Կարդացեք նաև
Կոմիտասի այգում կառուցվելիք կոմիտասյան համալիրի վերաբերյալ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց կոմիտասագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր Մհեր Նավոյանից, որը մասնակցել է այդ գաղափարի վերաբերյալ քննարկումներին: Նրան խնդրեցինք մեկնաբանել նաեւ այդ թեմայով օրերս կայացած ասուլիսում հնչած հայտարարությունները, մասնավորապես՝ Կարինե Հակոբյանի այն արտահայտությունը, թե գիտության զարգացումը շենքի հետ չի կապված, եւ վերջին տարիներին մի շարք մշակութային հաստատությունների շենքեր վերածվել են խանութների, բանկերի եւ զվարճանքի վայրերի:
Կոմիտասագետն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Կարինե Հակոբյանի ասածները՝ հետեւյալ պատճառներով. «Ես չեմ նայել այդ ասուլիսը, բայց կարծում եմ, որ երեւի Կարինե Հակոբյանը այդ տարածքը չի տեսել իր աչքերով. այնտեղ աղբանոց էր եւ ոչ մի ծառ չկար: Ամեն մեկի մեկնաբանելով, իմ գործը ստիպված կլինեմ թողնել ու զբաղվել բոլորովին այլ բաներով: Ինչքան հասկանում եմ՝ նա կիսաքաղաքական, կիսահասարակական գործունեություն վարող մարդ է, իր տեսակետն ունի իրողությունների վերաբերյալ, իր կուսակցական, քաղաքական, աշխարհայեցողական նպատակները եւ իրողություններին այդ դիրքերից է նայում»:
Հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով հարմա՞ր վայր է ընտրված՝ Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ կառուցելու համար: «Տեղի հարցը շատ է քննարկվել, եւ հնարավորությունների ու ցանկությունների համադրման արդյունքում այս տեղն է որոշվել: Այս հարցին էլ հարկ չեմ համարում անդրադառնալ, որովհետեւ ես իմ տեսակետը քննարկումների ժամանակ հստակ արտահայտել եմ եւ հետո՝ հարցը արդեն լուծված է, գործը սկսված»,- պատասխանեց նա:
Մհեր Նավոյանը զարմանում է. «Թանգարան-ինստիտուտի լինելու մասին հարցը չեմ հասկանում, թե ինչո՞ւ է քննարկվում եւ ինչո՞ւ է առհասարակ Կարինե Հակոբյանը դա քննարկում, կամ ինչո՞ւ է կասկածի տակ առնվում այդ հաստատության գոյությունը: Անկեղծորեն չեմ լսել Կարինե Հակոբյանի ելույթը»:
Կոմիտասագետին փոխանցեցինք տիկին Հակոբյանի այն մտահոգությունը, որ նա դեմ է այգու հաշվին թանգարան-ինստիտուտ կառուցելուն եւ Կոմիտասից հայ ժողովուրդն այնքան է հեռացել, չնայած նրա անունով մի շարք հաստատությունների գոյությանը, որ կոմիտասյան համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում:
Մհեր Նավոյանը շեշտեց, որ տարածքում, որտեղ սկսել են կառուցապատել, դուրս է այգուց եւ առհասարակ ծառ կտրելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ այնտեղ ծառեր չկան:
Ինչ վերաբերում է Կոմիտասի անվան կոնսերվատորիա, Կոմիտասի անունով ուրիշ մշակութային օջախներ ունենալուն, եւ դրանց կողքին եւս մեկ կոմիտասյան մշակութային օջախ ստեղծելուն, Նավոյանի խոսքով. «Եթե կոմիտասյան եւ ընդհանրապես դասական երաժշտության համերգները կիսադատարկ դահլիճներում են անցնում, ուրեմն դա առիթ է որ մենք Կոմիտասի մասին չհիշենք եւ թանգարան- ինստիտուտ չկառուցե՞նք: Ուրեմն ի՞նչ, այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում պիտի փակենք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը եւ մշակութային բոլոր օջախները՝ կոնսերվատորիան, արվեստի ինստիտուտը…Ի դեպ, այդ հաստատության ֆունկցիայի մասին. դա տուն- թանգարան չէ, որովհետեւ Կոմիտասը չի ապրել Երեւանում: Այն ունենալու է բազմաֆունկցիոնալ նշանակություն եւ հնարավորինս չի կրկնելու կամ կրկնապատկելու այն բոլոր գործառույթները, որոնք ունեն մինչ այժմ գործող կայացած հաստատությունները: Այս նախաձեռնության հեղինակները մտահոգվել են այդ մասին: Իմիջիայլոց, բոլոր կարծիք հայտնող մարդկանց հրավիրել են քննարկումներին, այլ հարց է, որ ոմանք հրաժարվել են մասնակցել: Բոլորի կարծիքները լսվել են, եւ էնպես չի, որ օդից «դեսանտ» է իջնում մի նոր գաղափար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ