Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Դիլիջանում առաջադրված էին քաղաքապետի 3 թեկնածու: Գործող քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը ձայների մեծ առավելությամբ վերընտրվեց: Թեկնածուներից անկուսակցական փաստաբան Գուրգեն Հարությունյանը ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» էջում գրառել է. «Հիշյալ ընտրություններն էլ չառանձնացան Հայաստանում տեղի ունեցած այլ ընտրություններից, և հայ ժողովուրդը դեռևս զրկված է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու սահմանադրությամբ ամրագրված իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից:
Սակայն անկախ ամեն ինչից շնորհավորում եմ Արմեն Սանթրոսյանին համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթում եմ քաջ առողջություն և հաջողություններ աշխատանքում ու անձնական կյանքում, իսկ դիլիջանցիներին` բարեկեցություն և անհոգ ու ապահով կյանք»:
Նախկինում Տավուշի մարզում չի եղել ընտրված համայնքի ղեկավարին համայնքապետի իրական (ոչ այլ թեկնածուի մարտավարությամբ առաջադրված)թեկնածուի կողմից շնորհավորելու ավանդույթ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ