«Նատալի Ֆարմ» ընկերությունն օրեցօր ծաղկում է ապրում, արդյունքում սնանկանում են բազմաթիվ դեղատներ և դեղորայք ներկրող կազմակերպություններ: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում նման հայտարարություն արեց «Սզնի» ընկերության սեփականատեր Գառնիկ Սահակյանը:
Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմ» ընկերության սեփականատերը Սամվել Ալեքսանյանն է: Ըստ գործարարի` երբ դեռ չկար ՀՀ պետգնումների գործակալությունը, և չէր «բարեփոխվել» գնումների մասին օրենքը, մրցակցային դաշտ գոյություն ուներ դեղորայքի շուկայում: Նա նշեց, որ այժմ այդ ոլորտում մենաշնորհ է տիրում:
Գործարարը վստահ է, որ. «Վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ-ում դեղորայքի մաքուր գնումներ չեն իրականացվել: 100-ից ավելի բուժհաստատությունների համար դեղորայք է պատվիրվում առանց մրցույթների, ինչը օրենքի պարտադիր պահանջ է: Կամ կազմակերպվում են մրցույթներ, բայց այդ մասին նախնական տեղեկատվություն է տարածվում անհայտ լրատվամիջոցներում: Դեղորայքի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների հանդեպ իրականացվում է դեմպինգային քաղաքականություն: Գնումների մասին օրենքն ընդունվել է, որպեսզի գնումներ չիրականացվի»:
Կարդացեք նաև
Գ. Սահակյանը հավաստիացնում է, որ իր առաջարկած դեղորայքը անհամեմատ էժան է, սակայն բուժհաստատությունները ձեռք են բերում մենաշնորհային քաղաքականությամբ աշխատող ընկերությունների դեղորայքը, իսկ «Նատալի ֆարմ»-ին ընդամենը 50 միլիոն դրամով տուգանելը ցուցադրական բնույթ է կրում, երբ այդ ՍՊԸ-ն շուրջ 3 միլիարդ 450 միլիոն դրամի օգուտ է ունեցել առանց մրցույթի դեղ վաճառելով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ