Այսօր ԱԺ-ում արտգործնախարարության բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ «Արտգործնախարարը վարում է երրորդ հանրապետության պատմության արտգործնախարարին սպասարկող ամենաթանկարժեք ավտոմեքենան, ճոխություններ է թույլ տալիս իրեն: Չե՞ք կարծում, որ նախարարը պետք է մի փոքր ավելի զուսպ լինի»: Շավարշ Քոչարյանը պարզաբանեց՝ «Արտգործնախարարի մեքենան նվիրատվություն է: Նվիրատվությունը եղել է Գերմանիայից, այլ ոչ թե բյուջեի հաշվին գնված մեքենա է»:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Գերմանիայում շատ սուբյեկտներ կան, որոնց մի մասի նվերը ընդունելի կարելի է համարել, մյուս մասինը՝ ուրիշ բան կնշանակի: Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Գերմանացի է, կպատասխանենք հետո, անունը չենք հիշում, համենայնդեպս, այդ հարցերը արտգործնախարարի ուշադրության կենտրոնում են»:
Ավելի ուշ, լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի՞նչ պարզեցինք մենք: Պարզեցինք, որ Էդվարդ Նալբանդյանի S դասի «Մերսեդեսը»՝ մոտավորապես 150-300 հազար եվրո արժողությամբ մեքենան նվիրատվություն է: Փորձեցինք պարզել՝ ո՞վ է նվիրել այդ մեքենան: Շավարշ Քոչարյանը չգիտեր՝ լինելով նախարարի տեղակալ, ասացին՝ ինչ-որ մի գերմանացի: Այսինքն՝ եկեք այսօրվա աշխատանքն այս լավատեսական նոտայի վրա ավարտենք: Եվ քանի որ պարոն Քոչարյանն ուշանում էր օդանավից (նա ավելի վաղ ասել էր, որ մեկնում է Յալթա,- Հ. Ջ.) եւ քանի որ պարոն Նալբանդյանը ՀՀ-ում չէ շատ կարեւոր գործերով, ուրեմն այսօրվա նիստի արդյունքներով մենք կարող ենք արձանագրել այդքան բան»:
Կարդացեք նաև
Հարցին՝ սովորաբար ինչի՞ համար են այդքան թանկարժեք մեքենա նվիրում՝ պարոն Փաշինյանն ասաց, որ չի կարող որեւէ մեկնաբանություն անել. «Մենք արձանագրում ենք փաստեր: Կարծում եմ, որ պարոն Քոչարյանը պետք է ավելի շատ հարցերի տիրապետի: Մենք գիտեինք՝ միայն մարզպետներն են, որ հարցերի չեն տիրապետում, բայց պարզվում է՝ նա էլ»:
Aravot.am-ը պարոն Փաշինյանից փորձեց ճշտել՝ այսինքն կարծում եք, որ «սիրուն աչքերի» համար նման մեքենա չե՞ն նվիրում՝ նա պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ դուք իմ մեջ ցանկանում եք արթնացնել լրագրողին, բայց ես մեկնաբանել չեմ կարող»:
Aravot.am-ը նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանից հետաքրքրվեց՝ Դուք ժամանակին ի՞նչ մեքենա էիք վարում: Նա պատասխանեց. «31, Գազ Վոլգա, որը ինձնից առաջ օգտագործել են Փափազյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ