Առաջին Համայնքային Համացանցային Հեռուստատեսությունը (www.1aitv.ru) հաղորդում է, որ Մոսկվայում ջավախահայերի կազմակերպված բողոքի ակցիան անցկացվեց Վրաստանի շահերը ներկայացնող վարչության մոտ, որը տեղակայված է Շվեցարիայի դեսպանատան շենքում: Վրաստանի գործադիր իշխանությունները պատրաստվում են առաջիկա ընտրություններին, իսկ ընտրություններն ինչպես հայտնի է՝ հարմար առիթ ու նաև հույս են, որ ժողովրդական բողոքի ձայները կարող են և հասնել վերևներին, չնայած այս պարագայում հաստատել այդ հնարավոր չէ, քանի որ վրացական վարչության ներկայացուցիչները հարկ չհամարեցին բացել դուռը և ընդունել դիմում-բողոքը, որտեղ շարադրված էին ջավախահայության այն բոլոր խնդիրները, ինչի հետ հատկապես վերջին տարիներին բախվում է Վրաստանի կազմում գտնվող Ջավախքի հայաբնակ մարզը: Նշված խնդիրների թվում ամենագլխավորները հետևյալներն էին`ապահովել արդար ընտրություններ, որոնց կկարողանան մասնակցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հայկական դպրոցներում վերականգնել հայոց լեզվի կրճատված դասաժամերը, թույլատրել ներկրել տարածաշրջան հայալեզու դասագրքեր, գրականություն և մամուլ, վերադարձնել խորհդային տարիներին բռնագրաված հայկական եկեղեցիները Հայկական Առաքելական Եկեղեցու վրացական թեմին:
Ինչպես փաստեցին հավաքվածները, Ջավախքի բնակչության մեծ մասը, հատկապես երիտասարդությունը, հարկադրված միգրացիայի արդյունքում այսօր գտնվում է օտար ափերում, իսկ վաղը Վրաստանի ընտրական հանձնաժողովը կնկարի թվեր, իբրև թէ տարածքում 100 տոկոսանոց մասնակցություն է գրանցվել և այն էլ իշխող կուսակցության օգտին: Արդյունքում կրկին կոտնահարվեն ազգային փոքրամասնությունների շահերն ու կշարունակվի հատուկ մշակված քաղաքականությունը`ուղղված Ջավախքի հայաթափմանը:
Մեր դժգոհությունն ուղղված չէ եղբայրական վրաց ժողովրդին, այլ ուղղված է Վրաստանի իշխանություններին. իրենց ելույթներում բազմիցս նշեցին հավաքվածները, իսկ ակցիային ներկա ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ կարծիք հայտնեց, թե վրաց ժողովուրդն այսօր արդեն բավական օբյեկտիվ է գնահատում ստեղծված իրավիճակը և նույնիսկ ամերիկացիների կողմից անցկացվող հարցումների համաձայն` պատրաստակամ է Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վերսկսմանը , ինչն ըստ Արեշևի, դրական կանդրադառնա նաև տեղաբնակ ազգային փոքրամասնությունների խնդիրների լուծմանը: Իսկ Ռուսաստանի սխալը այս տարածաշրջանի հետ կապված, ըստ քաղաքագետի, ռուսական զորամասի դուրս բերումն էր Ախալքալաքից:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Կարդացեք նաև