Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Սուրենյանցը քաղաքական դաշտ է փորձում վերադառնալ «Նոր աջեր»-ով

Սեպտեմբեր 27,2012 15:51

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 2 տարի առաջ հայտարարել էր, որ ժամանակավորապես կասեցնելու է իր գործունեությունը քաղաքականության ոլորտում: Պատճառը՝ նրա եւ Հայ Ազգային կոնգրեսի ղեկավարության միջեւ առաջացած խորքային հակասություններն էին, որոնց վերջնահանգումը դարձավ իր եւ պաշտպանության նախարարի՝ Սեյրան Օհանյանի հանդիպումից հետո առաջացած աղմուկը, որից հետո նրան մեղադրել էին դավաճանության եւ այլ մեղքերի մեջ:

Սուրենյանցը որոշեց առժամանակ դադարեցնել իր գործունեությունը, սակայն վերադարձավ, քանի որ քաղաքական համակարգի իրավիճակը իրեն չէր բավարարում. «Ինձ հոգեհարազատ կլիներ վերադառնալ «Հանրապետություն» կուսակցություն, սակայն երկար մտածելուց հետո որոշեցի ստեղծել «Նոր աջեր» քաղաքացիների միությունը՝ նոր գաղափարների տեր մարդկանց համար: Մեր գերակայությունը կլինի մարդու իրավունքների ազատության ընդլայնումը, որը երկրին կմոտեցնի եվրոպական երկրների չափանիշներին եւ կօգնի, որպեսզի երկրում ձեւավորվի արդյունավետ կառավարում: Կարեւոր չափանիշներից է իշխանության գործունեության թափանցիկությունը, դատական իշխանության լիակատար անկախությունը, սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, օլիգարխիկ համակարգի վերացումը :

Կուսակցությունը կողմ է լինելու հարեւան երկրների հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հայ-թուրքական հարաբերությունների վերահաստատմանը: Խորապես համոզված ենք, որ քանի դեռ չկա բաց սահմաններ, հնարավոր չէ խոսել զարգացած Հայաստանի մասին, նույնիսկ անկախ այս կամ այն իշխանության հանգամանքին: Կուսակցության նպատակն է՝ նպաստել Հայաստանի անդամակցությանը Եվրոմիությանը եւ Հյուսիսատլանտյան դաշինքին, ժամանակն է, որպեսզի Հայաստանի քաղաքական էլիտան բարձրացնի ռուսական զորքերը Հայաստանի տարածքից դուրս տեսնելու իր մտադրության մասին:

Որպես հարեւան երկրի ներկայացուցիչ, ինձ նույնպես հետաքրքրում է Ադրբեջանի հասարակության մտածողությունը, կառուցվածքը: Կա մեկ այլ իրողություն՝ պետք է ընդունենք, որ հազարամյակներ ու տասնամյակներ հետո երկրից չեն վերանալու Ադրբեջան եւ Հայաստան պետությունները: Մենք դատապարտված ենք լինելու հարեւաններ, ոչինչ չզիջելը բերելու է բանակցային գործընթացի վիժեցմանը ու պատերազմական գործողությունների վերսկսմանը, որը կարող է աղետաբեր լինել»,-եզրափակեց Սուրեն Սուրենյանցը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930