Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահական ընտրությունների հարթակը մնացել է իշխող ուժին եւ մյուս դոմինանտ ԲՀԿ-ին

Սեպտեմբեր 28,2012 10:31

Անդրադառնանք, որ սեպտեմբերը վերջանում է, սակայն նախագահի մյուս թեկնածուների առումով դեռեւս ակտիվություն չկա: Նկատենք, որ եթե նախագահական ընտրությունները փետրվարին են, ու դրանից հանենք մեկ ամիս` դեկտեմբերի 15-ից մինչեւ հունվարի 15-ի նոր տարվա շրջանը, ապա նախագահական ընտրություններին մնացել է ուղիղ երեք ամիս, այդ իմաստով` իսկապես որ զարմանալի է հստակեցումների պակասը: Ոմանք սպասում էին սեպտեմբերի 21-ին, քանի որ ավանդաբար ՀԱԿ առաջնորդն այդ օրն ինչ-որ որոշակիացում անում է, բայց սեպտեմբերի 21-ն անցավ, ու հանկարծ բոլորը հասկացան, որ հավանաբար ինչ-որ ստվերային գործընթացներ կան, որոնք դեռեւս չեն ավարտվել, այդ պատճառով ոչ ոք դեռ ոչինչ չի ասում:

Ընդդիմության միասնական թեկնածուի մասին խոսակցությունները, եթե ժամանակի առումով նայենք, այդ իմաստով պարզապես անլուրջ են: Նախապես միասնական ընդդիմություն պետք է լիներ մինչեւ հիմա, որ նախագահի միասնական թեկնածու լիներ, ու դա պետք է որեւէ ընտրությունից գոնե մի հինգ ամիս առաջ լինի:

Ուրեմն` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինքը երեւի գիտակցում է, որ չի կարող այլեւս ոչ միայն միասնական թեկնածու լինել, այլեւ անգամ առաջադրվել: ՀԱԿ-ը նորանալու խնդիր ունի, քանի որ ի՞նչ է ՀԱԿ-ը` կուսակցությունների միավորո՞ւմ, կուսակցությո՞ւն, ովքե՞ր են նրա դեմքը, արդյո՞ք այդ մի քանի պատգամավորը խորհրդարանում, որոնք, միեւնույն է, իրարից խիստ առանձնակի գործունեություն են ծավալում, նրանցից ամեն մեկը փորձում է աչքի ընկնել իր գիտելիքներով ու նախաձեռնություններով, բայց ընդհանուր` միասնական մոտեցումներով հատկապես չեն փայլում: Այսինքն` հենց ՀԱԿ-ը պետք է վերակառուցվածքավորվի (կամ կազմաքանդվի), նոր լիդեր հասունացնի, եւ այդ լիդերի հասունացումը դեռ ընթանալու է երկար ու ցավագին. համենայն դեպս խորհրդարանում հայտնված դեմքերի մեծ մասի հետ մեր հասարակությունը ոչ լավ հիշողություններ է կապում, ու նրանց մեջ դրականորեն առանձնանում է Նիկոլ Փաշինյանը: Տողերիս հեղինակը Նիկոլ Փաշինյանից խորհրդարանում սպասում էր առավելաբար պոպուլիզմ, մինչդեռ տեղի ունեցած երկու նիստերը բացահայտեցին իսկապես ըստ էության աշխատող պատգամավորի, այնպես որ ՀԱԿ-ում ուզեն-չուզեն, բնական ընտրություն է կատարվելու, իսկ դրա համար ժամանակ է պետք լինելու: Հին լիդերն այլեւս պատմություն է, նորը դեռ չկա (կապ չունի արտահոսքը, թե ՀԱԿ-ում որոշել են, որ Լեւոն Զուրաբյանն է առաջադրվելու, եթե Ծառուկյանը չառաջադրվի ու նրան չպաշտպանեն), ստացվում է, որ այստեղ այլեւս պատրաստ չեն նախագահական ընտրությունների:

ՀՅԴ-ն դեռ չի կողմնորոշվել, եւ կարծեմ առիթ ունեցել ենք ասելու, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը պաշտպանելու ենթադրությունները մենք չենք ընդունում, էլ չասած, թե ընդդիմության միասնական թեկնածու լինելն արդեն իսկ անհավանական է Ր. Հովհաննիսյանի դեպքում: Թեեւ վերջերս էլ արտահոսք եղավ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են ու խոսել ընտրություններից: Իսկ բուն` Ր. Հովհաննիսյանի վերջին նամակը, ուղղված Սերժ Սարգսյանին` ցույց է տալիս, որ նորմալ ընտրությունների ակնկալիքը նախագահի թեկնածու համարվող մարդը ունի մեկ այլ թեկնածուից` երկրի գործող նախագահից, եւ վստահ էլ չէ, որ այդպիսի ընտրություններ տեղի կունենան:

Ուրեմն ֆիքսենք, որ նորից ու նորից նախագահական ընտրությունների հարթակը մնացել է իշխող ուժին ու նրա թեկնածուին եւ մյուս դոմինանտ ԲՀԿ-ին, ու վերջինիս շուրջն էլ հենց հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում: Մինչ այս մասին խոսելը` նշենք, որ մեզ զարմացնում է Ռոբերտ Քոչարյանի լռությունը: Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Քոչարյանը բոլորովին էլ լուռ չէ, այլ ստվերային միջոցներով կառավարում է քաղաքական շատ գործընթացները: Ու այդ կառավարման պատասխանն է Վարդան Օսկանյանի շուրջը տեղի ունեցողը, քանի որ մի պահ խոսվում էր, թե գուցե Ռոբերտ Քոչարյանն իր փոխարեն ուզում է առաջ մղել Օսկանյանին: Բայց եղավ «փողերի լվացման» գործը, ու հասկանալի դարձավ, որ եթե անգամ ինչ-որ պահ այդպիսի գաղափար է եղել, ապա հետագայում ֆիզիկական մաշվածքի է ենթարկվել ու նոր խոսակցությունները (լուրերի մակարդակով), թե հնարավոր է, որ Օսկանյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդություն բերի գլխավոր դատախազը Ազգային ժողով, հասկանալի են դարձնում, որ ԲՀԿ-ում 180 տոկոսով ամեն ինչ փոխվել է: Եկավ-գումարվեց Ադիբեկյանի կանխատեսումը, թե այսպես ու այսպես, հանրության մեջ միասնական թեկնածուի պահանջարկ է վայելում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիմա այլ արտահոսքեր կան` իբր նախագահական ընտրություններից հետո Ծառուկյանը ազգային համաձայնության կառավարություն է ձեւավորելու, իհարկե` Սերժ Սարգսյանին սատարելուց հետո:

Այս շիլաշփոթից հասկանալի է դառնում մեկ բան` որ նախագահական ընտրություններին ընդառաջ բոլորովին նոր սցենարներ են աշխատելու, ու դրա մասին գաղտնորեն գիտեն հիմնական դերակատար ուժերը: Ամեն ինչ ավելի հստակ կերեւա եկող շաբաթ, Ազգային ժողովում, 2011 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Գլխավոր հստակեցումն այն է լինելու, թե արդյո՞ք փորձ է կատարվում ազդեցությունների քոչարյանական արիալը փոխարինել զուտ ծառուկյանականով` առանց Քոչարյանի, քանի որ բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանի համար ավելի կանխատեսելի գործընկեր է Ծառուկյանը: Երբ դա պարզվի` հասկանալի կլինի ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի դիրքորոշումը, իսկ հստակեցումներն իրար կհաջորդեն լույսի արագությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930