Լրահոս
Օրվա լրահոսը

Հայհոյողներին զգուշացրել են

Սեպտեմբեր 28,2012 13:51

Սակայն բնակիչները համոզված են, որ միայն զգուշացումներով իրենց անդորրը չի վերականգնվի

Երեկ «Առավոտի» խմբագրություն են դիմել Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի բնակիչները, որոնց վրդովեցրել էր Երեւանի քաղաքապետարանի պատասխանը բնակիչների դիմումին: Կոմիտասցիների դժգոհություններին «Առավոտն» իր օգոստոսի 24-ի համարում անդրադարձել էր, որտեղ բնակիչները մանրամասն նկարագրել էին այն տանջանքները, որոնք տարիներ շարունակ քաշում են անմիջապես պատուհանի տակ տեղակայված կրպակների պատճառով: Նրանք մեր թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել էին, որ «քուն ու դադար չունեն», որ պատուհանի տակ գտնվող առեւտրի կետերի վաճառողները, հաճախորդները, հարեւանությամբ կանգ առած տաքսիների վարորդները ուշ ժամերի հավաքվում են, բարձր գոռգոռում, հայհոյում եւ չեն թողնում՝ մարդիկ քնեն, հանգստանան։ Բնակիչների խոսքերով՝ անգամ պատուհանները փակ վիճակում չեն կարողանում քնել: Նրանք քաղաքապետարանից պահանջել էին ժամը 24-ից հետո դադարեցնել այդ օբյեկտների գործունեությունը: Սակայն ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետ Ա. Եդոյանն ասել է. «Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի դիմաց տեղադրված կրպակների գործունեության հետեւանքով ձեզ պատճառված անհարմարության վերաբերյալ հայտնում եմ, որ նշված երեք կրպակներից երկուսը մամուլի կրպակներ են, երրորդ կրպակում զբաղվում են կարկանդակների, զովացուցիչ ջրերի, պաղպաղակի առեւտրով։ Նշված երեք կրպակները տեղադրված են շենքից 8 մետրից ավելի հեռավորության վրա։

Գործող կարգի համաձայն՝ մանրածախ առեւտրով զբաղվող Ա/Ձ Մուշեղ Տերյանի կողմից վարչական շրջանի ղեկավարից ստացվել են բացօթյա առեւտրի կազմակերպման եւ ժամը 24-ից հետո աշխատելու թույլտվություններ ընթացիկ ժամանակահատվածի համար»։

Թե այդ ժամանակահատվածը որքան է՝ քաղաքապետարանի պաշտոնյան իր պատասխանում ոչինչ չի հստակեցրել: Բնակիչների այն խնդրանքին էլ, որ տվյալ տաղավարները ապամոնտաժվեն, պարոն Եդոյանը նշել է. «Երեւան քաղաքում գտնվող ոչ հիմնական շինությունների ապամոնտաժումը ժամանակավորապես կասեցված է, եւ նշված տաղավարների հետագա տնօրինմանը վերաբերող հարցին առաջարկվում է անդրադառնալ Երեւան քաղաքում առկա ոչ հիմնական շինությունների գույքագրման ու հաշվառման արդյունքում դրանց հետագա գործունեության շարունակման մշակվելիք ծրագրերի շրջանակում։

Լրացուցիչ հայտնում եմ, որ նշված հասցեում գործունեություն իրականացնող տնտեսվարողները խստորեն զգուշացվել են՝ այսուհետ աշխատանքները շարունակել՝ պահպանելով առեւտրի իրականացման եւ սանիտարական պահանջները, պատշաճ եւ բարեկարգ վիճակում պահելով տաղավարների հարակից տարածքը»։

Սեփ. լր.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930