Շուրջ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում Երեւանի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում բացվեց Ռոդենի հեղինակած Ժյու Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:
Մաշտոց-Սայաթ-Նովա եւ Բաղրամյան պողոտաների խաչմերուկում տեղադրված 1 մետր 75 սմ բարձրության արձանը «անհասանելի» է թե երեւանցիների եւ թե հյուրերի համար:
Ժամանակին Ֆեյսբուք սոցիալական կայքում, Երեւանի քաղաքապետի էջում քանդակի տեղի անհարմար լինելու մասին բուռն քննարկումներ էին ծավալվել: Մի օգտատեր էլ գրել էր. «Այդ հրաշալի գործն անմատչելի է քաղաքացիների համար եւ մոտենալու, նայելու, զգալու ու սովորելու ոչ մի հնարավորություն չկա»: Ի պատասխան քաղաքացիների մտահոգության՝ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանն ասել էր, թե տեղափոխման հարցը քննարկվում է, սակայն առայժմ չի կարող նշել, թե երբ կորոշվի՝ «արձանը կտեղափոխվի՞, թե՝ ոչ»: Տիկին Սարդարյանը հայտնել էր նաեւ. «Ռոդենի քանդակի տեղի հարցը դեռեւս վերջնական չէ, քանի որ այն տեղադրվել է Ֆրանսիայի հրապարակում, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում՝ հրապարակի գեղարվեստական ձեւավորման համատեքստում»:
«Առավոտը» հաճախ է ստանում մտահոգություններ եւ առաջարկներ արձանը տեղափոխելու վերաբերյալ:
Խմբագրություն դիմած ճանաչված նկարիչ Վահրամ Հարությունյանի (Կուկ) հետ, ով Փարիզում «վայելել» էր նույն արձանը, որոշեցինք դիտել «երեւանյան» Ռոդենը: Նկարիչը զարմացած է. «Չեմ հասկանում, ինչու է արձանը բանտարկված: Այս չափսերի գործը նայում են իր չափսերից երեք անգամ մեծ հեռավորությունից: Պետք է հասկանալ, որ եթե երկիրն ունի Ռոդենի որեւէ գործ, դա խոսում է տվյալ երկրի ժողովրդի բարձր մշակույթի մասին: Ճիշտ տեղում չներկայացված այս գլուխգործոցը բերեց նրան, որ վերջերս Կասկադում տեղադրված Բոտերոյի «Ծխող կինը» աշխատանքը եւս միանշանակ չընդունվեց, ավելին՝ դարձավ անիմաստ խոսակցությունների թեմա»: Վահրամ Հարությունյանը ասաց նաեւ, թե անհարմար է զգում. համոզված է՝ Հայաստան այցելած ֆրանսիացին կարող է վիրավորվել, մտածելով, թե ինչպես են հայերն այդ անգին նվերին վերաբերվում:
Ռեպլիկին՝ այս հարցով դիմե՞լ են քաղաքապետարան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Նախկին քաղաքապետին՝ այո, ներկայիս քաղաքապետին՝ ոչ, քանի որ վստահ եմ. պարոն Մարգարյանը նշանակվելով քաղաքապետ, պետք է որ ծանոթ լիներ Երեւանի՝ դեռեւս լուծում չստացած խնդիրներին»:
Մոտենալով Ֆրանսիայի հրապարակում երթեւեկությունը կարգավորող կապիտանին, Վահրամ Հարությունյանը խնդրեց մոտենալ արձանին: Սպան հայտնելով, որ ամեն օր բազմաթիվ մարդիկ նման խնդրանքով են դիմում, կարգավորեց երթեւեկությունը՝ հնարավորություն տալով մոտենալ արձանին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ