Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է կանա՞նց պաշտպանել, թե՞ կանանցից պաշտպանվել. իրավիճակը Հայաստանում

Սեպտեմբեր 27,2012 15:48

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելան տարեկան ժողովի ընթացքում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերի շրջանակներում քննարկեց կանանց իրավունքների պաշտպանության հարցերն ու գենդերային անհավասարությանը վերաբերող խնդիրներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՄԱԿ-ի Կանանց հարցերով պատասխանատու Միշել Բաշելեն հայտարարեց, որ ինչպես ցույց են տալիս իրենց վերլուծությունները, աշխարհում 10 կանանցից 8-ը երկրի արդարադատության համակարգին դիմելու հարցում կամ դժվարություններ ունի, կամ ընդհանրապես մուտքի իրավունք չունի այդ համակարգ:

Տիկին Բաշելեն նաև տեղեկացրել էր, որ Ավստրալիայում, Կանադայում, Իսրայելում, Հարավային Աֆրիկայում կանանց 40-70 տոկոսը մահանում է իր զուգընկերոջ կողմից ստացած բռնությունների արդյունքում: Օրինակ՝ Գվատեմալայում օրական միջինը երկու կին սպանվում է:

Հայաստանում ևս այս ոլորտում գոյություն ունեն խնդիրներ, ինչի մասին տարբեր ամբիոններից և առիթներով բարձրաձայնվում է: Aravot.am-ը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ նախկինում լինելով պատգամավոր և շփվելով հասարակության տարբեր շերտերի հետ, պարոն Մարտիրոսյանն ի՞նչ կարծիքի է, կանանց իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում իրավիճակն ինչպիսի՞ն է: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ մեզ մոտ կանանց պաշտպանության խնդիրը գրեթե նույնն է, ինչ տղամարդկանց իրավունքների պաշտպանության խնդիրը: Որքանով պաշտպանված է քաղաքացիական հասարակությունը՝ անկախ սեռային պատկանելությունից, այնքանով էլ պաշտպանված են կանանց իրավունքները: Կարծես թե իրավական առումով որևէ խնդիր չկա, նույնիսկ Սահմանադրության մեջ, օրենքներում սեռային հավասարության իրավունքը ամրագրված է: Ուստի հեղափոխական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Դառնալով պրակտիկային՝ պարոն Մարտիրոսյանը նշեց. «Պրակտիկայում հնարավոր են որոշ դեպքեր լինեն՝ կապված սեռային տարբերության՝ հատկապես ի վնաս տղամարդկանց, քանի որ աշխատանքի ընդունելիս պահանջում են մինչև երեսուն տարեկան բարձրահասակ աղջիկների, մյուս կողմից էլ՝ որոշ երիտասարդ կանանց խուսափում են աշխատանքի ընդունել, քանի որ հնարավոր է՝ առաջանան հղիության հետ կապված խնդիրներ»:

Հետաքրքրվեցինք՝ իսկ կանանց նկատմամբ բռնություննե՞րը, հատկապես վերջին շրջանում շատ է խոսվում հարս-սկեսուր հայտնի սկանդալի մասին: Ա. Մարտիրոսյանն այս առիթով ասաց. «Այս խնդրում երկու կողմն էլ իգական սեռի ներկայացուցիչներ են, այսինքն՝ այստեղ սեռային խնդիրներ գոյություն չունեն, այդ խնդիրը միջանձնային հարաբերություններին է վերաբերում: Իհարկե, կանանց նկատմամբ բռնություններն ավելի շատ են, քան տղամարդկանցը՝ հաշվի առնելով նրանց ֆիզիկական հնարավորությունները, սակայն չեմ կարծում, որ մեր հասարակության մեջ կազմակերպված գործընթացներ կան, կամ հստակ ուղղություն կանանց բռնությունների առումով: Դրանք հիմնականում կենցաղային հարթությունում են: Որոշ դեպքերում էլ կանայք չեն դիմում իրավապահներին՝ ամոթի շղարշի անվան տակ, բայց դա էլ կամաց-կամաց ոնց որ թե վերանում է: Երբ կինը սկսում է սոցիալապես ակտիվ լինել, նման խնդիրները կարճ ժամանակում սկսում են մասսայական լինել և լուծման փուլ են անցնում»:

ՀՀ-ում կանանց պաշտպանվածության աստիճանը գնահատելով 5 միավորանոց սանդղակով՝ պարոն Մարտիրոսյանը նշեց, որ իրավիճակը գնահատում է 3-4 միավորի սահմաններում:

Հետաքրքրվեցինք՝ ըստ նրա ո՞րն է ժամանակակից հայ կնոջ բնորոշումը: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ժամանակակից հայ կինը ակտիվ է և նրա ակտիվությունը գնալով մեծանում է: Հետո էլ նկատեց. «Եթե մի փոքր էլ գործարար և քաղաքական կյանքում ակտիվ լինեն, կարծում եմ՝ ամեն ինչ իր տեղը կընկնի»:

Լինելով երկու դստրերի հայր՝ Ա. Մարտիրոսյանը նաև ցանկանում է, որ Հայաստանում ձևավորվի կանանց համապատասխան իրական բարեհաճ միջավայր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930