Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելական եկեղեցին տոնում է Խաչի տոներից ամենահայկականը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2012 15:39

Այսօր «Ելակետ» ակումբում Տեր Եսայի քահանա Արթենյանը խոսեց «Վարագա Սուրբ Խաչի տոնը. Խաչի տոներից ամենահայկականը» թեմայով:

Ներկայացնելով տոնի նախապատմությունը՝ տեր հայրը հայտնեց, որ Վարագա խաչի տոնը հիշատակությունն է Վարագ լեռան վրա Քրիստոսի խաչափայտի մասունքի հայտնաբերման. «Պատրոնիկե կայսրուհին, Հակոբ Տյառնեղբորից ստանալով Տերունական խաչափայտից մի մասնիկ, այն տանում է Հռոմ: Նրա մահից հետո մասունքն անցնում է քրիստոնյա ժառանգորդներին, ովքեր մասունքը փոխանցում են սերնդե սերունդ: Ի վերջո, մասունքն անցնում է Հռիփսիմե կույսին, ով Վարագ լեռան վրա ճգնելիս այն թաքցնում է քարայրներից մեկում՝ հանձնելով այն տեղի ճգնավոր քահանաներին: Քահանաների մասից հետո մասունքի գտնվելու վայրն անհայտ է մնում: 7-րդ դարում Վարագ լեռը ճգնելու եկած Թոդիկ Ճգնավորը փափագում էր գտնել մասունքը: Մի գիշեր երկնքում երեւում է խաչանիշ լույսի նշան, որը մտնում է եկեղեցի եւ կանգ առնում սուրբ սեղանի վրա, որտեղ էլ գտնվելիս է լինում մասունքը: Ներսես Գ կաթողիկոսը հաստատում է Վարագա սուրբ Խաչի տոնը»:

Քահանան հավելեց, որ մասունքը Վարագի սուրբ Նշան եկեղեցում մնում է մինչ 1921թ-ը, երբ Վասպուրականի Սենեքերիմ Արծրունի թագավորն այն տեղափոխում է Սեբաստիա. «Թագավորի մահից հետո մասունքը վերադարձվում է Վարագ, սակայն 1651թ թուրք փաշաները կողոպտում են այն: Փաշաների չարաչար վախճանից վախեցած Իբրահիմ բեյը մասունքը վերադարձնում է վանեցիներին, ովքեր այն տեղադրում են սուրբ Տիրամոր եկեղեցում»:

Հոգեւորականի խոսքով՝ Վարագա սուրբ Խաչի տոնը հատուկ է միայն Հայ Առաքելական եկեղեցուն եւ նշվում է սեպտեմբերի 28-ի մերձավոր կիրակի օրը. «Ժամանակի ընթացքում խաչափայտի մասնիկը պահպանվել է տարբեր եկեղեցիներում, այդ իսկ պատճառով դրանք անվանակոչել են սուրբ Նշան: Այդպիսի եկեղեցիներ կան ներկայիս Հայաստանի եւ պատմական Հայաստանի տարածքներում: Մասունքն այժմ պահպանվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ համարվում է ամենանվիրական մասունքներից: Տոնն այսպես ասած՝ Խաչի տոներից ամենահայկականն է, քանի որ Խաչի երեք տոները նշում են նաեւ մյուս եկեղեցիները, իսկ Վարագա Խաչի տոնը բնորոշ է հայ իրականությանը»:

Խոսելով տոնի արարողակարգից՝ տեր Եսային ասաց, որ մատուցվում է սուրբ պատարագ, իսկ ընդգծված հատուկ ավանդույթ չկա. «Հատկանշական են ուխտագնացությունները, հատկապես՝ դեպի սուրբ Նշան եկեղեցիներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930