Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի «օդային» հիստերիան

Սեպտեմբեր 27,2012 16:48

Անկասկած, վերջին երկու տարիներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների և զլմ-ների կողմից քննարկվող հիմնական թեմաներից մեկը Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման հարցն է: Այդ ընթացքում պաշտոնական Բաքուն Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման վերաբերյալ աշխարհով մեկ աղմուկ բարձրացնելու հետ միաժամանակ հասցրել է հայկական կողմին մի շարք սպառնալիքներ ներկայացնել` ընդհուպ մինչև օդանավակայանի կողմից սպասարկվելիք ինքնաթիռների ոչնչացումը: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան կատարած վերջին այցի ժամանակ պաշտոնական Բաքուն հավաստիացրել էր, որ չի ոչնչացնի հայկական կողմի ինքնաթիռները, ադրբեջանական կողմը չի ցանկանում հետ կանգնել իր սպառնալիքներից և տեղական զլմ-ների և հովանավորյալ փորձագետների միջոցով շարունակում է ակնարկներ անել Ղարաբաղի օդային տարածք մուտք գործած ինքնաթիռների հնարավոր ոչնչացման մասին: Ամեն դեպքում ուսումնասիրելով  հրադադարի ռեժիմի հաստատումից հետո Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև ադրբեջանական կողմի վարքագիծն ու պոտենցիալը, առաջ են գալիս մի շարք հարցադրումներ, որոնք հիմք են տալիս ենթադրել, որ ադրբեջանական կողմի սպառնալիքները Ալիևյան ռեժիմին հատուկ հիստերիայի դրսևորման ձևն է:

Այսպիսով, ինչու Ադրբեջանը չի ոչնչացնում կամ երբևէ չի սպառնացել ոչնչացնել ԼՂՀ ուղևորվող ավտոմոբիլային տրանսպորտը, կամ, օրինակ, Հայաստանն ու ԼՂՀ-ը կապող Երևան-Ստեփանակերտ ավտոմոբիլային ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է և որի ռազմավարական նշանակությունն անգնահատելի է: Բացի այդ, հենց այդ ճանապարհով ամեն տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի բոլոր ծայրերից այցելում են ԼՂՀ: Վերջապես, ինչ տարբերություն, թե տրանսպորտային որ միջոցով է «խախտվում» այսպես կոչված Ադրբեջանի պետական սահմանը` օդային, թե ցամաքային: Իրոք անհասկանալի է:

Ինչու՞ են Ադրբեջանի իշխանությունները սկսել խոսել Ղարաբաղի օդային տարածքի օգտագործման «անօրինականության» մասին և սպառնալիքներ ներկայացնել հայկական կողմին միայն մամուլում Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման մասին տեղեկությունների տարածումից հետո: Հայտնի է, որ ՀՀ Նախագահը և այլ պաշտոնյաները Ղարաբաղ էին այցելում հենց օդային տրանսպորտ օգտագործելով` սովորաբար ուղղաթիռով: Անհնար է, որ այդ փաստի մասին տեղյակ չլինեին Ադրբեջանի իշխանությունները: Հարց է առաջանում, թե ինչու՞ ադրբեջանական կողմը երբեք չի սպառնացել ոչնչացնել օդատրանսպորտային այդ միջոցները: Եվ վերջապես, ինչու՞ է Ադրբեջանը լռում այդ փաստի առիթով:

Ի դեպ, վերոհիշյալից ստացվում է, որ Ադրբեջանական կողմը Ղարաբաղի օդային տարածքի «անօրինական օգտագործման» մասին սկսեց «ահազանգել» միայն ԼՂՀ հասարակ բնակչության համար օդային տրանսպորտի հասանելի դարձնելուն ուղղված համապատասխան աշխատանքների սկսումից հետո: Ակնհայտ է, որ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հիմնական նպատակներից մեկը ԼՂՀ բնակչության (որին, ի դեպ, ադրբեջանական կողմը բանակցային գործընթացում համարում է իբր սեփական պետության քաղաքացիներ` «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնք») ազատ տեղաշարժվելու իրավունքն ավելի գործուն դարձնելն է: Սպառնալով ոչնչացնել դեպի Ստեփանակերտ թռիչքներ կատարող ինքնաթիռները` Ադրբեջանի իշխանությունները փաստորեն բացահայտորեն սպառնում են ոչնչացնել այն մարդկանց, ում սեփական պետության քաղաքացիներ են համարում: Մի կողմից, Ադրբեջանը ԼՂՀ բնակչությանը դասում է սեփական պետության քաղաքացիների շարքին, մյուս կողմից` սպառնում է վերջիններիս ֆիզիկական ոչնչացմամբ: Իրոք որ, Ադրբեջանի կեղծավորությունը սահմաններ չի ճանաչում:

Վերադառնալով Ադրբեջանի ինքնառիթա-օդակայանային դեպրեսիային, պետք է փորձել հասկանալ Ադրբեջանի հերթական հոգեկան խանգարման «ախտորոշումը»: Հավանաբար, Ադրբեջանի հիստերիայի հիմնական պատճառը հենց վերջինիս անզորությունն է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ցանկացած գործընթացի վերաբերյալ: Մի կողմից, Ադրբեջանը չի կարող ճնշում գործադրել հայկական կողմի վրա և ստիպել հրաժարվել կամ օդակայանի վերաբացման պայմանները գոնե ինչ-որ աստիճանով համաձայնեցնել իր հետ, մյուս կողմից չի կարող ոչնչացնել հայկական ինքնաթիռները, քանի որ քաջատեղյակ է, որ այն կհանգեցնի պատերազմի վերսկսմանը, ինչը կարող է Ադրբեջանի համար կործանարար ազդեցություն ունենալ: Նման պայմաններում մնում է կամ կուլ տալ Ղարաբաղում միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ժամանակակից օդանավակայանի բացումը, ինչն հերթին կնշանակի ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականոն զարգացման և առաջընթացի ճանապարհին լինելու, ինչպես նաև տնտեսության զարգացման նոր հնարավորությունների ձեռբերելու փաստը, կամ էլ իրեն հատուկ ձևերով հիստերիա բարձրացնել: Բնականաբար, ավանդույթի համաձայն, Բաքվում ընտրել են երկրորդը:

 

Տիգրան Աբրահամյանց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930