ՀՀ կառավարություն նիստից հետո հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը։ Նա տեղեկացրել է, որ 2013 թ. պետբյուջեում մի քանի միլիարդ դրամ է նախատեսվել, որպեսզի եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման որևէ խնդիր չառաջանա։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող ծրագրի համաձայն բոլոր նախարարություններն իրենց ենթակա ՊՈԱԿ-ների համար, ինչպես նաև մարզերում կատարեն համապատասխան հաշվարկները։
Պատասխանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցին` նախարարը նշել է, որ այս գործում ռիսկային կարող են լինել հիմնականում փոքր ՊՈԱԿ-ները և ՀՈԱԿ-ները, որոնց հաշվապահներն ուսուցում պետք է անցնեն ըստ հաստատված միջոցառումների ծրագրի։
«Մեզ համար ռիսկային կարող են լինել փոքր սուբյեկտները, – ասել է վարչապետը։ – Անհրաժեշտ է, որպեսզի դրանց հաշվապահները ճշգրիտ ձևակերպումներ տան։ Դա վերաբերում է նաև համայնքներին, մանավանդ փոքր համայնքներին, և այս ամիսների ընթացքում բոլորին պետք է վերապատրաստենք։
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս խնդիրը, որպեսզի հունվարի 1-ից աշխատավարձերի ստացման հետ մենք որևիցե խնդիր չունենանք։ Բոլոր սուբյեկտների համար համապատասխան ֆինանսական միջոցները բյուջեում նախատեսված են, այսինքն` ֆինանսական միջոցների պրոբլեմ մենք չունենք, ուղղակի ճիշտ կազմակերպման խնդիր կա»։
Կարդացեք նաև
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ