«Ամբողջովին հարգում եմ հայերի այս հարցում վերաբերմունքը, դիրքորոշումը, զայրույթը արտահայտելու իրավունքը եւ օգտագործելով առիթը՝ ուզում եմ իմ խորը մտահոգությունն ու ափսոսանքը հայտնել պատճառված վնասի կապակցությամբ: Վնաս, որը պատճառվել է խաղաղության գործընթացին` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով ու ոմանց կողմից նրա կատարած հանցանքը փառաբանելով»,- այսօր կառավարությունում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, ասաց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Ըստ նրա, «Սա մեր համար կարեւոր խնդիր է՝ արժեքների վրա հիմնված գործընկերության շրջանակներում: Մենք այս հարցին մոտեցել ենք: Միաժամանակ ես շարունակում եմ կոչ անել՝ զսպվածություն դրսեւորել ե’ւ բառերի ե’ւ գործողությունների մեջ: Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության, որովհետեւ միայն խաղաղությամբ ու կայունությամբ կարող ենք տեւական արժեք հաղորդել մյուս նպատակներին, որոնց ուղղությամբ աշխատում ենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ