Լրահոս
Օրվա լրահոսը

Շտեֆան Ֆյուլե. «Քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար օգտագործեք տեխնոլոգիաները» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2012 15:19

«Ձեր ուժը բխում է նրանից, որ չշեղվեք ձեր բուն մանդատից: Հենց սկսեք քաղաքականությամբ զբաղվել՝ կկորցնեք ձեր դերը»,-այսօր «Մարիոթ»

հյուրանոցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այսպիսի խորհուրդ տվեց ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Պարոն Ֆյուլեն Հայաստան է ժամանել քաղաքացիական հասարակության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինարին մասնակցելու:

Հանձնակատարը դրական համարելով, որ մեր երկրում «Ֆեյսբուքի» կամ այլ սոցցանցերի միջոցով հաջողվում է մեծ թվով մարդկանց համախմբել` այս կամ այն ակցիային մասնակցելու համար, կոչ արեց առավել ակտիվ օգտագործել տեխնոլոգիաները. «Մի վախեցեք, այն ձեր թշնամին չէ»:

Aravot.am-ը Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանից հետաքրքրվեց, թե այսօր որքանով է կայացած մեր երկրում քաղաքացիական հասարակության ինստիտուտը եւ ինչ խոչընդոտներ կան դրա զարգացման համար: Տիկին Ադամյանի պատասխանը` տեսանյութում.

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի կարծիքով, մեր երկրում քաղաքացիական հասարակությունը անկախության 21 տարիների ընթացքում գնալով ավելի է ուժեղանում. «Գնալով մենք ինքներս ականատեսն ենք լինում շատ ու շատ մակարդակներում կայացվող  որոշումների, որոնք ուղղակի հետեւանքն են քաղաքացիական հասարակության կազմակերպված աշխատանքի:

Ես դրական եմ գնահատում այն ինչ մենք ունենք` պետական կառավարման համակարգում շատ կարեւոր փոփոխություններ են տեղի ունենում: Մենք պետք է հասարակական կազմակերպություններին չնայենք, որպես հակառակ կողմում կանգնած, այլ` որպես դաշնակից: Քաղաքացիական հասարակությունն այն բանն է, որն ընդունում է, հանդուրժում է նույն խնդրի վերաբերյալ ամենատարբեր կարծիքներ այդ թվում եւ ծայրահեղական»:

Մեր հարցին, թե այսօր իշխանությունների կողմից շատ է շահարկվում , թե հատկապես բնապահպանական ուղղվածությամբ /հկ-ները, որոնք այդքան ակտիվորեն պայքարում են վտանգավոր եղանակով հանքարդյունաբերության, կանաչ տարածքների ոչնչացման դեմ, դրսից են հովանավորվում եւ «փիս-փիս» նպատակներ են հետապնդում, պարոն Ֆարմանյանն  ասաց. «Եթե հ/կ-ները պայքարում են, որպեսզի մեր բնությունը լինի ավելի պաշտպանված, մարդու իրավունքները Հայաստանում հարգվեն, ինձ բացարձակ հետաքրքիր չէ, թե ֆինանսավորողի դերում ով է հանդես գալիս: Խնդիրը գաղափարի, եւ էության մեջ է: Ես էլ, որպես քաղաքական գործիչ, միշտ չէ, որ համաձայն եմ հ/կ-ների միջոցով արտահայտած բոլոր կարծիքներին»:

Aravot.am-ի հետ զրույցում, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց.  «Հայաստանում քաղաքացիական հասարակությունը բավական ակտիվ է: : Գաղտնիք չէ, որ կան շատ հ/կ-ներ, որոնք արհեստական են, կամ միայն թղթի վրա են, բայց մեզ մոտ վիճակն այդ առումով այդքան վատ չէ ինչպես պատկերացնում ենք: Ֆյուլեի Հայաստան գալը հենց դրա ապացույցն էր: Հ/կ-ների դերը հենց նրանում է, որ իրենք հարցը չքաղաքականացնելով իրենց ուզածն անցկացնեն: Հայաստանում բավական դանդաղ եւ անհաջող է գնում բազմակուսակցությունը, շատ կուսակցություններ, հասկանալի չէ, ընդհանրապես ունեն ծրագրեր թե ոչ, շատերը զբաղվում են պրիմիտիվ քննադատությամբ, եւ այդ պարագայում շատ կարեւոր է քաղաքացիական հասարակության զարգացումը: Դրանք ինչ-որ չափով կլրացնեն բացերը: Քանի որ հասարակական կազմակերպությունները չեն ձգտում իշխանության, իշխանության կողմից պայքարը դրանց դեմ այդքան ուժեղ չէ: Իշխանություններն ավելի են հակված արձագանքել հ/կ ների առաջարկություններին քան` կուսակցությունների»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930