Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիայի ռեկտոր. բոլորս պիտի կամավոր բանվորություն անենք

Սեպտեմբեր 27,2012 15:41

Կոմիտասի այգում  կոմիտասյան համալիրի կառուցումը կրքեր  է բորբոքել, բնապահպաններն ահազանգում են, որ շինարարության արդյունքում ծառեր են հատվելու, իսկ հրապարակախոս, հասարակական գործիչ Կարինե Հակոբյանը հայտարարում է, որ հարցը ամենեւին էլ Կոմիտասին մոռացությունից փրկելը չէ, նրա անունն ուղղակի շահարկվում է այս պատմության մեջ:

Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը  Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց՝ ինչպե՞ս կարելի է դեմ լինել Կոմիտասի  թանգարան-ինստիտուտ ստեղծելուն. «Այդ տարածքում նախկինում ակումբ էր, որը էդպես էլ մնացել էր: Ես չեմ կարծում, թե այնտեղ ծառեր են հատվել կամ հատվելու, որովհետեւ ծառեր չկան: Մակետը նայել ենք, ճարտարապետն էլ Արթուր Մեսչյանն է, որը նախագծել է Մատենադարանի նոր մասնաշենքը:

Ցավոք, մեր  ժողովրդի մեջ մի սովորություն կա.  եթե դարերով որեւէ հարց չի լուծվում,  ոչ մեկը ձայն չի հանում, բայց հենց մեկը որոշում է այդ հարցը լուծել, բոլորը սկսում են իրենց անձնական կարծիքներն ասել: Ես քաղաքին լավ չեմ տիրապետում եւ ամեն օր ուղղաթիռով չեմ անցնում, որ իմանամ՝ ավելի հարմար տեղ կա՞ այդ շինության համար: Մյուս կողմից էլ, եթե արդեն կա որոշում, ուրեմն Կոմիտասի այգում էլ պետք է լինի: Ի՞նչ վատ տեղ է որ: Հարեւանությամբ  մեր հանճարների աճյուններն են, վերջիվերջո այդքան տարի չենք ունեցել Կոմիտասի թանգարան կամ կենտրոն, գիտեմ՝ այն լուրջ մշակութային օջախ է լինելու»:

Ռեկտորին հիշեցրինք Կարինե Հակոբյանի՝ ասուլիսում արված   այն արտահայտությունը, որ  մշակութային շենքերի պակաս չունենք, իսկ եղածները բանկ են դարձել, խանութ կամ զվարճանքի օբյեկտ, ու ավելի լավ է՝ Կոմիտասի հանդեպ հարգանքը արտահայտվի այգին բարեկարգելու ձեւով: Պարոն Շահինյանն այս դիտարկման վերաբերյալ էլ նշեց. «Ինչի՞ համեմատ չունենք մշակութային շենքերի պակաս, որ քաղաքի համեմատ, ասենք՝ Կապանի՞, թե՞ եվրոպական որեւէ քաղաքի….

Ախր ամբողջ Երեւան քաղաքն ունի ընդամենը  երկու մեծ  համերգային դահլիճ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահն ու Օպերային թատրոնը, ինչ վերաբերում է Մարզահամերգային  համալիրին, դժվար է մարդկանց համար այդքան աստիճան բարձրանալը, մնացածը շատ փոքր, լոկալ, պուճուրիկ սրահներ են: Եթե  Բախի համար թանգարան սարքեին, գերմանացիներից ոչ մեկը դա կասկածի տակ չէր առնի: Իսկ Կոմիտասն ավելին է մեր ժողովրդի համար, քան Բախը Գերմանիայի, այդ հարցը չպետք  քննարկվի: Եվ եթե ինչ-որ մեկը նախաձեռնել է այս գործը, մնում է միայն ողջունել: Ավելին՝ ոչ միայն երաժիշտները, այլեւ ամբողջ ժողովուրդը պիտի գնա կամավոր գրվի, բանվորություն անի, որպեսզի ինչքան հնարավոր է  շուտ կառուցենք կոմիտասյան կենտրոնը: Դրանից հաստատ միայն օգուտ կլինի  մեր ժողովրդին»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930