2008թ-ի մարտի 1-ից առաջ եղել են գործիչներ, որ ակնկալել են, թե «Երկրապահը» կարող է օգտագործվել ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցների դեմ զենք վերցնելու համար: Սակայն Մանվել Գրիգորյանը նրանց ակնկալիքները չի արդարացրել, չի գնացել այդ քայլին` գերադասելով հրաժարվել պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Ընդդիմությունը եւս ակնկալիքներ է ունեցել նրանից, որոնք եւս չի արդարացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը 4 տարի անց մութ էջեր բացելով մարտի 1-ից: Նա անկեղծացավ եւ պատասխանեց եւս մի քանի հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորեւ:
Պարոն Գրիգորյան մինչ քաղաքական հարցերին անցնելը խոսենք Ձեր մասին: Հայտնի երգում ասվում է, որ 50-ից հետո մարդիկ դառնում են մի քիչ մտածկոտ, անցյալի ջրից փորձում են մաքրել էջերը կեղտոտ, 50-ից հետո սեղանը քեֆի կիսատ են թողնում, որից նախկինում մինչեւ առավոտ չէին հեռանում: 50-ից հետո կորցրածը շատ է, շահածը քիչ: Դուք հաղթական ճանապարհ անցած մարդ եք, կցանկանայի ասեիք, թե 50-ից հետո ինչպե՞ս է շարունակվում ձեր կյանքը:
50-ից հետո եւս կյանքը շարունակվում է: Իհարկե, մարդու մտածողությունը, տարիքի հետ, որոշակի փոփոխությունների է ենթարկվում: Դառնում ես ավելի պահպանողական, ավելի շատ ես զգուշանում ծայրահեղական դրսեւորումներից: Բայց ընդհանուր առմամբ, եթե մինչեւ 50 տարեկանդ ամբողջ երիտասարդ տարիներդ դրել ես պետությունդ կայացնելու համար, ազգդ հզորացնելու համար, 50-ից հետո էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարեւոր է ոչ միայն ունենալը, ձեռք բերելը, այլեւ` ձեռք բերածը պահպանելը: 50-ից հետո, չկտրվելով ԵԿՄ-ի բազում գործերից, շարունակելով ծառայել այս կառույցի հռչակած ազգանպաստ գաղափարներին, նաեւ աշխատում եմ հնարավորության չափ ժամանակ հատկացնել թոռներիս, զավակներիս, հատկապես կրտսեր որդուս` Վազգենին, որը ծնվեց, երբ ես ճիշտ 50 տարեկան էի:Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատվին նրա անունը Վազգեն դրեցի:
Դուք այն քիչ թվով հայտնի անձանցից եք, ով տարիների ընթացքում ձեռք բերելով կոչումներ, պաշտոններ, չի լքել իր ծննդավայրը: Ովքե՞ր են Ձեր նախնիները, որտեղի՞ց են գալիս: Ի՞նչ է կապում Ձեզ Էջմիածնի հետ: Կցանկանայի պատմեք երիտասարդ Մանվել Գրիգորյանի մասին, ինչպիսի՞ն էր, ինչո՞վ էր աչքի ընկնում, ինչո՞վ էր զբաղվում, ի՞նչ նպատակներ ուներ:
Կարդացեք նաև
Ծնվել եմ Էջմիածնի Արշալույս գյուղում: Նախնիներս խոյեցի են: Մերոնք միշտ էլ` պապուց թոռ, հորից որդի, հայ ազգի համար ճակատագրական պահերին մասնակցել են երկրի պաշտպանությանը: 1918-ի Սարդարապատի մայիսյան հերոսամարտի ժամանակ ակտիվ գործողությունների վայր է եղել հենց Արշալույսի բարձունքը: Այսօր էլ գյուղի եկեղեցու բակում թաղված են երկու զինվոր` հայ եւ ռուս, որոնք զոհվել են հերոսամարտի ժամանակ: Հայ զինվորականը սպա Ստեփան Ալոյանն է, որ մեր քեռին է եղել: Մերոնք ակտիվ մասնակցել են նաեւ Մեծ հայրենական պատերազմին: Ինչ վերաբերում է մինչպատերազմյան Մանվել Գրիգորյանին, ապա ես այն ժամանակ էլ, ինչպես հիմա, սովորական հայ մարդ էի, մեր հայկական ավանդույթները հարգող, հալալ քրտինքով ընտանիքս պահող: Երբեք չեմ արել այնպիսի բան, որի համար պետք է ամաչեմ: 33 տարեկանում մեկնել եմ Հադրութ: Գնացել ու հետս էլ տարել եմ իմ ողջ գերդաստանը` հարազատներիս, եղբայրներիս, 1992-ից արդեն 13-ամյա որդուս էլ էի սահման հասցրել, որպեսզի սահմանի բնակիչը վստահ լինի, որ այդտեղ կարելի է ապրել:
33 տարեկան հասակում շտապել եք ռազմաճակատ եւ նշանակվել ԼՂՀ պաշտպանական առաջին շրջանի կամավորական գումարտակի հրամանատար: Ձեր հետ կռվածները ասում են, որ Դուք անպարտելի եք: Որտեղի՞ց է գալիս այդ ուժը: Եվ այսքան տարի անց գուցե բացե՞ք գաղտնիքը, թե ինչի շնորհիվ հաղթեցինք պատերազմում , երբ հակառակորդը, թե քանակով, թե ռազմամթերքով գերազանցում էր մեզ: Շատերը ասում են նաեւ, թե մահացած տղաների հոգիներն են ուժ տվել:
Այս պատերազմում մեր եւ թուրքի տարբերությունն այն էր, որ մեր կռիվն արդար էր: Նրանք ագահ ռազմամոլ էին, չարությունից էին կռիվը սկսել, իսկ մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում, նահանջելու տեղ չունեինք: Այո, նահատակ տղաների ոգին էլ է մեզ ուժ տվել: Մենք ռազմի դաշտում թանկագին ընկերներ էինք կորցնում, ու ամեն մի զոհի հետ ավելի էինք լցվում վճռականությամբ, որ պետք է հաղթենք, պետք է մեզ պատերազմ պարտադրած թուրքին խաղաղություն պարտադրենք: Թուրքերի հեչ վեջն էլ չէր: Նրանք իրենց անփորձ երեխաներին ուղարկում էին կրակի բերան եւ մեզանից բազմապատիկ ավելի զոհեր տվեցին: Բայց մենք չէինք կարող այդպես, մեզ համար թանկ էր մեր ամեն մի զոհը: Ինչ վերաբերում է անպարտելի լինելուն, ապա ասեմ` իրոք ես երբեք նահանջի հրաման չեմ տվել: Մենք միայն առաջ ենք գնացել, միայն ազատագրել ենք եւ պաշտպանել, ոչինչ չենք հանձնել: Բայց դա էլ արել ենք խելամտության սահմաններում: Գրոհի հրամանը տրվել է այն դեպքերում, երբ դա պատճառաբանված է եղել: Երբեք չենք աքլորացել եւ անիմաստ զոհեր չենք տվել: Ու հիշեցնեմ այսօր բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե կարող ենք ինչ-որ հողեր հանձնել: Մենք մեր պապական հողերն ենք ազատագրել` մեկ: Երկրորդ` դրանք թանկ են մեզ համար, որովհետեւ ամեն մի քարի, ամեն մի ծառի տակ մեր եղբայրների սուրբ արյունն է թափվել: Եվ երրորդ` այս հողերը մեր միակ իրական երաշխիքն են, որ թուրք ազերին դարձյալ պատերազմ չի սկսի: Մենք համաձայն չենք փոխարինել այդ երաշխիքները թղթե խոստումներով: Հենց մի թիզ հող հանձնեցինք, հենց թուրքը դիրքային առավելություն ստացավ, այն թուրքը, որ հատուկ հասնում է Բուդապեշտ քնած հայ կացնահարելու համար, չի հապաղելու, վերսկսելու է պատերազմը:
Պարոն Գրիգորյան, մենք ազատագրեցինք մեր հողերը, բայց կորցրեցինք մարտական ընկերներին: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ կարոտը: Ի դեպ, Վազգեն Սարգսյանի հետ պատերազմի դաշտում ծանոթացա՞ք, թե՞ …: Ինչպիսի՞ն էր նա, ինչպե՞ս եք լրացնում նրա բացը:Մի գեղեցիկ հուշով կկիսվեք նրա հետ կապված:
Տղաների կորուստն անդառնալի է: Մեզ մխիթարում է այն, որ տղաները կյանքն իզուր չեն տվել: Այսօր ունենք հզոր Հայաստան պետություն: Ունենք Ադրբեջանի տիրապետությունից ազատագրված Արցախ պետություն: Մեր ընկերների հիշատակը պարտավորեցնում է գուրգուրանքով վերաբերվել հայկական զույգ պետություններին: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի, ինչպես մեր Վազգեն սպարապետն էր ասում` 21-րդ դարը մերը լինի:
Վազգենի մասին ի՞նչ կարելի է ասել: Նա անփոխարինելի էր: Վազգենը Երկրապահի հիմնադիրն է, Վազգենը հայոց կանոնավոր բանակի հիմնադիրն է, Վազգենը մեծ հայրենասեր էր ու հսկա պետական գործիչ` պետական մտածողությամբ: Ամեն օր, ամեն րոպե էլ Վազգենին հիշում եմ: Հիշում եմ` ինչպես էր մեզ ոգեւորում, հիշում եմ, երբ 1994-ի մայիսին եկավ Մաղավուզ` 5-րդ բրիգադի մարտիկներին շնորհավորեց եւ շնորհակալական խոսքեր ասաց հաղթական հրադադարի ձեռք բերման կապակցությամբ: Մենք Մաղավուզի ֆուտբոլի դաշտում հաղթական քոչարի բռնեցինք Վազգենի հետ: Հիշում եմ, թե ինչպես էին աշխարհի հզորները` պետությունների ղեկավարներ, պաշտպանության նախարարներ, ակնածանքով վերաբերվում Վազգենին` հասկանալով, որ նա հաղթանակած բանակի ղեկավարն է: Վազգենի մասին կարելի է անվերջ խոսել: Եթե սկսեմ խոսել, պատմություններն ավարտ չեն ունենա, բայց ես գերադասում եմ ոչ թե խոսելը, այլ Վազգենի գաղափարները կյանքի կոչելը, գործով, ոչ թե խոսքով Վազգենին ներկայացնելը:
Ասում են` Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին, կոպիտ ասած, «գցեցիք»: Մութ էջեր կբացե՞ք այդ օրերից, որ լույս սփռվի այդ խոսակցությունների վրա:
ԵԿՄ-ն, ինչպես գիտեք, քաղաքական կազմակերպություն չէ: Երկրապահի հիմնական նպատակը ազատամարտիկների ընտանիքների սոցիալական եւ իրավական պաշտպանվածությունն է, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը: Դրա համար մենք ունենք «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» ստորաբաժանումներ: Այս կառույցներում կոփում, հայրենասեր մարդ ենք դաստիարակում: Մենք բանակի ռեզերվն ենք եւ մշտապես բանակին պատրաստի կադրեր ենք մատակարարում: Եթե հետեւեք, ապա այսօր հայոց բանակում ամենաօրինակելի զինվորներն ու սպաները նրանք են, ովքեր անցել են պատանի եւ երիտասարդ երկրապահ ակումբներով: Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ապա իմ հիմնական նպատակն է եղել Վազգենի հիմնած կառույցը քաղաքական խաղերից զերծ պահելը: Ես առաջնորդվել եմ այն գիտակցությամբ, որ երկրապահը արտաքին թշնամու դեմ կռվելու համար է, արտաքին թշնամուն վախեցնելու համար: Մենք թուրքի դեմ ենք կռվել եւ չենք կարող Հայաստանի ներսում հայի դեմ զենք վերցնել: Երկրապահի թշնամին թուրքն է, ադրբեջանցին: Ես այդ բանը բացատրել եմ բոլոր նրանց, ովքեր երկրապահից այլեւայլ ակնկալիքներ են ունեցել: Առաջին անգամ եմ ասում` եղել են գործիչներ, որ ակնկալել են, թե երկրապահը կարող է օգտագործվել ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցների դեմ զենք վերցնելու համար: Ես նրանց ակնկալիքները չեմ արդարացրել, չեմ գնացել այդ քայլին` գերադասել եմ հրաժարումը պաշտպանության փոխնախարարի պաշտոնից: Իմիջիայլոց, ի պատիվ մեր Հանրապետության գործող նախագահի ասեմ, որ նա ինձանից կամ երկրապահից չի ակնկալել, թե պետք է Երեւանի կենտրոնում զինված գործողությունների դիմենք: Շատերը փորձում են ներկայացնել, թե իբր դա Սերժ Սարգսյանի համար է արվել, բայց դա այդպես չէ` Սերժ Սարգսյանը շատ է սիրում Հայաստան պետությունն ու հայ ազգին: Եղել են նաեւ գործիչներ, ովքեր ակնկալել են, թե երկրապահը կարող են օգտագործել իշխանությունների դեմ, պետական կառույցների դեմ զինված պայքարում: Ես այդպիսինների ակնկալիքներն էլ չեմ արդարացրել: Ի դեպ, հատուկ նշեմ, որ թող այստեղ Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն էլ չշահարկեն, նա Հայաստանի առաջին նախագահն է եղել եւ չէր կարող խրախուսել արկածախնդրությունը: Ես վստահ եմ, որ նա էլ տեղը դրած կլինի բոլոր նրանց, ովքեր առաջարկում էին ներքաղաքական պայքարում գնալ ուժային մեթոդների: Ես շատ լավ ճանաչում եմ մեր բոլոր երեք նախագահներին եւ վստահաբար կարող եմ ասել, որ նրանցից ոչ մեկն էլ չէր գնա որեւէ քայլի, որը կարող է վտանգել Հայաստանի անկախությունը, որը կարող է վտանգել Արցախը: Ես ասացի` իմ գործողությունների դրդապատճառը եղել է այն, որ թույլ չտամ երկրապահին գործիք դառնալ ներքաղաքական խաղերում: Որքանո՞վ է հաջողվել, դուք գնահատեք, բայց խնդրում եմ` օբյեկտիվ գնահատեք, ոչ թե` այս կամ այն քաղաքական խմբավորման շահերից ելնելով:
Ինչեւէ, ՊՆ փոխնախարարի պաշտոնից հրաժարվելուց տարիներ անց, ՀՀԿ համամասնական ցուցակով դարձաք ԱԺ պատգամավոր: Ձեզ ավելի շատ բանա՞կն է հոգեհարազատ, թե՞ ԱԺ-ն:
Ընդգրկվեցի ՀՀԿ համամասնական ցուցակում, գնացի ԱԺ, որովհետեւ հավատում եւ վստահում եմ մեր պետության ղեկավար Սերժ Սարգսյանին, վստահում եմ մեր մարտական ընկերոջը, որը իր նվիրվածությունը հայրենիքին ապացուցել է պատերազմի դաշտում: Երկրապահի առաքելությունն էլ, ինչպես Սերժ Սարգսյանինը, Հայաստանը զորեղացնելն է, Արցախի անվտանգության երաշխավոր լինելը: Գնացի ԱԺ ոչ որպես անհատ, այլ որպես ազատամարտիկների շահերի ներկայացուցիչ: Ինձ երկրապահները բազմիցս են դիմել, որ խորհրդարանում իրենց շահերը ներկայացնող է հարկավոր: Առաջիկա 5 տարին ցույց կտան` որքանո՞վ արդյունավետ եղավ իմ` ԱԺ պատգամավոր ընտրվելը երկրապահների համար: Ինչ վերաբերում է հարազատությանը, ապա ինձ համար ամենահարազատ կառույցը էլի մնում է երկրապահը, որ, ինչպես ասացի, բանակի ռեզերվ է, խորհրդարանական գործունեությունս էլ պետք է ծառայեցնեմ երկրապահի խնդիրների լուծմանը, որ մեր ազգի խնդիրներն են:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը