Այսօր ԱԺ-ում արտգործնախարարության բյուջեի 2011-ի բյուջեի կատարողականը ներկայացնելու էր եկել Շավարշ Քոչարյանը:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհեց, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթը Էդվարդ Նալբանդյանը կարող էր ուրիշ օր նշանակեր ու այսօր գար ԱԺ, որովհետեւ նրան հարցեր կային տալու:
Շավարշ Քոչարյանի փոխարեն պատասխանեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը. «ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ելույթի օրը մեկ ամիս առաջ հաստատված է, հարգելի պատճառ ունի նրա բացակայությունը»: Շավարշ Քոչարյանն էլ ավելացրեց՝ «Ասեմ, որ մեկնարկել է նախարարի այցը Նյու Յորքում, արդեն հանդիպում է եղել Եռանախագահների հետ…»: Շավարշ Քոչարյանին ընդհատեց Նիկոլ Փաշինյանը եւ հորդորեց անցնել իր հարցերին պատասխանելուն: Իսկ հարցերը հետեւյալն էին. «Բյուջեի կատարողական քննարկելիս պետք է հասկանանք, թե տվյալ ոլորտում բյուջեի միջոցները ծախսելով՝ 2011-ի բյուջեի միջոցների ծախսման արդյունքում ինչ է փոխվել: 1, 2, 3 արտաքին քաղաքական ձեռքբերումները նշեք, որ մինչեւ գումարը ծախսելը չունեիք՝ հիմա ունեք»:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց նաեւ, թե գործուղումների ընդհանուր ծախսերի մեջ ինչպիսի տեղ է զբաղեցնում Հունգարիա եւ Շվեյցարիա կատարած այցելությունների ծախսը: Շվեյցարիայի վերաբերյալ ծախսումների մասին տեղեկատվությունը, ըստ պարոն Փաշինյանի, հնարավորություն կտար պարզել, թե ինչքանով են համապատասխանում տեղեկությունները, որ այնտեղ տեղի են ունենում հայ-թուրքական գաղտնի բանակցություններ: Դա մի փաստ է, որ կհուշեր, որովհետեւ արտգործնախարարությունը հերքում է բանակցությունների մասին պնդումները: Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ Հունգարիայի վրա ոչ մի կոպեկ չի ծախսվել, քանի որ դեսպան եւ դեսպանատուն այդ ընթացքում չի եղել: Ինչ վերաբերում է Շվեյցարիային, նա ասաց, որ արտգործնախարարությունը ոչ թե չի հաստատում, այլ կտրականապես մերժում է այդպիսի լուրը, որը տարածվում է Թուրքիայի կողմից, որպեսզի մեղմացնի այն ճնշումը, որը որ կա Թուրքիայի վրա. «Ինձ համար անհասկանալի է, որ դուք կրկնում եք այդ լուրը: Այդ խոսակցությունները օգնում են Թուրքիային մի քիչ ավելի թեթեւացնել իր վրա առկա ճնշումը»:
Նիստի ժամանակ պարոն Փաշինյանն արձանագրեց, որ փաստորեն, 2011-ից մինչ այն պահը, երբ տեղի ունեցավ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը, Հայաստանը Հունգարիայում դեսպան չի ունեցել: Այսինքն՝ 9 ամիս դեսպան չենք ունեցել: Ըստ Շավարշ Քոչարյանի, հավատարմագրերը դեռ չեն հասցրած եղել հանձնել եւ չեն ունեցել այդ ժամանակահատվածում:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ արտգործնախարարը ճոխ ծախսեր է արել. «Մամուլում եղավ Հարավարեւելյան Ասիա կատարած շրջագայության մասին»: Նախարարի տեղակալի պարզաբանմամբ՝ «Ներողություն, մի կողմից մենք անընդհատ ասում ենք, որ պետք է մեծացնել մեր աշխարհագրությունը, մեր կոնտակտները, որովհետեւ մենք անընդհատ նույն վիճակում ենք, որ իսլամական կոնֆերանսում բազմաթիվ երկրների հետ չունենք դիվանագիտական ներկայացուցիչներ, որոնց հետ շփումները շատ թույլ են: Մեր նպատակը այո, հենց դա է՝ Լատինական Ամերիկա, Ասիա, եւ Աֆրիկա: Անվանել դա շրջագայություն, երբ որ նախարարը գնում է գործուղում, ընդ որում՝ մի օր ստեղ է, ինքնաթիռով ,մյուս օրն այնտեղ է, ամեն օր պահանջվում է ելույթներ, հանդիպումներ: Անկեղծ ասեմ՝ չէի ցանկանա ես այդ վիճակում լինեի, որ մարդը հարյուրավոր կիլոմետր է գնում, չի էլ հասցնում քնել: Ո՞նց կարելի է դա շրջագայություն համարել՝ ես չեմ հասկանում: Այլ բան, որ դուք կարող եք ասել՝ իսկ տոմսն ի՞նչ արժի: Ոտով հո չի՞ գնա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ