Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Սիրիայում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց, որ դրանք իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի վրա. «Այս տեսանկյունից Թուրքիան, միջամտելով Սիրիային, ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ տարածաշրջանը կարող է նոր բացասական զարգացումների առաջ կանգնել: Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները պետք է մեզ մտահոգեն, քանի որ դրանք կարող են ազդեցություն ունենալ մեր հարեւան Իրանի վրա ու այնպիսի իրավիճակի ստեղծման, որ Իրանը ստիպված լինի ավելի ուժեղ ներքաշվել տարածաշրջանի խնդիրների մեջ, այսինքն՝ ստեղծվի լարված իրավիճակ, որ մենք ստիպված լինենք ընդամենը մեկ հարեւանի՝ Վրաստանի հետ հարաբերվել»,-նշեց Մանոյանը, հավելելով, որ այս զարգացումները սակայն կանխատեսելի էին, բայց հավանական սցենարները բավականին հստակ են:
Այս առումով, ըստ նրա՝«Մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»:
Անդրադառնալով սիրիահայերին օգնելու փաստին՝ Մանոյանը նշեց, որ համոզված է, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են. «Պետությունն անում է այնպիսի քայլեր, որոնց մասին ցանկության դեպքում չի էլ կարող հայտարարել: Չեմ ուզում խորհրդավոր թվալ, կամ այդպիսի մթնոլորտ ստեղծել, բայց երբ հարցը վերաբերում է անվտանգությանը, ապա ամեն ինչ չէ. որ կարելի է բարձրաձայնել»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ