Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` առանձնացնելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և ոստիկանական համակարգի բարեփոխումները, ազատության, արդարադատության և անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքները:
«2012-2013թթ.ծրագիրը ներառում է 161 գործողություն, որոնք վերաբերում են պետական, հասարակական ոլորտներին: Բոլոր ծրագրերը հաջող ընթացքի մեջ են: Վերջերս Անվտանգության խորհրդում հաստատվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը, որը հնարավորություն կտա Հայաստանում հզորացնալու մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը և ընդհանրապես խորանալու է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների և երկրի ներսում գործող ՀԿ-ների հետ հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը բարձրացնել էապես նոր աստիճանի»,- նշեց Արթուր Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանը ընդգծեց նաև հանրային սեկտորի գործունեության կարևորությունը` նշելով, որ ՀՀ-ն մտադիր է էլ ավելի ակտիվացնել հասարակական կազմակերպությունների դերակատարությունն ու աշխատանքները պետական կառավարման ոլորտի աշխատանքներում: «Մենք պետք է հասնենք նրան, որ որոշումների կայացման գործում մեծ լինի հանրային սեկտորի ազդեցությունը: Մենք ուզում ենք մի նոր ռազմավարություն մշակել ՀՀ-ում, որը հնարավորություն կտա ՀԿ սեկտորին ներգրավված լինել պետական կառավարման ոլորտի աշխատանքներում: Դա աշխատանքի նոր մշակույթի սկիզբ կարող է լինել: Կա անհրաժեշտ քաղաքական կամք, պարզապես պետք է այն ինստիտուցիոնալ հենքի վրա դրվի», -ընդգծեց Արթուր Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Կողմերը կարևորել են քաղաքական ասոցացման համաձայնագրի շուրջ տարվող աշխատանքները և մատնանշել են սահմանված ժամանակացույցի համաձայն նախատեսված բոլոր միջոցառումների իրականացումը:
Շտեֆան Ֆյուլեն կարևորել է ԱԱԽ-ի շրջանակներում գործող, եվրոպական կառույցների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունում կենսագործվող բարեփոխումների համատեքստում` նշելով, որ քաղաքական համակարգումը կարևոր հանգամանք է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման գործընթացում: Նա իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցել վերը նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարևանության քաղաքականության փիլիսոփայությանը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանի անվտանգությանը, խաղաղությանն ու կայունությանը առնչվող հարցեր` ընդգծելով տարածաշրջանում համագործակցության և երկրների միջև հարաբերությունների նորմալացման անհրաժեշտությունը:
ԱԱԽ խորհրդի մամուլի հաղորդագրություն