Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 24-ից 28-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար-ադյուտանտ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելիի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ընթացքում Կանզասի պատվիրակությունը այցելեց ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական» կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգմամբ ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ինժեներական գումարտակի ականազերծման հրահանգիչների համար անցկացվող վարժանքի վայր, ամերիկյան շարժական դաշտային հոսպիտալի բացազատմամբ անցկացվող զորավարժության վայր: Նշված այցերի ընթացքում Կանզասի պատվիրակությունը դիտարկեց Կանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից անցկացվող ականազերծման հրահանգիչների վարժանքը, ինչպես նաև ներկա գտնվեց շարժական դաշտային հոսպիտալի զորավարժության վերջնական փուլին:
Ականազերծման վարժանքի ընթացքում ներկաներին ցուցադրվեց ականադաշտի մաքրման աշխատանքների կազմակերպման տարրեր: Բժշկական զորավարժության ընթացքում ցուցադրվեցին շարժական դաշտային հոսպիտալի բուժանձնակազմի կողմից մարտադաշտում վիրավորվածներին առաջին օգնության ցուցաբերման և օդային տարհանման տարրեր: Բժշկական զորավարժությանը մասնակցում էին նաև Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:
Այցի ընթացքում գեներալ-մայոր Լի Թաֆանելիին ընդունեցին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը:
Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի հետ ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության մակարդակը և կարևորեց համագործակցության զարգացումը ականազերծման, ռազմաբժշկական կարողությունների զարգացման, ՆԱՏՕ-ի Օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում խաղաղապահ բրիգադի գնահատման գործընթացում փորձագիտախորհրդատվական աջակցության տրամադրման և այլ ուղղություններով:
Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը, անդրադառնալով Հայաստանի հետ ռազմական ոլորտում համագործակցությանը, բարձր գնահատեց Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների հետ անցկացված վարժանքների ընթացքում հայ զինծառայողների պատրաստության և փոխգործակցելիության մակարդակը: Կողմերը կարևորեցին նաև 2013թ.-ին Հայաստան-Կանզաս նահանգային համագործակցության 10-ամյակը նշելու անհրաժեշտությունը:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հետ կայացած հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Ելնելով համագործակցության ներկայիս մակարդակից, ինչը թույլ է տալիս ներկայումս իրականացնել Հայաստան-Կանզաս համագործակցության երկարատև պլանավորում, այցի ընթացքում մշակվելու է Հայաստան-Կանզաս 5-ամյա համագործակցության պլան:
ԱՄՆ նահանգային համագործակցության ծրագրի շրջանակներում Կանզասը հանդիսանում է Հայաստանի գործընկեր նահանգը 2003թ.-ից, որի շրջանակներում համագործակցություն է իրականացվում ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ Կանզասի նահանգի ազգային գվարդիայի միջև: