ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ ՌԴ դեսպանատան հովանու ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը, Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի /ՏՌՄԱ/ եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի /ՏՀԻ/ նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի գիտական, զբոսաշրջային առաջին համատեղ արշավը՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին: Գիտարշավը կմեկնարկի Երեւան քաղաքից եւ կընդգրկի Գյումրի, Դիլիջան, Սեւան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական, Էջմիածին քաղաքները:
ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի խոսքով՝ ոլորտում հիմնարար քաղաքականություն է, անհրաժեշտ է ստեղծել բարենպաստ միջավայր՝ բիզնես գործունեության արդյունավետության համար.
«Երիտասարդների ներգրավվածությունն ենք կարեւորում: Երիտասարդները իրենց ուրույն աչքերով կփորձեն մեր պետական եւ մասնավոր կրթական համակարգի ներկայացուցիչներին ուղղորդել դեպի նոր ռեսուրսներ, բացահայտել նոր տուրիստական հնարավորություններ իրենց տեսլականով, իրենց աչքերով: Մեր գիտարշավը նվիրել ենք հայ-ռուսական դիվանագիտական կապերի հաստատմանը»:
Արշավի հիմնական խնդիրներից մեկը երիտասարդական զբոսաշրջության զարգացումն է՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը եւ խորացմանը աջակցելու նպատակով: Այն նաեւ նպատակ ունի բացահայտել նոր զբոսաշրջային ռեսուրսներ, նպաստել նոր մրցունակ զբոսաշրջային արդյունքների ձեւավորմանը եւ ռուսական շուկայի պատշաճ ներկայացմանը: Գիտարշավի ռազմավարության մեջ մեծ տեղ է հատկացված հայ եւ ռուս եկեղեցիների բարեկամության, ինչպես նաեւ կրոնական սրբավայրերի բացահայտման եւ զբոսաշրջային երթուղիներում դրանց ընդգրկման խնդիրներին:
Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նշեց, որ սա կարեւոր եւ լավ սկիզբ է: Այն ունի ոչ միայն ճանաչողական նպատակ, այլեւ գիտական: Կմասնակցեն եւ ուսանողներ, եւ մասնագետներ.
«Նախագիծը լավ զարգացում ունի, կլինեն կլոր սեղան քննարկումներ, եւ դա կբերի տարբեր երկրների հետ համագործակցության ամրապնդման, նաեւ անհրաժեշտ է լայն գիտելիքների նախապատրաստում»:
Սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զբոսաշրջության համաշխարհային օր, խոսվեց նաեւ դրա կարեւորության մասին: Զբոսաշրջության համաշխարհային օրվա հիմնական նպատակն է՝ բարձրացնել համաշխարհային հանրության իրազեկությունը զբոսաշրջության եւ դրա սոցիալական, մշակութային, քաղաքական եւ տնտեսական արժեքների կարեւորության վերաբերյալ:
Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստովոյի» ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը կարծում է, որ սա պարզապես էքսկուրսիա չէ, այլ գիտական է. «Հայերը հյուընկալ ազգ են, մանավանդ Ռուսաստանի համար, ինչ ենք ներկայացնելու աշխարհին, իհարկե կորպորատիվ տուրիզմ: Մեր նպատակն է ստեղծել միասնական տուրիստական տարածություն: Սա փոքր սկիզբն է, մեծ գործի»:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համագործակցության շրջանակում, 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երեւանում կկայանա «Համամարդկային արժեքները եւ մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովի նպատակն է՝ ընդգծել պատասխանատու զբոսաշրջության, համամարդկային արժեքների եւ մշակութային բազմազանության կապը՝ առանձնացնելով կրոնական եւ միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության, աղքատության նվազեցման եւ զբոսաշրջության բնագավառին առնչվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բնագավառների լավագույն փորձը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ