

2011 թ. դեկտեմբերի 28-ից, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ու հովանավորությամբ, սկսվեցին «Դինամո» ՄՀԿ մասնագիտացված մարզադահլիճի հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքները: Եվ ահա, մարզական օջախը, ուր հաճախում է շուրջ 700 երեխա, որտեղ իրենց մարտական ու ֆիզիկական պատրաստականությունն են կատարելագործում ավելի քան 500 ոստիկան, որտեղ մարզվել են օլիմպիական չեմպիոններ Իգոր Նովիկովը, Օգսեն Միրզոյանը, Հրաչյա Պետիկյանը, ինչպես և այլ աշխարհահռչակ մարզիկներ, կրկին իր դռները բացեց մարզասեր հասարակության առաջ:
Բացման արարողությունից հետո Վլադիմիր Գասպարյանը շրջեց մարզադահլիճներում, ծանոթացավ մարզումների նոր ու հարմարավետ պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ:
Հանդիսության ավարտին ոստիկանության պետի հրամաններով` ոստիկանությանը ցուցաբերած աջակցության համար «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ հիմնադիր նախագահ Աբրամ Ամիրխանյանը և ՀՀ վաստակավոր մարզիչ Հարություն Խաչատրյանը պարգևատրվեցին «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով, իսկ հունահռոմեական ոճի ընբշամարտի մասնագիտացված մարզադահլիճն անվանակոչվեց Հարություն Խաչատրյանի անունով:
Սպորտի նվիրյալ մի շարք դինամոյականներ արժանացան պատվոգրերի:
ՀՀ ոստիկանություն