«Հունգարիայի իշխանություններն անհանգստանում են այն ճնշումից, որին ենթարկվում են մեր կողմից: Բացի այդ՝ տարբեր դիվանագիտական, միջազգային շրջանակներում ստեղծված ոչ ցանկալի վիճակը, մյուս կողմից՝ Հունգարիայի իշխանությունների հանդեպ արտասահմանցիների ձեւավորած հասարակական կարծիքի, նաեւ հենց իրենց՝ Հունգարիայի ընդդիմադիր ուժերի կողմից բարձրացրած դժգոհությունները շատ ճնշող են»,- այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով հայ-հունգարական հարաբերությունները՝ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ նրա՝ այժմ Հունգարիան փորձում է գտնել ձեւ, որ կարողանա հարցը փակել, սակայն այս հարցը արագ փակվող չէ. «Չեմ հասկանում մեր արտգործնախարարի ասածը, թե Հունգարիայից կոնկրետ քայլեր է սպասում: Չգիտեմ այդ կոնկրետ քայլեր ասելով նա ինչ նկատի ունի: Իմ կարծիքով՝ կոնկրետ քայլերը պետք է շատ համարժեք լինեն այն քայլին, որ իրենք ձեռնարկեցին, հատկապես Արցախի հարցում: Այսինքն՝ այն վտանգը, որ իրենք իրենց քայլով բարձրացրեցին Արցախի խնդրում, պետք է, որ քաղաքական դիվանագիտական քայլերով վտանգը նվազեցնել: Իսկ սա առաջին հերթին կնշանակի՝ ճանաչել ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքն ու այդ իրավունքի կիրառման փաստը»:
Կիրո Մանոյանը անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ասաց, որ դրան պետք է երկար սպասել, քանի որ նախեւառաջ հարց է առաջանում՝ գնալ ի՞նչ խոսել Ալիեւի նման նախագահի հետ:
Բանախոսի ներկայացմամբ՝ ԵԱՀԿ-ն 20 տարի շարունակ զբաղվելով մեր հարցով հասկացել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս. «Մնում է Ադրբեջանին մշտապես հիշեցնել, որ ԵԱՀԿ-ն այս հարցով զբաղվում է հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այն բանաձեւերի համաձայն, որոնց իրենք հաճախ հղում են կատարում, թե Հայաստանն իր պարտավորությունները չի կատարում: Բայց այդ բանաձեւերը հստակ ասում են, որ ՄԱԿ-ը աջակցում է ԵԱՀԿ-ին այս հարցի կարգավորման գործում»,-հավելեց նա:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ