Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյան. «Ես կուսակցությունից կուսակցություն թռնող չեմ՝ թռցնող եմ»

Սեպտեմբեր 27,2012 14:21

Ինչպե՞ս կբացատրեք Ձեր կողմնակիցների՝ ավագանու անդամ չընտրվելը: Այս հարցը լրագրողներն այսօր ուղղեցին դեռ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանին: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, դա հերյուրանք է: Իմ կողմնակիցներից ովքեր որ դրել են՝ բոլորն էլ ավագանու անդամ են դարձել: Գրել էին, որ իմ եղբոր որդին նույնիսկ չի անցել: Դա սուտ է: Իմ եղբոր որդին նույնիսկ չի առաջադրվել: Ղազարյան եւ  Ղուկասյան ազգանունները պետք է ուղղակի կարդալ գիտենալ եւ տարբերել: Ովքեր որ իմ մոտիկներից առաջադրվել են՝ բոլորն անցել են: Քաղաքապետը՝ ես, փառք Աստծո, հեղինակություն ունեմ, որ մեկ-մեկ գաք, այցելեք Գյումրի, սովորական մարդկանց հետ շփվեք, տեսեք՝ հարգո՞ւմ են, թե՞ չեն հարգում, գնահատո՞ւմ են, թե՞ չեն գնահատում»: Հարցին՝ այսինքն՝ հիմա տխրե՞լ է Գյումրիի ժողովուրդը՝ Վարդան Ղուկասյանը վստահեցրեց. «Շատ: Վերին աստիճանի, գնացեք՝ կտեսնեք: Ես բարեպաշտ ձեւով, ժպիտով, ինչ որ եղել է նախկինում՝ մինչեւ  քաղաքապետ լինելս, հիմա նույնությամբ, որ դուրս եկա, նորից այն ողորմածն եմ լինելու, այն եկեղեցակառուցողն եմ լինելու: Մի խոսքով՝ ես այդպես էլ ապրելու եմ՝ իմ երկիրը սիրելով, ժողովրդին սիրելով, գնահատելով: Կապրենք՝ կտեսնեք: Բայց ձեր վատությունը՝ լրատվական կառույցներ, թող ձեզ մնա»:

Լրագրողները հետաքրքրվեցին, եթե հրապարակն այդպես կարկատան է, ըստ Ձեզ, նորընտիր քաղաքապետը կկարողանա՞ այդ հարցերը լուծել՝ Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, հանրապետության նախագահը հիմա մարզերի հետ կապված մեծ աշխատանքներ է տանում: Անցած տարի հսկայական գումարներ տրվեց փողոցների ասֆալտապատման կապակցությամբ, փողոցների վերանորոգման կապակցությամբ: Եվ հիմա էլ, փառք Աստծո, լրացուցիչ մի ծրագիր կա, որը մտնելու է մարզեր: Դա շատ եմ ես կարեւորում եւ ողջունում»: Հարցին՝ նոր քաղաքապետին շնորհավորելո՞ւ եք՝ նա այսպես արձագանքեց. «Ե՞ս: Դա արդեն անձնական խնդիր է: Եթե ես տեսնեմ լեգիտիմ, իրոք ժողովրդի կողմից ընտրված մարդկանց՝ անպայման կշնորհավորեմ»: Թե Բալասանյանը լեգիտի՞մ է, թե ոչ՝ նա ասաց. «Ես այդպես չեմ խորացել»:

Վարդան Ղուկասյանը հավաստիացրեց, որ կուսակցությունը չի փոխի. «Նայեք իմ կենսագրականը՝ ես երբեք կուսակցություն չեմ փոխել: Ես իմ բնավորությամբ կուսակցական չեմ, ավելի հոգեւոր եմ, քան թե կուսակցական: Ես կուսակցությունից կուսակցություն ոչ թռնող եմ…ես միշտ թռցնող եմ՝ թռնող չեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930