Այսօր ԱԺ-ում Վարդան Ղուկասյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ասում են՝ հսկայական պարտքեր ունեք կուտակած, որոնք Սամվել Բալասանյանը չի պատրաստվում մարել: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, հսկայական պարտքեր ասել դա մի քիչ սխալ է, բայց իրավահաջորդը դա պետք է անպայման…կտեսնեն, կնայեն, որ այդ պարտքերը եթե տեղին են, չեն կարող չվճարել: Դա՝ մեկ: Երկրորդ հերթին, երբ որ ես քաղաքապետ դարձա 99-ին, 400 մլն բյուջեի մեջ 300 մլն դրամը պարտք էինք, փակելով եկել ենք, կառուցել ենք: Ինչքան հիմա մեր բյուջեն է, այդ բյուջեով այդ քաղաքը պահելը շա՜տ մեծ դժվարությունների առաջ է կանգնելու յուրաքանչյուր քաղաքապետ: Դա հանրապետության երկրորդ քաղաքն է: Կարկատան՝ այսպես ասֆալտապատում անելու համար տարին 500 մլն դրամ է պետք, իսկ մենք կարողացանք սեփական եկամուտներն ավելացնել, դարձնել 2 մլրդի: ՀՀ-ում առաջինը Գյումրին էր, որ այդքան կարողացավ սեփական եկամուտներն ավելացնել: Եվ այսօր 3 մլրդ 200 մլն է, բայց այդքան դրամը առ ոչինչ է՝ Գյումրի քաղաքի պես հսկայական քաղաքը պահելու համար: Հիմա որ գաք հրապարակը տեսնեք՝ կարկատաններով է: Այստեղ այլ մոտեցում է պետք ցուցաբերվի»:
Մենք ճշտեցինք՝ ճի՞շտ է, որ այդ պարտքերից միայն 450 մլն-ը Ձեր որդուն եք պարտք: Նա վստահեցրեց. «Սխալվում եք, իմ որդին ընդհանրապես բիզնեսով, այդ հարցերով չի զբաղվում, ինքն իր սեփականությամբ է զբաղվում»: Նա հավաստիացրեց, որ Սպարտակը Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ չի իրականացրել:
Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ, թե իր ընկերոջ բիստրոյի հրդեհման մեջ ինչ-որ «այլ» պատճառներ չի՞ տեսնում՝ նկատի ունենալով քաղաքական՝ նա վստահեցրեց, որ տեղյակ է, որ վառվել է ընկերոջ բիստրոն, բայց դրա տակ ուրիշ բան չի տեսնում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ