Վանաձոր համայնքի ավագանու անդամ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Այվազյանը երկու օր առաջ իր բնակարանում ոստիկանների կատարած խուզարկությունը անհիմն ու անհեթեթ է համարում:
Նա պնդում է, որ ոստիկանները նմանօրինակ քայլով փորձել են արատավորել իր բարի համբավն ու ստվեր գցել իր հեղինակության վրա:
Սեպտեմբերի 25-ին ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խուզարկել են Արմեն Այվազյանի բնակարանը`նրան կասկածելով Վանաձոր համայնքի ավագանու նորընտիր անդամ Վահե Դոխոյանի բնակարանից հունիսին կատարված գողության մեջ:
Կարդացեք նաև
Ավագանու անդամը մինչ օրս տեղյակ չէ, թե ինչ հիմքերով են ոստիկանները առավոտյան ժամը 7-ից շրջափակման մեջ պահել բնակարանը` անհանգստացնելով ու ոտքի հանելով նաեւ հարեւաններին:
«Երբ խուզարկությունը կատարվեց, համապատասխան արձանագրությունը կազմվեց, որ որեւէ բան չի հայտնաբերվել, ոչինչ չի առգրավվել, ասացին, որ խնդիր չկա, ընդամենը ձեզ կծանուցենք, որ գաք, բացատրություն տաք: Եվ վերջ: Այսինքն` իրենք համարեցին, որ իրենց կողմից հարցը փակվեց, վերջացավ, որեւէ խնդիր չկա, սակայն, հիմա էլ խնդիրը ինձնից է, որովհետեւ ինձ համար կասկածյալ լինելը գրեթե նույնն է, ինչ մեղադրյալ լինելը: Նման քայլով փորձում են վարկաբեկել իմ անունը, հեղինակությունս` այն դեպքում, երբ ես որեւէ անգամ որեւէ գործով ոստիկանության հետ առնչություն չեմ ունեցել, եւ ոչ մի անգամ որեւէ գործով հանդես չեմ եկել»:
Արմեն Այվազյանը մտադիր է դիմել ՀՀ վերաքննիչ դատարան` վիճարկելու Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի` խուզարկություն կատարելու մասին որոշման օրինականության հարցը:
Նա պնդում է, որ եթե անգամ քաղաքացու դիմումի հիման վրա ստացված տեղեկության համաձայն ինքը վերոնշյալ գողության մեջ որեւէ առնչություն է ունեցել, ապա մինչ նման աղմուկով խուզարկություն կատարելը անհրաժեշտ էր դիմումատուի մատուցած տեղեկության հավաստիությունը ճշտել, ոչ թե անհարմար դրության մեջ գցել քաղաքացուն:
«Դատավորի կայացրած որոշման դեմ դիմելու եմ նաեւ էթիկայի հանձնաժողով»:
Նա ասում է, որ խախտվել է ոչ միայն իր, այլ նաեւ բոլոր այն մարդկանց իրավունքները, ովքեր միշտ այսպիսի անտեղի ու անիմաստ խուզարկությունների առաջ են կանգնում:
«Եվ որպեսզի, նման բաները բացառվեն, շատ լուրջ պատասխանատվության եմ ենթարկելու մեղավորներին»,-ասում է ավագանու անդամը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ