Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ադրբեջանցին տունը խլեց, Հայաստանում էլ՝ հայը

Սեպտեմբեր 28,2012 13:49

Պապոյանից խաբված փախստական Կարեն Առուստամովը ՀՀ նախագահից խնդրում է իր նկատմամբ մարդասեր լինել:

Արամի 72-80 հասցեի կիսակառույց շենքերի խաբված գնորդներից մեկն էլ Կարեն Առուստամովն է, որն, այսպես ասած, մի փորձանքից հազիվ փրկված՝ մեկ այլ փորձանքի մեջ ընկավ, փորձանքն էլ շենքի սեփականատեր հայտնի Գագիկ Պապոյանն է:

Հիշեցնենք, որ Պապոյանը Արամի եւ Բուզանդի փողոցներում կառուցվող էլիտար շենքերում մի բնակարանը մի քանի անձանց է վաճառել ու մեծ թվով քաղաքացիներից հափշտակել է 407 մլն 413 հազար դրամ: Եվ չնայած այս տարվա մարտին Պապոյանը ձերբակալվել է, սակայն խաբված քաղաքացիների սրտերը դրանից չի հովացել, քանի որ գործը իրավապահ մարմինների վարույթում է, եւ ինչպես տուժածներն են ասում՝ դեռ հարց է՝ ի  վերջո, իրենք ետ կստանա՞ն իրենց բնակարանները, թե՞ ոչ:

«Առավոտի» հետ զրույցում Կարեն Առուստամովը պատմեց, որ 2011 թվականին պայմանագիր է կնքել Պապոյանին պատկանող «Գապբնակշին» ընկերության հետ եւ 18 միլիոն 150 հազար դրամով ձեռք բերել բնակարան: Սակայն երբ հայտնի է դարձել, որ այդ շենքում բնակարանների կրկնակի, եռակի վաճառք է եղել, Առուստամովը փորձել է քննչական մարմիններից պարզել իր բնակարանի ճակատագիրը. «Ես տուժող եմ ճանաչված, բայց ինձ ոչ մի ստույգ պատասխան չեն տալիս՝ ոչ ասում են, որ այո, իմ բնակարանն էլ է վաճառվել, ոչ էլ ասում են՝ ոչ: Բոլոր իմ հարցերին պատասխանում են՝ գաղտնիք է: Ես հաշմանդամ մարդ եմ, բա չիմանա՞մ, թե  ընտանիքիս ինչ է սպասվում»:

Կարեն Առուստամովը մեկ անգամ էլ է կորցրել տունուտեղը. 1988 թվականին Բաքվի ջարդերից հազիվ հասցրել է ընտանիքը փրկել, բայց ինչպես ինքն է պատմում՝ եթե մի դեպքում իրեն տանիքից զրկել են թշնամիները, ապա սեփական հայրենիքում տնից-տեղից զրկվելը ավելի վիրավորական է ու ստորացուցիչ: Կարեն Առուստամովը թեեւ ժամանակին արտերկրում բավականին բարձր վարձատրությամբ աշխատանք է ունեցել, եւ բոլոր պայմանները եղել են՝ Եվրոպայում մշտապես հաստատվելու համար, սակայն ամբողջ ընտանիքով երկար տարիներ դրսում ապրելուց հետո վերադարձան հայրենիք՝ երեխաների համար այստեղ ապագա կառուցելու: Պարոն Առուստամովի խոսքերով՝ Պապոյանը քաղաքացիներին խաբել է որոշ պաշտոնյաների գիտությամբ, իսկ այսօր փաստորեն գնորդները նույնիսկ հույս էլ չունեն, որ գործն արդարացի կքննվի, եւ իրենք եթե բնակարանն էլ չվերադարձնեն, ապա գոնե փոխհատուցում կստանան:

«Առավոտի» խմբագրություն եկած Առուստամովը թերթի միջոցով դիմում է ՀՀ նախագահին, որպեսզի գործը քննելու ընթացքում հաշվի առնվի, որ նա մեկ անգամ արդեն բնակարան կորցրել է եւ այլեւս ի վիճակի չէ անտուն, անորոշ ճակատագրով ու «փախստականի» հոգեբանությամբ ապրել. «Հույս ունեմ, որ նախագահը մարդասիրական վերաբերմունք կցուցաբերի: Այդ խարդախությունների ու մեր աննկարագրելի ապրումների հետեւանքով իմ ընտանիքը ֆիզիկական եւ հոգեբանական ծանր վիճակում է: Սթրեսային վիճակի պատճառով ես եւ ընտանիքիս անդամները մշտապես հիվանդանոցների դռներն ենք ընկած: Ես սրտի կաթված եմ տարել եւ այսօր 2-րդ կարգի հաշմանդամ եմ, ընտանիքիս հետ Բաքվի ջարդերից հետո հազիվ ուշքի եկանք, հազիվ մեր վիշտը մխիթարվեց, բայց սեփական հողում էլի վշտի մեջ գցեցին: Էլ ինչքա՞ն դիմանանք»:

Գագիկ Պապոյանի խարդախություններից տուժածների թիվը մի քանի տասնյակների է հասնում, բայց կան նաեւ մարդիկ, որոնք այս պատմությունից դժվար թե վնասով դուրս գան:

Տուժող ճանաչված քաղաքացիներն ամիսներ առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀԿ գրասենյակի առջեւ, եւ շատերը նույնիսկ սպառնում էին ինքնահրկիզվել, եթե խնդիրն արդարացի ու շուտափույթ չլուծվի: Այս խարդախությունների համար խաբված քաղաքացիները մեղադրում են ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին, քանի որ հենց նա է Արամի 72-80 հասցեում 1 օրվա ընթացքում 30 բնակարան ձեռք բերել եւ իր բարեկամ-ծանոթների անուններով ձեւակերպել, ընդ որում, ըստ տուժածների՝ Հովհաննես Հովսեփյանը լավ էլ իմացել է, թե դրանք ինչ բնակարաններ են, եւ որ արդեն սեփականատերեր ունեն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930