Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված այսօրվա քննարկման օրակարգում կրկին Կապանի խմելու ջրի հարցն էր, խմելու ջրի անբավարար որակի, ջրային պաշարների կորուստների, բնակչության կողմից շարունակվող դժգոհությունների, եւ ամենակարեւորը` «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերության գործունեության արդյունքում մարզկենտրոնի խմելու ջրին սպառնացող վտանգների եւ դրանց կանխարգելման ուղղությամբ կատարվելիք գործողությունների մասին:
Աշխատանքային այցով Կապան ժամանած «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը քաղաքապետարանում կազմակերպված հանդիպման ժամանակ նշեց, որ քայլեր են ձեռնարկվում խմելու ջրի որակի բարելավման, առկա կորուստների կրճատման ուղղությամբ: «Ներկա դրությամբ առաջնայինը ջրի կորուստների նվազեցումն է, որոնք կազմում են ավելի քան 80 տոկոս, ինչի պատճառով Կապանի ջրամատակարարման համար վայրկյանում 100լ ջուր բաց թողնելու փոխարեն բաց է թողնվում 500 լ: Ռեալ հնարավորություն կա առկա ստորգետնյա ջրաքանակով մաքուր ջուր ապահովել Կապան քաղաքին այդ ջրաքանակը բավարար է: Կորուստների առավելագույն նվազեցման համար պետք է ամբողջովին փոխել քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը, որի համար անհրաժեշտ է 30 մլն դոլար գումար: Իսկ խմելու ջրի որակի բարելավման ուղությամբ նախատեսվում է խմելու ջրի մաքրման կայանում տեղադրել քիմիական մաքրում իրականացնող սարքավորումներ, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ջրի մաքրումն արդյունավետ իրականացնել հատկապես հորդառատ տեղումների ժամանակ»,- տեղեկացրեց Պատրիկ Լորենը եւ նշեց, որ սարքավորումներն արդեն ձեռք են բերվել, մեկ ամսից կավարտվեն նախագծային աշխատանքները եւ եկող տարվա գարնանը աշխատանքները մեկնարկելու դեպքում՝ տարեվերջին մաքրման կայանում նախատեսված գործողություններն արդեն ավարտին հասցված կլինեն: Այդ եւ Կապանում նախատեսվող այլ ծրագրերի համար 5 մլն դոլարի ներդրումներ են իրականացվելու:
Անդրադառնալով «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին` Պատրիկ Լորենը հավաստիացրեց, որ այս պահին տվյալ տեղանքում ընկերության կողմից կատարվող աշխատանքները վտանգ չեն սպառնում խմելու ջրի համար, իսկ հանքի հնարավոր շահագործման ժամանակ չի բացառվում վտանգի առաջացումը, այդ դեպքում, կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն, «ԲԱՄՕ Մետալ» ՍՊ ընկերությունը պարտավորվում է գետային ջրընդունիչը տեղափոխել առավել ապահով վայր:
Սակայն ներկաները համակարծիք չէին պարոն Լորենի ասածի հետ: «Եթե չկա համապատասխան բնապահպանական փորձաքննություն, ապա ի՞նչ երաշխիք կարող է լինել, որ վաղը ջուրը որակական փոփոխությունների չի ենթարկվելու, առավելեւս, երբ հորատման եւ հողային շերտի ոչնչացման աշխատանքներ են նախատեսված: Ինչի՞ սպասենք վաղը վտանգը առաջանա, ջուրը պղտորվի ու նոր քայլեր ձեռնարկենք: Ամենաճիշտ տարբերակը հիմիկվանից կանխել սպառնացող վտանգը եւ դադարեցնել ուսումնասիրման աշխատանքները», – նշեց «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը:
Կարդացեք նաև
Պատրիկ Լորենն ի պատասխան դրա հավելեց, որ իր կողմից կառավարվող ընկերությունը նման լիազորություն չունի դադարեցնելու որեւէ ընկերության գործունեություն:
Ինչեւէ, ջրամատակարար ընկերությանը մնում է ավելի զգոն եւ էլ ավելի հետեւողական լինել տվյալ հարցում, քանի որ 40 հազար բնակչություն ունեցող մարզկենտրոնի բաժանորդներին անվտանգ ու որոկյալ ջրի մատակարարման ողջ պատասխանատվությունը իր վրա է ընկած:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ