Այսօր մեկնարկեց «Արմենպրես» հայկական լրատվական եւ բրիտանական հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունների համատեղ հայ ֆոտոլրագրողների վարպետության դասընթաց-սեմինարը:
«Արմենպրես» -ի տնօրեն Արամ Անանյանի խոսքով՝ նախաձեռնությունը հետաքրքիր է.
«Առաջիկա 2 օրերի ընթացքում Հայաստանում աշխատող ժուռնալիստ-լուսանկարիչները հաղորդակցվելու են միջազգային փորձի հետ, քննարկվելու են այն նորույթները, որ կա լրագրության դաշտում, հասկանալու ենք, թե ինչպես են շարժվում աշխարհին համընթաց, ինչ միտումներ ենք որդեգրում եւ ինչով ենք առաջ ընթանում: Մենք՝ լրագրողներս, հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում մրցունակ լինելու համար պետք է պահպանել լրագրողական ստանդարտները, սեմինարի նպատակն էլ հենց դա է՝ օգնել, որպեսզի աշխատենք աշխարհին հասկանալի չափանիշով»:
Մեդիա մենեջեր Մարիա Ֆիլատովան նշեց, որ այն կազմակերպությունները, ովքեր աշխատում են իրենց հետ, նպատակ ունեն միմիայն համագործակցել.
«Ֆոտոսեմինարներ Հայաստանում առաջին անգամ ենք կազմակերպում եւ նպատակ ունենք տարբեր լրագրողներին ծանոթացնել Ռոյթերի դպրոցի հետ: Արագ համագործակցության շնորհիվ գտանք ընդհանուր գծեր եւ պլանը իրականացավ: Հրավիրել ենք այն մարդկանց, ովքեր անմիջական կապ ունեն լրագրության հետ եւ հույս ունենք, որ կծանոթանաք որակյալ նկարների հետ»:
ԱՊՀ երկրներում «Ռոյթերս» ֆոտոծառայության պետ Գրիգոր Դուկորի պնդմամբ՝ սա դպրոց չէ, այլ պարզապես սեմինարներ, որի ընթացքում կքննարկվեն, թե ինչպիսի մոտեցում պետք է ցուցաբերել ու ինչպես որակյալ նկարել տվյալ իրադարձությունը:
«Նկարին նայելով անհրաժեշտ է ամբողջ պատմությունը հասկանալ, կարեւոր է պատկերը փոխանցել ու օպերատիվ լինել, հին ֆոտոնորությունը եւ լուրը ոչ մեկին անհրաժեշտ չեն »:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ