Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը վճարում է նաեւ Հայաստանի փոխարեն

Սեպտեմբեր 28,2012 13:24

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ՝ Հայաստանը որպես դաշնակից կորցնելու դեպքում Ռուսաստանը կարող է կանգնել Ռուսաստան կորցնելու խնդրի առջեւ: Ներկայացնում ենք հատվածներ տարածաշրջանի ռազմաքաղաքական մարտահրավերների շուրջ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի եւ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Դեմ առ դեմ» բանավեճից:

Լեւոն Մելիք-Շահնազարյան- Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա կատարի Արցախի Հանրապետության դեմ, ՀԱՊԿ-ի միջամտության կարիքը չի լինի: Հայկական բանակն ի վիճակի է այդ հարցերը լուծել սեփական ուժերով: Ուրիշ հարց՝ եթե մեր մյուս սահմաններում ոտնձգություններ լինեն Հայաստանի ամբողջականության, պետության դեմ: Այդ դեպքում, իհարկե, ՀԱՊԿ-ը, համենայնդեպս՝ ռուսական մասը, կարձագանքի: Բայց Արցախում այդ միջամտությունը նույնիսկ կարելի է ասել՝ կխանգարի մեզ:

Դավիթ Ջամալյան- ՀԱՊԿ-ի ներսում կան փոխադարձ շահեր: Եվ հայ-ռուսական հարաբերությունները նաեւ ՀԱՊԿ-ը ամրապնդող գործոն են, որովհետեւ կառուցված են փոխշահավետ համագործակցության հեռանկարի շուրջ: Եվ ագրեսիայի հնարավոր էսկալացիայի դեպքում մենք պետք է ռեալ օգնություն ակնկալենք ավելի շատ հայ-ռուսական դաշնագրի համատեքստում: Իհարկե, կարող են եւ այլ անդամների կողմից լինել հայտարարություններ, գործնական առումով այս կամ այն չափով արդյունավետ քայլեր, բայց հայ-ռուսական դաշինքի համատեքստում այդ օժանդակությունն ավելի գործնական տեսք կունենա: Արդեն իսկ ունի: Օրինակ՝ մենք հաճախ ենք լսում հոռետեսական կանխատեսումներ Ադրբեջանի ուռճացված ռազմական բյուջեի եւ այն մասին, թե ժամանակը հօգուտ Ադրբեջանի է աշխատում: Այո, Ադրբեջանը ռեսուրսներ ունի, բայց հարցն այն է, թե ինչպես ենք մենք այդ ամենին հակազդում, եւ հենց այս առումով ՀԱՊԿ-ի, հատկապես հայ-ռուսական դաշինքի էֆեկտիվությունն ակնհայտ է: Որովհետեւ, եթե իրենք իրենց ահռելի միջոցները ծախսում են՝ ձեռք բերելու համար սպառազինություն, մենք ՀԱՊԿ-ի եւ հայ-ռուսական դաշինքի շրջանակներում մի քանի անգամ ավելի մատչելի գներով ձեռք ենք բերում արդյունավետ սպառազինություն: Եվ փաստորեն, նրանց ռազմական բյուջեն, որը հաճախ նաեւ քարոզչական նպատակներով ադրբեջանական կողմն ուռճացնում է, որակական առավելության չի բերում հենց այդ պատճառով: Մեր հակընդդեմ քայլերը հավասարակշռում են իրավիճակը:

Լ. Մ-Շ.- Ինչ-որ չափով Ադրբեջանը, կարելի է ասել, վճարում է նաեւ մեր փոխարեն: Այն գները, որով Ադրբեջանն է զենք գնում, եւ այն գները, որոնցով մենք ենք սպառազինություն ձեռք բերում, այդ տարբերությունն Ադրբեջանը լրացնում է իր բյուջեից:

«Առավոտ»- Ստացվում է, որ ՀԱՊԿ-ից մեր առաջնային շահը մատչելի գներով սպառազինություն ձեռք բերելու հնարավորությո՞ւնն է:

Դ. Ջ.- Ոչ միայն դա:

Լ. Մ-Շ.- Այդքան պարզեցնել այդ հարաբերությունները չի կարելի: Կարծիք կա, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում ՀԱՊԿ միջինասիական երկրները չեն մասնակցի: Ոչ, կմասնակցեն: Առաջինը նրանց դրոշը կլինի այստեղ: Դա կարեւոր է: Երկրորդը՝ այդ պետություններն առաջարկելու են կամավորական դասակներ: Թեեւ փոքր, բայց դրանց կազմում կլինեն այդ միջինասիական երկրներում ապրող հայեր, որոնք կկռվեն Հայաստանի համար, բայց՝ այդ երկրների դրոշի ներքո: Դա եւս քաղաքական առումով շատ կարեւոր է:

«Առավոտ»- Որոշ փորձագետների գնահատմամբ՝ ՀԱՊԿ զորավարժություններն ավելի շատ պետք էին Ռուսաստանին, քան Հայաստանին: Կիսո՞ւմ եք նման տեսակետը:

Լ. Մ-Շ.- Մենք Ռուսաստանին պետք ենք ոչ պակաս, քան Ռուսաստանը՝ մեզ: Եվ ոչ միայն ռազմական հարցերում: Եթե վերցնենք մեծ՝ ռազմավարական տեսանկյունից, դա այդպես է, եւ մեր արտաքին քաղաքականությունը դա պարտավոր է հաշվի առնել:

Դ. Ջ.- Մենք մեր մեջ պետք է այդ «փոքր եղբոր» բարդույթը կոտրենք, որովհետեւ մենք անդամակցել ենք ՀԱՊԿ-ին, հայ-ռուսական դաշինքին՝ մեր կենսական շահերից ելնելով: Եվ նշանակության առումով մենք հավասարազոր գործընկերներ ենք: Իհարկե՝ ռեսուրսների, շահերի մասշտաբի առումով հավասարություն չի կարող լինել հայ-ռուսական հարաբերություններում:

«Առավոտ»- Այդ դեպքում ո՞ր նշանակության մասին է խոսքը:

Դ. Ջ.- Այն նշանակության, որը մենք ունենք Ռուսաստանի համար, նրանք էլ՝ մեր: Որովհետեւ թեեւ մենք փոքր ենք եւ սահմանափակ ռեսուրսներ ունենք, բայց մեր աշխարհագրական դիրքով շատ կարեւոր երկիր ենք տարածաշրջանում: Եվ եթե մենք հայ-ռուսական հարաբերություններում որպես դաշնակից հանդես չգանք, Ռուսաստանը շատ կորցնելու բան ունի:

Լ. Մ-Շ.- Ռուսաստանը Ռուսաստան կորցնելու խնդիր ունի:

«Առավոտ»- Արդյոք չե՞ք չափազանցում Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար: Եթե մենք այդքան կարեւոր եւ նշանակությամբ հավասարազոր դաշնակից ենք Ռուսաստանի համար, այդ դեպքում, օրինակ, ինչո՞ւ Ռուսաստանը ներեց Ղրղըզստանի կես միլիարդանոց պարտքը, ինչը չի արվել եւ չի արվում Հայաստանի դեպքում:

Լ. Մ-Շ.- Դա Հայաստանի մեղքն է, ոչ թե Ռուսաստանի: Եթե մենք չենք կարողանում պաշտպանել մեր շահերը, ապա մեր ցանկացած բարեկամ կամ եղբայր օգտվում է մեր թույլ պահվածքից:

«Առավոտ»- Հատկապես սաֆարովյան գործարքից հետո ակտիվացան պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները: Ներկայումս որքանո՞վ է մեծ նման վտանգը:

Դ. Ջ.- Պատերազմի վերսկսման համար Ադրբեջանը պետք է վստահ լինի մեր հանդեպ իր ռազմական գերազանցության մեջ: Ցանկացած չեզոք ռազմական փորձագետ կարող է ասել՝ նման գերազանցություն Ադրբեջանը չունի: Համենայնդեպս՝ որակական գերազանցության մասին խոսք լինել չի կարող: Այն, ինչին ձգտում է Ադրբեջանը՝ կայծակնային պատերազմ ու արագ հաղթանակ, դա ֆանտաստիկայի ոլորտից է: Խոսքը առավելագույնը կարող է լինել ինչ-ինչ զինատեսակներում քանակական առավելության մասին: Բայց այդ ամենին մենք հակադրում ենք ասիմետրիկ հակազդման ռազմավարություն՝ ընտրելով այնպիսի միջոցներ, որոնք չեզոքացնում են վտանգը, սակայն նույնական չեն թշնամու միջոցների հետ: Այսինքն՝ խոսքը Ադրբեջանին այնպիսի հարված ու վնաս հասցնելու մասին է, որի ֆոնին նրա հնարավոր ձեռքբերումները կարժեզրկվեն: Մենք այդպիսի զինատեսակներ ունենք:

Լ. Մ-Շ.- Եթե հարցը մնա միայն Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ես պատերազմ չեմ սպասում: Բայց խնդիրն այն է, որ պատերազմը կարող է սկսվել մեր հարեւան պետություններում եւ ընդգրկել ամբողջ տարածաշրջանը: Դրա վտանգը ես իսկապես տեսնում եմ, ավելի շատ՝ Իրանի շուրջ: Իսկ զուտ հայ-ադրբեջանական պատերազմն ինձ ավելի քիչ է մտահոգում, եւ գուցե՝ ինչքան շուտ՝ այնքան լավ, որովհետեւ ադրբեջանական բանակը գնալով թուլանում է:

Բանավեճը վարեց ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Տարածաշրջանի ռազմաքաղաքական մարտահրավերների շուրջ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի եւ Լեւոն Մելիք-Շահնազարյանի «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930