Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ

Սեպտեմբեր 27,2012 14:24

 

            ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Խնդրում եմ Աբրամ Բախչագուլյանին ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն ամբողջական տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելն է։

 

         ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյան – Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, 2011 թվականի ընթացքում Հնդկաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվել է 10324.93 տոննա գոմեշի մսի բրիկետ թվով 6 կազմակերպության կողմից ընդհանուր ծավալի նկատմամբ հետևյալ համամասնությամբ`

 

«Մուշ» ՍՊԸ 2.3 %
«Ունիվերսամ Ավան» ՍՊԸ 3.5 %
«Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ 6.5 %
«Մոկոնատ» ՍՊԸ 9.5 %
«Պարգև» ՍՊԸ 17 %
«Ալեքս Գրիգ» ՍՊԸ 61.2 %

 

2012 թ. 9 ամսվա կտրվածքով ներմուծվել է 5284.651 տոննա գոմեշի մսի բրիկետ թվով 5 կազմակերպության կողմից ընդհանուր ծավալի նկատմամբ հետևյալ համամասնությամբ`

«Ունիվերսամ Ավան» ՍՊԸ 11.06 %
«Սամ Սեր գրուպ» ՍՊԸ 13.05 %
«Ալեքս Գրիգ» ՍՊԸ 18.14 %
«Արմեն Համիկ եղբայրներ» ՍՊԸ 23.52 %
«Պարգև» ՍՊԸ 34.23 %

 

Գոմեշի միս ներմուծվում է այն կազմակերպություններից, որոնք ունեն`

–         մսի արտադրության առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ

–         ընդհանուր մեկ արտադրական տարածքում տեղակայված են միջազգային ստանդարտներին համապատասխան սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս և սառցարան

–         միջազգային արտոնագրող մարմինների կողմից տրված՝ վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի և ստանդարտների միջազգային կազմակերպության նվազագույնը ISO 9001:2000 ստանդարտի արտոնագրեր:

Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի պատրաստման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հնդկաստանի Հանրապետությունում մշտապես գտնվող Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության գծով ներկայացուցիչը, ով արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար տեղում անմիջականորեն ապահովում է սպանդի ենթակա կենդանիների նախասպանդային անասնաբուժական զննման փաստաթղթերի և դրանց մսեղիքի հետսպանդային անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման վերաբերյալ փաստաթղթերի ու պատրաստի արտադրանքի համապատասխանության ստուգումը և տրամադրում դրա մասին տեղեկանք:

Տեղեկանքը կցվում է ապրանքաուղեկից մյուս փաստաթղթերին:

Համաձայն ՀՀ կառավավության 2010 թ. հոկտեմբերի 21-ի թիվ 1442-Ն որոշմամբ հաստատված կենդանիների, կենդանական ծագման հումքի, մթերքի, կերերի, լրացակերերի, կերային խառնուրդների, կերային հավելումների և սննդամթերքի ներմուծման, արտահանման, տարանցիկ փոխադրման կարգի ներմուծվող բեռի ապրանքաուղեկից փաստաթղթեր են համարվում համապատասխան երկրի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայականը կամ սերտիֆիկատը և վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (HACCP) համակարգի ներդրումը հավաստող փաստաթուղթը: Սահմանային հսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացնում է բեռի տեսողական զննում և փաստաթղթային ստուգում փաստաթղթերի և տեղեկանքի առկայության վերաբերյալ: Տեսողական զննման արդյունքում խնդիրներ չհարուցելու դեպքում թույլատրվում է բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: Պետք է զեկուցեմ, պարոն վարչապետ, որ  այս 2 տարվա ընթացքում մեկ դեպք է եղել, երբ տեսողական զննման արդյունքում բեռը կասկած է հարուցել: Մենք իրականացրել ենք լաբորատոր փորձաքննություն և անհամապատասխանություն չենք հայտնաբերել:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան –  Իրենց հարկային պարտավորությունները, պարոն Խաչատրյան, այս ընկերություններն ամբողջությամբ կատարո՞ւմ են, որևիցե խնդիր ունե՞նք։

 

         ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ ԽաչատրյանՊարոն վարչապետ, ուսումնասիրությունն ընկերություններում անընդհատ շարունակվում է, հարկային պարտավորությունների հետ կապված առանձին տեղեկանք կներկայացնենք։ Այս պահի դրությամբ ուսումնասիրությունները կատարվում են։

 

ՀՀ վարչապետ Տիգրան ՍարգսյանՇատ լավ։ Ես կարծում եմ, որ պետք է այս խնդիրը ձեր ուշադրության կենտրոնում լինի: Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ հայտնի քաղաքական ուժերը փորձում են զրպարտել ինձ` կապելով Հնդկաստանից միս ներմուծող այս ընկերություններն իմ անվան հետ։ Ցանկանում եմ ձեզ տեղյակ պահել, որ թվարկված այս 5 ընկերությունների հետ որևիցե առնչություն ես բացարձակապես չունեմ` ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ, թաքնված անձինք այս ընկերությունների հետևում, ինձ հետ կապված չկան։ Թե այս 5 ընկերություններն ում են պատկանում, երևում է պարոն Բախչագուլյանի թվարկած ձեռնարկությունների անուններից, որոնք  հայտնի են մեր երկրում: Առաջարկում եմ այդ տեղեկատվությունը տրամադրել զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի բոլորն իմանան, թե ով է Հնդկաստանից Հայաստան միս ներմուծում, ինչ ծավալների: Ամեն դեպքում մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք, որ պատշաճ ձևով այդ ընկերություններն իրենց պարտականությունները պետության նկատմամբ կատարեն, մսի խնդրում չլինի որակական որևիցե պրոբլեմ և կստուգենք, որ դրանք իրենց հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարեն։ Շնորհակալություն, պարոն Բախչագուլյան:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930