Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

Սեպտեմբեր 27,2012 16:14

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը: «Համոզված ենք, որ Ձեր այցը Հայաստան նոր թափ կհաղորդի մեր երկկողմ համագործակցությանը: Անցյալ ժամանակահատվածում բավականին մեծ ծավալի աշխատանք ենք կատարել: Մեր կողմից ստանձնած պարտավորություններն ամբողջ ծավալով և ժամանակին իրականացվել են»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանի առաջնային նպատակներից մեկը Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն է: Վարչապետն ընդգծել է այդ ուղղությամբ կատարվող բարեփոխումների և երկկողմ բանակցությունների հաջող ընթացքը և նշել, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս շարունակել դրանց արագ և արդյունավետ գործընթացը:

Փաստելով բարեփոխումների իրականացման ուղղությամբ Հայաստանի կառավարության կատարած  մեծ ծավալի աշխատանքը՝ Շտեֆան Ֆյուլեն  կարևորել է դրանց արդյունավետ շարունակականությունը:  «Ես տեսնում եմ կատարված բարեփոխումների ծավալը: Մենք կշարունակենք հնարավորինս արդյունավետորեն օգնել ձեզ, որպեսզի բարեփոխումների ներուժը բարձր լինի»,- ասել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը: Շտեֆան Ֆյուլեն մեծ առաջընթաց է արձանագրել վիզաների դյուրացման և Ռեադմիսիայի համաձայնագրերի ստորագրման բանակցություններում և նշել, որ դրանց ստորագրումը կարող  է տեղի ունենալ արդեն մոտ ապագայում:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարն ասել է, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանադակությունը կշարունակի կիրառվել «ավելին ավելիի» դիմաց  սկզբունքով: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 60 մլն եվրո ու ևս 15 մլն եվրո՝ հենց «ավելին ավելիի» դիմաց սկզբունքի շրջանակում:

Միաժամանակ, Շտեֆան Ֆյուլեն առաջարկել է Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը փոխարինել Ասոցացման օրակարգով:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև դոնորների կոնֆերանսի անցկացմանը, որի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու հարցը: Մասնավորապես, վարչապետը նշել է, որ  եվրոպական հանրության գնահատականներն այդ հարցում պետք է լինեն հստակ: Կառավարության ղեկավարը Շտեֆան Ֆյուլեի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի  ռազմատենչ քաղաքականությանը, սպառազինության ուղղությամբ մեծածավալ միջոցների հատկացմանը, այդպիսով շարունակելով նախապատրաստվել պատերազմի: Տիգրան Սարգսյանի խոսքով՝   ԵՄ-ն պետք է հստակ ընդգծի, որ չի հանդուրժի ուժի կիրառում, հակառակ պարագայում՝ այդ սկզբունքը խախտողի նկատմամբ կկիրառի միջազգային պատժամիջոցներ:

Հանդիպումից հետո Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև ստորագրվել են «Եվրոպական Միություն-Հայաստան համաձայնագրերին կից շրջանակային ծրագիր-տարեկան գործողությունների ծրագիր-2011» և «Աջակցություն Հայաստանի կառավարությանը Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման և ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման համար-փուլ 2-Տարեկան գործողությունների ծրագիր-2011» ֆինանսական համաձայնագրերը:

Համաձայնագրերը, որոնցով Հայաստանին ընդհանուր առմամբ կտրամադրվի 43 մլն եվրոյի օժանդակություն, ստորագրել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930