Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոխազ չեն, գիշատիչ են

Սեպտեմբեր 28,2012 13:09

Թերահավատությունը, որը դրսեւորում է հասարակությունը նախագահի ձեռնարկած վերջին քայլերի նկատմամբ, բնական է՝ ինչո՞ւ հիմա, ոչ թե, ասենք, 2-3 տարի առաջ: Իսկապես որ՝ ինչո՞ւ, այդ հարցը ես էլ եմ տալիս եւ իշխանության ներկայացուցիչներից անկեղծ պատասխան չեմ ստանում՝ «մենք հիմա չէ, որ դա անում ենք, մենք միշտ, ամենուրեք» եւ այլն: Իրականում անցյալում մենք տեսել ենք Հովհաննես Թամամյանի եւ Մարգար Օհանյանի «դեպքերը»՝ ինչ խոսք, շատ դրական է, որ նրանք նստած են, բայց ոստիկանությունում շարունակում են ծառայել նրանց նման տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս անգամ, սակայն, մոտեցումը, կարծես թե, ավելի համակարգային է:

Իհարկե, այդ ամենը պետք էր սկսել 2008 թվականին: Բայց հաշվի առնենք «մարտի 1-ից» հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ լարվածությունը ոչ միայն քաղաքական էր, այլեւ հասարակական: Այդ մթնոլորտը փոխելու համար անհրաժեշտ եղավ մոտ երեք տարի՝ չնայած այստեղ էլ, կարծում եմ, կարելի էր ավելի արագ գործել: Հետո եկան խորհրդարանական ընտրությունները. անկախ նրանից, թե ինչպես են դրանք ընթացել, արդյունքը պետության տեսակետից բավականին օպտիմալ է՝ իշխանությունը, պահպանելով իր դիրքերը, ձեռք բերեց պաշտոնական, պառլամենտական մակարդակում մեղմ ընդդիմախոսներ՝ ի դեմս «Բարգավաճի», եւ արմատական ընդդիմախոսներ՝ ի դեմս ՀԱԿ-ի: Որքան սուր լինեն հարցադրումները, այնքան լավ, այնքան պաշտոնյաներն ավելի զգաստ կլինեն: Ի դեպ, իզուր է Կոտայքի մարզպետը զարմանում կամ զայրանում՝ իրեն վստահված են բյուջեի, հարկատուների փողերը, եւ այդ գումարների ամեն մի կոպեկի համար նա պարտավոր է անձամբ հաշվետվություն տալ խորհրդարանին՝ դա է ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկը:

Խոսքն, ի վերջո, հենց ժողովրդի փողերի մասին է. այդ գումարները մեզնից պետք է հավաքվեն՝ մեզ ծառայեցնելու համար: Իրականում դրանք հաճախ ծառայում են հղփացած եւ լկտի բարձրաստիճան պաշտոնյաներին: Նրանք առանց այդ էլ աղքատ մարդիկ չեն՝ «մտած են» տարբեր բիզնեսների մեջ, եւ այդ փաստով էլ հետագայում անհրաժեշտություն կառաջանա զբաղվելու: Բայց բիզնեսները նրանց չեն բավարարում, եւ նրանք ձեռք են գցում նաեւ բյուջեին: Տրամաբանական է, որ կառավարությունում ընդհանուր խոսակցությունից հետո նախագահը սկսեց բանակից՝ այն գեներալները, ովքեր գողանում են մեր սահմանին կանգնած զինվորներից, պետք է դատապարտվեն շա՜տ երկար տարիների ազատազրկման: Պակաս կարեւոր չէ շինարարությունը՝ գործարարները պնդում են, որ ՉԿԱ պետության կողմից պատվիրված որեւէ շինարարություն, որտեղ նախարարությունը կամ մարզպետարանը 10 տոկոսանոց «ատկատ» չի ուզում: Նույնպիսի մի «օբյեկտ» է առողջապահության նախարարությունը. եթե, ըստ ֆինանսների նախարարի, մեկ գնման գինը կարող է տատանվել կես միլիարդ դրամով, ապա հասկանալի է, թե քանի հազար սոցիալապես անապահով մարդ է զրկվում բուժօգնությունից:

Վստահ եմ, որ կլինեն նոր պաշտոնանկություններ եւ ձերբակալություններ: Գուցե դրանց «զոհերին» կանվանեն «քավության նոխազ»: Բայց պետք չէ կոռումպացված չինովնիկներին համեմատել այդ անմեղ կենդանիների հետ: Նրանք այծ չեն՝ իսկական գիշատիչ են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930