Լրահոս
Օրվա լրահոսը

Դատեցին ոչխարագողությունը կոծկած Անիի ոստիկանապետին

Սեպտեմբեր 27,2012 20:47

դատավոր Էդուարդ Մանուկյան

Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի գյուղերի  խանութներից ու գոմերից կատարված  մի շարք  գողություններ կոծկելու պատճառով դեռեւս  ԱԺ ընտրություններից մեկ շաբաթ առաջ պաշտոնազրկեցին  այդ տարածաշրջանի ոստիկանապետ  Համբարձում Տոնոյանին:  Վերջինս, ըստ բնակիչների, բացարձակապես անարձագանք էր թողնում գողությունների մասին իրենց ներկայացրած հայտարարությունները, ավելին` խուլ ու համր էր ձևանում: Օրինակ` Ձիթհանքով գյուղի «կոմիսիոններից» մեկից մոտ 400-500 հազար դրամի գողություն էր  կատարվել, սակայն ոստիկանապետը հրաժարվել էր  խանութատիրոջ բողոքն ընդունել, նույն կերպ էր վարվել նաև   Մարալիկի Նոր Անի թաղամասի խանութատերերից մեկի հետ, որի ապրանքները նույնպես գողացել էին: Իսկ Քարաբերդում անասնագողություն էր կատարվել, ոչխարներ էին թռցրել, սակայն ոստիկանությունում հրաժարվել էին լսել անասնատիրոջը:

Այս ամենը մամուլում հրապարակվելուց հետո  ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  նրան անմիջապես պաշտոնազրկեց: Ու թեև  Համբարձում Տոնոյանը մեր զրույցում պնդում էր, որ ինքը  ոչ մի գողություն էլ չի կոծկել, աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն, քանի որ պատրաստվում է  թոշակի գնալ, արդեն 55 տարեկան է,  այդուհանդերձ՝ նրա նկատմամբ ծառայողական քննություն  նշանակվեց ու  քրեական գործ հարուցվեց, որն այսօր քննվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նրա դեմ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնական դիրքի չարաշահում ու պաշտոնական դիրքը հակառակ ծառայության շահերի օգտագործում: Դատավոր Էդուարդ Մանուկյանը  նախկին ոստիկանապետին  տուգանեց 250 հազար դրամի չափով:

Նշենք, որ  Համբարձում Տոնոյանը  բավականին  էժան պրծավ. նրան մեղադրանք առաջադրված հոդվածի 1-ին կետում  ամրագրված  է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝  նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930