Ոստիկանական համակարգին հրաժեշտ տալու առթիվ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ինքը համակարգի հազարավոր աշխատակիցներից առանձնացել է նաեւ նրանով, որ անմիջականորեն շփվել է ժողովրդի հետ։
«ՉԻ» – Թե ինչ է նկատի ունեցել պրն Մելքոնյանը (նույն ինքը՝ Բազազը) «ժողովրդի հետ անմիջական շփում» ասելով՝ դժվարանում ենք ասել, բայց այդ «շփումներից» հետո տասնյակ ցուցարարներ կապտուկներ են ստացել կամ բերման ենթարկվել ոստիկանական բաժանմունքներ։ Ինչեւէ, անցածն անցած է. մարդն ընդամենը հրաման էր կատարում ու մյուսների համեմատ դեռ մի բան էլ ավելի հանդուրժող էր։
Ի դեպ, լավ է, որ պրն Մելքոնյանը ֆեյսբուքով շփվում է հասարակության հետ եւ նույնիսկ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնում իր հասցեին քննադատություններ հնչեցնողների հետ։ Սա նույնպես հասկանալի է. նա աշխատանքի բերումով տարիներ շարունակ ներկա է եղել ընդդիմության հանրահավաքներին ու երիտասարդների կազմակերպած ակցիաներին։ Փաստորեն, այդ ամենը բարերար ազդեցություն է ունեցել նրա վրա, այնպես որ՝ մեզ մնում է միայն հաջողություններ մաղթել նախկին ոստիկանին:
«Չորրորդ ինքնիշխանություն»