվերահսկելիությունից` վստահեցնելով, որ այսօր շուկայի դեղերի 80 %-ը կեղծ են կամ շատ դեղեր բացակայում են գրանցման հետ կապված բարդությունների պատճառով եւ այդ պատճառով մարդիկ ձգտում են իրենց դեղերն անպայման արտերկրից բերել: Ի պատասխան՝ Դերենիկ Դումանյանը նկատեց. «Նման բան չկա, պարոն Բադեյան, դուք որտեղի՞ց եք վերցրել, որ դեղերի 80%-ը կեղծ են: Անցյալ տարի հետազոտություն են արել եւ սահմանի վրա, եւ դեղատներում եւ կեղծ դեղեր չի հայտնաբերվել: Քանի որ դեղերի մասով մենք հիմնականում ներկրող երկիր ենք համարվում, ուզում ենք այնպես անել, որ դեղ ներկրողները ազատվեն ավելորդ խնդիրներից եւ քանի որ 3 տարին մեկ պետք է դեղը կրկին վերագրանցեն, ոմանք խուսափում են դա անելուց: Բայց պարտավոր ենք այնպես անել, որ անորակ ժամկետանց դեղեր չներթափանցեն մեր երկիր, սակայն առայժմ դրա դեմը չենք կարողանում առնել եւ, այսպես ասած, տոպրակային մեթոդներով դրանք ներկրվում են»:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, հիվանդանոցում հայտնվող հիվանդն այսօր բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնում` սկսած դեղերի բացակայությունից բուժհիմնարկներում, վերջացրած բժշկի կողմից ուղղորդված այս կամ այն դեղատնից դեղ ձեռք բերելուց: Տիկին Սարգսյանը պարոն Դումանյանից հետաքրքրվեց, թե ինչպես է պայքարելու այդ «արատավոր երեւույթի» դեմ:

Նախարարը այդ երեւույթներին մի մինուս էլ ավելացրեց. բժիշկ-լաբորատորիա-դեղատուն կապը. «Բժիշկը ուղարկում է այն լաբորատորիան, որի հետ, բնականաբար, հետվճարով ինքն աշխատում է, հետո զանգում ասում է, ենթադրենք` այսինչ մարդու շաքարն այսքան կասես, հետո ուղարկում են իրենց ուզած դեղատունը: Հիմա այդ հարցերով էլ ենք զբաղվում եւ եթե նման դեպքեր արձանագրենք, ես անձամբ դիմելու եմ դատարան՝ բուժաշխատողին պատասխանատվության ենթարկելու»: Պարոն նախարարը կոչ արեց ազգաբնակչությանը նման «շառլատանների» խորհրդին չհետեւել:

Ըստ պարոն Դումանյանի, այսուհետ «որեւէ արտոնյալ բուժհիմնարկ կամ հիվանդանոցի տնօրեն չի լինելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930