Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Նորից այնտեղ` մեր տուն» ֆիլմի և Արարատ երգչախմբի «Սուրբ Սուրբ», «Ով Զարմանալի», «Ով է Որպես» հոգևոր երգերի տեսահոլովակների պրեմիերան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» հոգևոր միության նախաձեռնությամբ վերջերս մոտ 100 ուխտավոր մեկնել էր Երուսաղեմ: Շնորհանդեսին ելույթով հանդես եկած «Արարատ» միության հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը նշեց, որ ֆիլմը եւ տեսահոլովակները նկարահանվել են ուխտագնացության օրերին եւ պատմում են տեղի սրբավայրերի մասին. «Մենք ոչ միայն այցելեցինք եկեղեցիներ, այլեւ ծանոթացանք տեղի հայ համայնքի կյանքին եւ համերգ տվեցինք: Այս ֆիլմով եւ տեսահոլովակներով ցանկացանք մեր հոգեւոր զգացումները փոխանցել ժողովրդին»:
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունից` տեր հայրն ասաց, որ եկեղեցին ստեղծել է տարբեր ենթակառույցներ, այդ թվում` «Արարատ» միությունը, որի նպատակն է` մասնագիտական կարողություններին զուգահեռ հաղորդել նաեւ հոգեւոր գիտելիքներ:
Կարդացեք նաև
Վարդան Դեւրիկյանի խոսքով` հայ ժողովուրդն ունի զարմանալի հատկություն` ազգային դրոշմ հաղորդել համամարդկային արժեքներին. «Օրինակ` մենք ասում ենք հայ Երուսաղեմ եւ հայ քրիստոնեություն: Աստծուն որոնելու ճանապարհին մեր հայրենակիցներն անցել են Երուսաղեմով եւ իրենց հետքը թողել այդ երկրում: Ֆիլմը կարեւորում եմ հատկապես նրանով, որ ներկայացնում է քրիստոնեության հետ առնչվող կարեւոր փաստերը: Պատմության մեջ ունեցել ենք «ուխտագնացական մշակույթ» հասկացությունը, որը յուրովի է դրսեւորվում տարբեր եկեղեցիներ կատարվող ուխտագնացությունների պարագայում»:
Ֆիլմի հեղինակ Աննա Թամրազյանն ասաց, որ Երուսաղեմի Սուրբ Հարություն եկեղեցու հոգեւորականներն ամեն գիշեր Սուրբ Պատարագ են մատուցում. «Հայր Սամվելը մեկնաբանեց, որ բոլորի հանգիստ քունն ապահովելու համար անհրաժեշտ են հայ հոգեւորականների աղոթքները: Հետեւաբար` Երուսաղեմը միայն հպարտության առարկա չէ, Երուսաղեմին պետք է օգնել մեր ուխտավորությամբ: Կարծում եմ` ֆիլմի հանդիսատեսը նույնպես կանցնի մեր անցած ճանապարհով»:
Հավելենք, որ շնորհանդեսը նվիրվում է Թեհրան-Երևան ինքնաթիռի վթարից զոհված Ռամոն Թառոյանսի և մյուս զոհվածների հիշատակին: Շնորհանդեսի ընթացքում կատարումներով հանդես եկավ «Արարատ» երգչախումբը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ