«Արծիվ-մահապարտներ» ջոկատը 20 տարեկան է. այն ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի անկումից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կոչով:
«Արծիվ-մահապարտներ» միություն հ/կ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն ու զորագնդի ներկայացուցիչներն այսօր հետադարձ հայացք նետելով անցած ուղուն՝ ասացին, Աստված չանի, բայց եթե պատերազմը կրկնվի, իրենք նորից նույն կազմով կմեկնեն կռվի, ու այս անգամ ավելի «ջղային»:
«Մենք պաշտպանել ենք Գանձասարը, որը կանգնած էր գրավման վտանգի տակ, իսկ եթե թշնամին գրավեր Գանձասարը, ապա թշնամու առաջ կբացվեր ճանապարհ դեպի Ստեփանակերտ, սակայն «Արծիվ-մահապարտներ» ջոկատի մարտիկները գիտեին, թե ինչ են անում, ուր են գնում»,-հիշեց Աստվածատուր Պետրոսյանը:
Գեներալ- մայորը նաեւ հիշեց այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի խոսքերը, որը մահապարտների 5-ամյակի օրն է ասվել. «Մենք տեսանք, որ մահապարտները կատարեցին գերխնդիր, եւ եթե ազգում չգտնվեին այս 500 հոգի նվիրյալները, ապա ազգը, անկախ նրանքից, թե քանի միլիոնից է բաղկացած, կդատապարտվեր կործանման»:
Կարդացեք նաև
Պետրոսյանի խոսքով՝ մահապարտների շարքերում բազմաթիվ արվեստագետներ կան՝ Գագիկ Գինոսյանը, Ալեքսանդր Թամանյանը՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը, եւ այլք, նրանցից մի մասը՝ 88 հոգին զոհվել ու մահացել է, մի մասն էլ եկել է բանակ ու շարունակում է սկսածը:
Անդրադառնալով հայոց բանակի մարտունակությանը՝ գեներալ-մայորն ասաց, որ մեր բանակն այսօր տարածաշրջանի լավագույն բանակն է, ինչի ապացույցն էին օրերս ավարտված ՀԱՊԿ-ի զորավարժությունները: Բայց, ըստ նրա , չպետք է բավարարվել եղածով, պետք է շարունակել ամրապնդել բանակի մարտունակությունը՝ դառնալով եվրոպական լավագույն բանակներից մեկը:
Պետրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ սեպտեմբերի 29-30-ին զորագունդը լինելու է Արցախում՝ Քարվաճառի շրջանում, որտեղ հիմնելու է զորագնդի անվամբ ավան:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ