«Առավոտի» բացառիկ հարցազրույցը՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ:
– Հարգելի պարոն Մանուկյան, Դուք արդեն 2 տարի է՝ պաշտոնավարում եք Հայաստանի դեսպանի պաշտոնում: Մինչ այդ եղել եք Հայաստանի վճռաբեկ դատարան նախագահ, ուստի մեր հարցերը վերաբերելու են իրավական բնագավառին: Հասցրե՞լ եք ծանոթանալ Վրաստանի իրավական համակարգին, իրավապահ մարմինների գործունեությանը: Ինչպիսի՞ն է այսօր Վրաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքը: Ի՞նչ արդյունքներ են արձանագրված վերջին տարիներին այս բնագավառում:
– Դատաիրավական բարեփոխումները Վրաստանում, ըստ էության, սկսվեցին 2005 թվականին, երբ իշխանության ղեկին էին արդեն նոր ուժերը: Նոր քաղաքական իշխանությունն առաջադրեց մի շարք խնդիրներ, որոնցից հիմնականը, սակայն, կոռուպցիան արմատախիլ անելու գերնպատակն էր: Առաջադրված խնդիրների շրջանակներում իրականացվեցին բավականին համարձակ եւ հետաքրքիր քայլեր, սակայն դրանց մեծ մասին չեմ անդրադառնա, քանի որ Հայաստանում եւս այդ հիմնական ինստիտուտները բարեփոխվել են գրեթե նույն տրամաբանությամբ: Առանձին հարցերում նույնիսկ մենք ավելի վաղ ենք հասել շոշափելի արդյունքների, մասնավորապես՝ դատական իրավաստեղծության կամ, այսպես կոչված, դատական նախադեպի ինստիտուտի կիրարկման տեսանկյունից:
Կարդացեք նաև
Շատ հետաքրքրական է վրացական փորձը հատկապես կոռուպցիայի վերացման, դատավարական առանձին ինստիտուտների ներմուծման եւ ոստիկանական համակարգի վերակառուցման ոլորտներում:
– Ի՞նչ լուծումներ են գտնվել դատարաններում եւ իրավապահ մարմիններում հատկապես կոռուպցիոն երեւույթները վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, պարեկային ոստիկանության ստեղծմամբ կարծես Վրաստանին հաջողվեց արմատախիլ անել կաշառակերությունը ոստիկանական համակարգում:
– Սկզբնական քայլերը եղել են շատ բարդ եւ ցավոտ: Նախ՝ դատարանների մասին: 2005 թվականից սկսած՝ առաջին երեք տարիների ընթացքում միայն 14 դատավորներ հեռացվել են եւ դատապարտվել կոռուպցիոն հանցակազմերով: Շատ բնորոշ առանձնահատկություն էր դատական համակարգի երիտասարդացումը եւ նոր կադրերով համալրումը, սկսած գերագույն դատարանի նախագահից, որը 32 տարեկանում է զբաղեցրել այդ պաշտոնը: Դատավորների միջին տարիքը 30-40 տարեկանն է: Դատական կորպուսը բարեփոխումների սկզբնական շրջանում թարմացվել է մոտ քառորդով: Սրա հիմնական նպատակը նախկին արատավոր պրակտիկայի վերացումն էր: Այս պայքարն իշխանությունները փորձեցին ամրապնդել դատավորների սոցիալական եւ նյութական երաշխիքներով: Գերագույն դատարանի դատավորների աշխատավարձը բարձրացվեց 400%-ով: Եթե 2005 թվականին առաջին ատյանի դատավորի նվազագույն աշխատավարձը 250 եվրոյի շրջանակներում էր, ապա ներկայումս 3000 լարիից (մոտ 1500 եվրո) ավելի է:
– Պարոն Մանուկյան, արդյո՞ք միայն կոռումպացված դատավորներին հեռացնելով եւ աշխատավարձերը բարձրացնելով հնարավոր է հասնել այդ արատավոր երեւույթի վերացմանը: Կարծես թե մեզ մոտ եւ՞ս բարձրացան աշխատավարձերը, ինչ որ պատասխանատվության մեխանիզմներ են գործում:
– Իհարկե, ոչ: Դրանք սոսկ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են:
Կարեւոր հայեցակարգային խնդիր է, թե արդյո՞ք հնարավոր է առանձին վերցրած դատական համակարգում վերացնել կաշառակերությունն ու հովանավորչությունը (ինչը կարող է ինքնին ազդել դրա հետ համագործակցող համակարգերի վրա), թե՞ դատաիրավական դաշտում գործող բոլոր համակարգերը պիտի զուգահեռ «մաքրվեն»: Վրացական փորձը հետաքրքրական է այնքանով, որ այս համակարգերը (դատարան, դատախազություն, ոստիկանություն) սկսեցին բարեփոխվել համահունչ: Հատկապես, շեշտադրումը ոստիկանական համակարգի վրա էր դրված: Բարեփոխումների բարդությունը կայանում էր նրանում, որ այդ ժամանակահատվածում հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում էական ազդեցություն ունեին «օրենքով գողերը», իսկ հասարակական մենթալիտետն այնպիսին էր, որ խրախուսում էր նման կյանքն ու «օրենքները»: Բնականաբար, այս համակարգին սերտաճած ոստիկանության բարեփոխումը ծանրագույն խնդիր էր:
Երկու տարվա ընթացքում ՆԳՆ-ից հեռացվեց 75-85 հազար մարդ: Տեղի ունեցավ ՆԳՆ կադրերի նորացում 88 տոկոսով: Ներքին գործերի համակարգը հիմնովին թարմացավ եւ մաքրման ենթարկվեց: Էականորեն կրճատվեց ՆԳՆ կազմը. նախկին ոստիկանութան, ազգային անվտանգության նախարարության, սահմանապահ դեպարտամենտի եւ արտակարգ իրավիճակների նախարարության հիման վրա ստեղծված նոր նախարարություն, որն այսօր ունի շուրջ 22000 աշխատակից՝ նախկին 80000-ի փոխարեն: Սոցիալական խնդիրների ավելացման տեսակետից թեեւ քայլը բավականին բարդ էր եւ համարձակ, սակայն բարեփոխումների արդյունքները ի չիք են դարձրել որեւէ կասկած դրա նպատակահարմարության վերաբերյալ:
Բարեփոխման արդյունավետությունը նաեւ պայմանավորված էր նրանով, որ դրանք կատարվեցին արագ եւ հիմնավոր: Մասնավորապես, պետավտոտեսչության համակարգը լուծարվեց մեկ օրվա մեջ եւ երկու ամսվա ընթացքում ստեղծվեց պարեկային ոստիկանությունը՝ աշխատանքի նոր հիմունքներով: Աշխատավարձը ոստիկանությունում եւ ամբողջ պետական ապարատում բարեփոխումների տարիների ընթացքում բարձրացավ մի քանի անգամ: Թաղային տեսուչներն ստանում են ամսական 400-500 ԱՄՆ դոլարին, հսկիչները՝ 600-1000 դոլարին, բաժնի պետերը եւ դետեկտիվները (քրեական հետախուզության ոստիկանները)՝ մինչեւ 2000 դոլարին համարժեք վարձատրություն: Սրան գումարվում է բժշկական ապահովագրությունը, զոհվելու եւ վնասվածքներ ստանալու դեպքում ապահովագրությունը, կան պարգեւատրումներ, որոնք կարող են լինել բավականին էական՝ կախված ծառայության տարիներից, կոնկրետ հանցագործությունների բացահայտումից եւ այլն:
Ուզում եմ ընթերցողի ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա. որ աշխատավարձերի բազմապատիկ բարձրացման համար լուրջ ֆինանսական աղբյուր էր ինքնին համակարգի կրճատումը: Այսինքն՝ զուտ մեխանիկական կրճատման հետեւանքով հնարավոր եղավ 3-4 անգամ բարձրացնել անձնակազմի աշխատավարձերը:
– Իսկ բացի կաշառակերության վերացումից, աշխատանքի այլ որակական փոփոխություններ տեղի ունեցե՞լ են:
-Ազատվելով իրենց եւ վերադասի համար ձախ եկամուտներ հայթայթելու պարտականությունից, ոստիկանությունը կարծես դարձավ ավելի «բարի»: Հաճախ խախտումների դեպքում ոստիկանները սահմանափակվում են նախազգուշացումով, շփումը մարդկանց հետ դարձել է ավելի սիրալիր, հասարակության մոտ վստահության մակարդակը ոստիկանի նկատմամբ մեծացել է: Նկատելի է կրիմինոգեն իրավիճակի փոփոխությունը: Նվազել է հանցավորության մակարդակը, հատկապես կենցաղային հանցագործությունների մասով: Օրինակ, եթե Թբիլիսիում նախկինում ամսական 30-40 մեքենաների գողություն էր արձանագրվում, այսօր տարեկան 3-4 նման դեպք է արձանագրվում:
Քրեական ոստիկանությունը ազատվել է նախաքննական եւ հետաքննական գործառույթներից: Քրեական գործերի հարուցման եւ կարճման գործընթացը մաքսիմալ հեշտացվել է, քննիչներ չկան, կան մի քանի աստիճանի դետեկտիվներ: Ոստիկանությունն իրավունք չունի քննել տնտեսական եւ ֆինանսական բնույթի հանցագործություններ: Այդ գործառույթը տրված է հատուկ մարմնին՝ ֆինանսական ոստիկանությանը:
Նախարարության հիմնական աշխատանքի մասը, որն առնչվում է քաղաքացիների հետ փոխհարաբերություններին՝ վարորդական իրավունքի տրամադրումը, մեքենաների գրանցումը դուրս են բերվել աութսորսինգի: Մեքենայի մաքսազերծումը, հաշվառման վերցնելը, փաստաթղթերի եւ համարի դուրս գրումը տեւում է մոտ 20 րոպե: Անցյալում են մնացել «գոլդ» համարանիշները, «միգալկաներ» են մնացել մի քանի հատուկ պետական մեքենաների վրա: Համարները տրվում են համակարգչի միջոցով: Կարելի է պատվիրել ցանկացած համար: Շնորհիվ այդ նոր համակարգի՝ անիմաստ են դարձել լիազորագրերը մեքենայի եւ գույքի ձեռք բերման եւ շահագործման համար: Երկու հոգի, առանց իրար տեսնելու, հեռակա կարող են իրագործել առք ու վաճառքի գործարքը՝ գտնվելով տարբեր քաղաքներում: Երբ լիազորագրի պահանջը վերացավ, շատերն անհանգստանում էին, որ դա կբերի մեքենաների հափշտակության աճին: Բայց ոստիկանության ակտիվ պայքարը թե կազմակերպված հանցավորության եւ թե մեքենաների առեւանգման դեմ, տվեց իր դրական արդյունքը:
– Արդյոք մեր հարեւանների մոտ դատաիրավական համակարգում այդքան իդեալական վիճա՞կ է: Չկա՞ն, արդյոք, հասարակությանը հուզող խնդիրներ այս ոլորտում: Չէ՞ որ մեր երկրում այս համակարգի գործունեությունը հասարակական դժգոհությունների հիմնական ոլորտներից է:
– Չի կարող ամեն ինչ իդեալական լինել, այն էլ այն հասարակություններում, որոնք նոր են սկսել ձեւավորել վարչական համակարգը եւ քաղաքացիական հասարակության գործիքները:
Չնայած վերը նկարագրված ձեռքբերումներին, հասարակական առանձին ինստիտուտներ եւ միջազգային որոշ կազմակերպություններ քննադատական մոտեցումներ են արտահայտում դատաիրավական համակարգի գործունեության նկատմամբ: Հիմնական դիտողությունները, որոնք այժմ ներկայացվում են Վրաստանի դատական համակարգին, վերաբերվում են դատարանի վրա արտաքին ազդեցության հնարավորությանը:
Եվրամիության հարեւանության քաղաքականության ամենամյա հաշվետվության համաձայն՝ հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ դատախազն առաջվա պես պահպանում է իր ամուր դիրքը, իսկ դատարանը ոչ բավարար չափով է անկախ: Որպես հիմնավորում նշվում է 2011 թվականի մեղադրական դատավճիռների բարձր ցուցանիշը՝ 98% (թեեւ 2010 թվականի համեմատությամբ մի փոքր ավելացել է արդարացման դատավճիռների ցուցանիշը): Նաեւ նշվում է, որ մեղադրական դատավճիռների եւ դաժան պատիժների ցուցանիշների բարձրացման հետեւանքով բարձրացել է պրոցեսուալ գործարքների կիրառման (դատավորական համաձայնություն) ցուցանիշը՝ 87% գործերով: USAID-ի կողմից ֆինանսավորվող հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի 2012թ. հունվարին հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ հասարակությունում շատերը համարում են, թե դատավորներն ընտրվում կամ նշանակվում են կախված իրենց հարաբերություններից կառավարության հետ եւ նրանից, թե որքանով են նրանք պատրաստ որոշումներ կայացնել ընդդեմ կառավարության շահերի: Հարցադրումներ են արվում նաեւ քրեական գործերի չբացահայտումների ծավալի շուրջ, ինչը բերում է երկարաժամկետ կալանքների: Միջազգային կազմակերպությունները խորհուրդ են տալիս շարունակել դատական համակարգի բարեփոխումները՝ դատարանի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ ապահովել քրեական իրավունքի հետագա լիբերալիզացիայի քաղաքականությունը՝ օգտագործելով Եվրախորհրդի փորձը եւ աշխատելով վերջինիս չափորոշիչների համաձայն:
Ի դեպ, Վրաստանի նախագահը քննադատներին հակադարձում է՝ ասելով, թե քաղաքացիների մեծամասնությունը դատարանի հետ գործ չի ունենում եւ դատարանի մասին կարծիքը մարդկանց մոտ հաճախ ձեւավորվում է բամբասող հեռուստաալիքների կամ թերթերի ասեկոսեների հիման վրա:
– Իմիջիայլոց, պարոն դեսպան, վերջին օրերին ականատես եղանք զարհուրելի տեսարանների, որոնք նկարահանված էին Գլդանիի բանտում: Կար նաեւ տեղեկություն այդ դատապարտյալների շարքում հայազգի քաղաքացու առկայության մասին: Ի՞նչ է սա նշանակում: Ինչպե՞ս կարելի է այս իրողությունը համադրել այն հաջողությունների հետ, որոնք արձանագրել են վրացական բարեփոխումները:
– Նախ՝ հայազգի դատապարտյալի մասին: Դեսպանությունն առաջին իսկ պահից սկսել է ճշտումներ անել եւ պարզաբանումներ պահանջել պաշտոնական խողովակներով, եւ հիմա սպասում ենք պատասխանի: Եթե պարզվի, որ անձը եղել է Հայաստանի քաղաքացի (ինչի հավանականությունը շատ աննշան է), մենք ամեն ինչ կանենք մեր քաղաքացու իրավունքների վերականգնման եւ շահերի պաշտպանության համար: Սակայն հորդորում եմ այստեղ չտեսնել որեւէ ազգային կամ այլ խտրականության ենթատեքստ, քանի որ խնդիրը կապված է եղել ընդհանրապես ազատազրկման վայրերում օրինականության եւ հումանիզմի սկզբունքների ոտնահարման հետ: Վրաստանի քաղաքական ղեկավարությունը շատ կտրուկ եւ հստակ վերաբերմունք արտահայտեց իրավիճակի վերաբերյալ, հայտարարեց կատարվածը անթույլատրելի եւ ամոթալի իրողություն եւ վճռականություն հայտնեց կարճ ժամանակահատվածում շտկել իրավիճակը եւ պատժել պատասխանատուներին: Տասնյակ մարդիկ հայտնվել են մեղադրյալի կարգավիճակում, պենիտենցիար համակարգի բազմաթիվ պաշտոնյաներ պաշտոնազրկվել են, միայն 2 նախարարներ դեպքի առթիվ հրաժարական ներկայացրին: Վստահ եմ, որ Վրաստանի քաղաքական վերնախավի շահերից չի բխում նման իրավիճակը, եւ այն շատ կարճ ժամանակահատվածում կշտկվի դեպի դրականը, հստակ գործողություններ կձեռնարկվեն ազատազրկման վայրերում օրինականության ամրապնդման ուղղությամբ:
– Իսկ ինչպիսի՞ հետաքրքիր դատավարական կամ քրեաիրավական լուծումներ են տրվել, որոնք կարող են նպաստել բուն դատական համակարգի գործունեության արդյունավետությանն ու անկողմնակալությանը: Չէ՞ որ առանց անկախ եւ արդյունավետ դատարանի շատ դժվար կլինի պահպանել ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների արդյունավետությունը:
– Ուշադրության արժանի նորամուծություններ կան արված քրեական դատավարության ոլորտում: Կարեւորագույն հայեցակարգային մոտեցումներից կարող եմ նշել ապացուցման ծանրությունը դատաքննության փուլ տեղափոխելը: Դատարանում տրված ցուցմունքները գերակայում են նախաքննության ընթացքում ձեռք բերվածների նկատմամբ: Երկու արդյունք է ապահովվում միաժամանակ. նախ՝ հնարավոր նախաքննական ճնշումների մոտիվացիան է վերանում, երկրորդ՝ էականորեն բարձրանում է դատաքննության դերը՝ որպես ապացույցների ձեռքբերման եւ հետազոտման հիմնական փուլ:
Էական նորամուծություն է քրեական ընթացակարգում դատավարական գործարքի (համաձայնության) ինստիտուտի ներմուծումը: Այս ինստիտուտը միանշանակ չի ընկալվում հասարակությունում, սակայն դրա ազդեցությունը մինչդատական քրեական վարույթի արդյունավետության վրա միանշանակ է:
– Ինչպիսի՞ն է անձամբ Ձեր՝ որպես Հայաստանի բարձրագույն դատական ատյանի նախկին ղեկավարի գնահատականը Վրաստանի դատական պրակտիկայի եւ դատարանների գործունեության արդյունավետության վերաբերյալ: Եթե Դուք լինեիք Վրաստանի բարձրագույն դատական մարմնի ղեկավարը, ապա ինչի՞ց այսօր կսկսեիք այդ ոլորտի բարեփոխումները:
– Որպես օտար երկրի դեսպան կոռեկտ չեմ համարում գնահատական տալ դեսպանընկալ երկրի իշխանության ճյուղերից մեկի գործունեությանը: Ես ձեռնպահ կմնամ այս հարցին պատասխանելուց:
Սակայն կասեմ, որ Վրաստանին հաջողվել է մի շատ կարեւոր բան. դատական, դատախազական եւ նախաքննական մարմինների գործունեության մեջ վերացել է կոռուպցիոն շարժառիթը՝ որպես գործողությունների եւ որոշումների կանխորոշիչ գործոն:
– Հայտնի է, որ հաստատված է ՀՀ իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագիրը: Ի՞նչ հետաքրքիր լուծումներ եք տեսնում այդ փաստաթղթում: Ինչպե՞ս եք այն գնահատում:
– Բավականին լուրջ եւ բազմաոլորտ փաստաթուղթ է: Ընդհանուր առմամբ համամիտ եմ ծրագրում արձանագրված մոտեցումներին: Ուղղակի կան հարցեր, որոնց վերաբերյալ ունեմ իմ առանձնահատուկ դիրքորոշումը:
Նախ, կարծում եմ՝ դատաիրավական համակարգի խորքային բարեփոխման եւ որպես վերջնանպատակ արդյունավետ եւ անկողմնակալ դատական համակարգ ձեւավորելու համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի բարեփոխումներ, որոնք հնարավոր կլինեն միայն սահմանադրական փոփոխությունների պարագայում: Վերցնենք թեկուզ Վճռաբեկ դատարանի՝ բարձրագույն դատական ատյանի ձեւավորման կարգը: Այդ կարգը պետք է նախ համահունչ լինի ատյանի սահմանադրական իրավասության էությանը, եւ երկրորդ՝ պետք է լինի բալանսավորված՝ համարժեք սահմանադրական կարգավիճակ ունեցող ատյանների ձեւավորման մեխանիզմների հետ համադրության մեջ: Խոսքս վերաբերում է գործընթացին առաջնային մանդատով օժտված երկու սուբյեկտների պարտադիր մասնակցությանը:
Երկրորդ, ոչ պակաս կարեւոր հարցադրում է Վճռաբեկ դատարանի սահմանադրական առաքելության իմաստավորումը: Վճռաբեկ դատարանի սահմանադրական միակ առաքելությունն օրենքի միատեսակ կիրառության ապահովումն է: Ու թեեւ Սահմանադրությունը օրենքով հնարավորություն է տալիս սահմանել ՎԴ լիազորություններ, սակայն դրանք բացառապես պետք է բխեն նրա սահմանադրական կարգավիճակից եւ նրա սահմանադրական միակ առաքելության տրամաբանությունից:
Ուզում եմ անդրադառնալ նաեւ իրավաբանական համայնքի համախմբման եւ այդ մասնագիտական հանրությանը միասնական շունչ տալու խնդրին: Կարծում եմ՝ ժամանակն է Հայաստանում անցում կատարել մեկ միասնական իրավաբանների միության ստեղծման գաղափարին, որը կդառնա եզակի եւ հզոր մասնագիտական միավորում: Այս միությունը կարող է դառնալ դիպլոմավորված մասնագետների համար բացառիկ խողովակ դեպի իրավաբանական պրակտիկա (դատախազական, փաստաբանական, քննչական գործունեություն) եւ հետագա դատական կարիերա: Արդյունքում ավելի կառուցողական փոխըմբռնման մթնոլորտ կարող է ձեւավորվել դատարանների, փաստաբանների եւ դատախազների միջեւ, առավել արդյունավետ կդառնան մասնագիտական ուսուցման եւ վերապատրաստման համակարգերը, եւ որ ոչ պակաս կարեւոր է՝ կձեւավորվեն մասնագիտական էթիկայի եւ դրա վերահսկողության ընդհանուր չափանիշներ եւ կանոններ:
Հարցազրույցը վարեց
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ