Լրահոս
Օրվա լրահոսը

«Շերիֆը» պատրա՞ստ է պատասխան տալ

Սեպտեմբեր 28,2012 10:13

2008 թվականի Մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկը` ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրվեց և այժմ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է: Հիշեցնենք, որ ԱԺ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նիստում նա ասել էր, որ իր հրամանատարությամբ ներքին զորքերի զինվորները մասնակցել են Մարտի 1-ի օպերացիային թե՛ առավոտյան, թե՛ երեկոյան, և ինքն ամեն ինչ զեկուցել է ոստիկանապետ Հայկ Հարությունյանին: Նրա խոսքերով, զինվորականը հրամանից դուրս ոչինչ իրավունք չունի կատարելու: Նշենք նաև, որ ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել ԱԺ-ում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը ԲՀԿ ներկայացուցիչ Գրիգոր Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ժամանակին ԱԺ Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովում Դուք ասացիք, որ իրականացրել եք Մարտի 1-ի օպերացիան: Հասարակության մեջ հնչում է հարցը` ինչպե՞ս կարող էիք դառնալ պատգամավոր, եթե փաստորեն պատասխան չեք տվել:

– Այսինքն` ո՞նց: …Դա նշանակում է` ժողովուրդը, որը ձայն է տվել ինձ, իմ կուսակցությանը, վստահել է մեզ: Նաև ինձ է վստահել:

– Կարծում եք` ԲՀԿ-ին ընտրելով, նաև Ձե՞զ են ձայն տվել:

– Իհարկե: Նաև ինձ էին ձայն տալիս:

– Ասել է թե` կարծում եք, Դուք պատասխանատվության բաժին չունե՞նք Մարտի 1-ին իրականացված գործողությունների համար:

– Ես երբեք չեմ խուսափում պատասխանատվությունից, երբեք չեմ խուսափել: Ու ԱԺ Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ժամանակ բոլոր հարցերին տվել եմ սպառիչ պատասխաններ: Մնացածն արդեն իմ` որպես անձ, որպես զորքերի հրամանատար պատասխանատվության հարցը պիտի որոշեին համապատասխան մարմինները: Եթե չեն որոշել, ուրեմն գտել են, որ ես գործել եմ օրենքի շրջանակներում: Ես կոնկրետ` որպես ներքին զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ, իմ գործողությունները ու իմ ենթակաների գործողությունները գնահատում եմ օրենքի շրջանակներում: Օրենքի շրջանակներում եմ գործել ես:

– Բայց ինչպե՞ս կարող էր դա լինել օրենքի շրջանակներում, երբ 10 զոհ կար և բազմաթիվ վիրավորներ: Արդյոք դա՞ էլ էր օրենքի շրջանակում, և դրա համար ոչ ոք չպիտի՞ պատասխան տա:

– Պատասխան, բնականաբար, պիտի տրվեր, պատասխան պիտի տան: Իսկ ո՞վ ասեց, որ եթե մենք մեր գործողությունները ճիշտ ու լավ չկազմակերպեինք, զոհերը շատ ավելին չէին կարող լինել: …Ամբողջ կյանքում ես իմ գործն եմ արել ու համարում եմ, որ արել եմ ոչ վատ, քանի որ վերջին 20-25 տարիներին զինվորական ծառայության մեջ լինելով` ես հասել եմ և կոչումների, և պետական-կառավարական պարգևների` և՛ ղարաբաղյան պատերազմում մարտական գործողությունների համար, և՛ ծառայության համար: Ես համարում եմ, որ իմ իրավաբան-իրավագետ լինելն օգնել է ինձ միշտ իմ ծառայություններն օրենքի շրջանակներում կազմակերպելու:

– Իսկ այդ դեպքում 10 զոհերի մասին ի՞նչ կասեք, նաև` բազմաթիվ վիրավորների:

– Այդ զոհերը, որ տեղի են ունեցել, իմ համար շատ ցավալի զոհեր են, նաև` բազմաթիվ վիրավորները, այդ թվում` նաև մեր շարքերից, իմ կողքի մարդկանցից:

– Փաստորեն, մինչև հիմա այդ զոհերի ու վիրավորների պատասխանները չկան: Ինչպե՞ս եք գնահատում, որ իրականացնողները պատասխան չեն տվել:

– Ես հիմա չեմ ուզում այդ հարցերը քննարկեմ:

– Արդյոք չե՞ք կարծում, որ պատկան մարմինները պատշաճ աշխատանք չկատարեցին, թեև ոչ պակաս պրոֆեսիոնալ էին:

– Ես հիմա չեմ ուզում քննարկենք պատկան մարմինների ոչ պրոֆեսիոնալ գործողությունները կամ պրոֆեսիոնալ գործողությունները:

– Որպես ներքին զորքերի հրամանատար նաև Դուք ձեզ մոտ պետք է հետաքննություն անեիք, պարզեիք, թե ովքեր են «Չերյոմուխայով» կրակողները, ովքեր են իրականացրել այդ սպանությունները: Դեռևս Ձեր պաշտոնավարման ժամանակ պետք է գտած լինեիք այդ մարդկանց և պատասխանատվության ենթարկեիք: Չե՞ք կարծում:

– Ես այդ ժամանակ մենակ մի ամիս եմ մնացել: Էտ մի ամսվա ընթացքում ծառայողական քննություններն իրականացրել ենք: Համապատասխան աշխատանքներ են արվել, դրանից հետո, երբ ես ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից, բնականաբար չէի կարող մասնակցել այդ գործընթացին արդեն:

– Պարոն Գրիգորյան, խոսակցություններ կան, որ Ձեզ ԲՀԿ գործուղել է Ռոբերտ Քոչարյանը: Ճի՞շտ է:

– Դա հեքիաթ է: Ես ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերություններ չեմ ունեցել վերջին չորս տարիների ընթացքում: Դա ընդամենը հեքիաթների կարգի բան է, որ ինձ գործուղել է ինչ-որ մեկը ինչ-որ տեղ:

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ զինվորական լինելով` դարձաք ԲՀԿ անդամ: ԲՀԿ-ի ո՞ր գաղափարախոսությունը դուր եկավ Ձեզ:

– ԲՀԿ-ի, գիտե՞ք ինչ է ինձ դուր եկել, որ ալտերնատիվ եմ տեսել: Ես 4-5 ամիս առաջ եմ անդամակցել ԲՀԿ-ին:

– Ձեզ առաջարկվե՞լ է դառնալ ԲՀԿ-ական:

– Հանդիպել եմ Ծառուկյանի հետ, զրուցել ենք, համաձայնությունը կայացել է, մտել եմ կուսակցության մեջ և արդեն որպես կուսակցական գործունեություն եմ ծավալել Արարատում:

– Կարծում եք, Ձեզ որևէ կերպ երախտապա՞րտ եղան` ընդգրկելով պատգամավորական ցուցակ, քանի որ Ձեզ ազատել էին ներքին զորքերի հրամանատարի աշխատանքից:

– Չէ՛, ես կուսակցության մեջ էի: Կուսակցության հետ կապված աշխատանքներն էի կազմակերպում: Երախտապարտ լինելու խնդիր չի եղել: Ինչի՞ համար պիտի ինձ երախտապարտ լիներ ԲՀԿ-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930