28 սեպտեմբերի, 2012, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) ճանաչվեց Հայաստանի էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերություն ծառայությունների մատուցման ոլորտում` Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված մրցույթի արդյունքներով: ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արհմիությունների համադաշնության և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության ներկայացուցիչներից կազմված ժյուրին, գնհատելով ընկերությունների կողմից իրականացվող նախագծերը, «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթի առաջին մրցանակը շնորհեց «ԱրմենՏել» ընկերությանը` «Ծառայություններ մատուցող ընկերություններ» դասում: Նույն դասում մրցանակակիրների եռյակում ընդգրկվել են նաև «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ և «ԱԿԲԱ-Կրդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ:
Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Հայաստանի Գործատուների Հանրապետական Միության կողմից կազմակերպված «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» առաջին կոնֆերանսի ընթացքում: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի ղեկավար Դաֆինա Գերչևան, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների և էկոլոգիական շարժումների ներկայացուցիչներ: Մասնակիցները քննարկեցին էկոլոգիայի ոլորտի ներկա իրավիճակը, միջազգային փորձը և ռեսուրսների արդյունավետ օգտագործման առաջադեմ օրինակները:
«Հանդիսանալով սոցիալապես պատասխանատու օպերատոր, «ԱրմենՏել» ընկերությունը մեծ նշանակություն է տալիս բնապահպանական հարցերին: Երկար տարիների ընթացքում մենք իրականացրել ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, հավատալով, որ բիզնեսի սոցիալական պատասխանատվությունն արտահայտվում է նաև ապագա սերնդի բարեկեցիկ պայմանների ապահովմամբ: Ուրախ ենք, որ օրեցօր Հայաստանում ավելանում է բնապահպանության հարցերին հատուկ ուշադրություն դարձնող ընկերությունների թիվը և առավել ևս հաճելի է, որ հենց մեր ծրագրերն արժանացան հեղինակավոր ժյուրիի բարձր գնհատականին», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Մարդկային ռեսուրսեների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Լիանա Խաչատրյանը:
Նշենք, որ «Կանաչ տնտեսություն և կանաչ աշխատատեղեր» մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 40 հայկական ընկերություն: