Լրահոս
Օրվա լրահոսը

Միկրոքանդակագործի կերպարը ցնցել է Աստանայում

Սեպտեմբեր 27,2012 14:17

«Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրան» եւ «TBC»-ը:

«Օրդֆիլմ» ընկերության տնօրեն եւ «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հայկ Օրդյանն օրերս է վերադարձել Աստանայից, որտեղ կայացել է հեռուստատեսային փաստավավերագրական ֆիլմերի «ՏԵՖԻ-համագործակցություն» միջազգային փառատոնը:

Խստապահանջ ժյուրին մոտ տասը լավագույն ֆիլմերից ընտրել է Հայաստանը ներկայացնող հենց այս ֆիլմը: Արդեն երկրորդ տարին է, ինչ անցկացվում է միջազգային այս փառատոնը: Նախորդ տարի այն տեղի է ունեցել Կիեւում: Փաստավավերագրական ֆիլմը Ղազարյան հսկայի մասին փառատոնին է ներկայացրել Հայկական երկրորդ հեռուստաալիքը, որի ռեժիսոր Նունե Էլմասյանը փառատոնի միջազգային փորձագետների կազմի անդամ էր:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Օրդյանն ասում է, որ «Լավագույն փաստավավերագրական ֆիլմ» անվանակարգում՝ այսպիսով մեկնարկեց իր հաջողությունների «առաջնեկը»: Լեգենդար հայ միկրոքանդակագործության հիմնադրի մասին պատմող ֆիլմը, պարզվում է՝ երկար տարիների արդյունք է: «Հայկական երկրորդ հեռուստաալիքի» օպերատոր եւ ֆիլմի համահեղինակ Հարություն Տոլանյանը դեռ խորհրդային տարիներից ճանաչել է մեծ վարպետին եւ ավելի քան չորս տարի պարբերաբար նկարահանել նրան:

«Մենք ֆինանսներ չէինք կարողանում գտնել, որովհետեւ փաստավավերագրական ֆիլմերը մեր երկրում այնքան էլ մեծ պահանջարկ չունեն, այնուամենայնիվ, որոշեցինք մեր ուժերով իրականացնել նախագիծը»,- ասում է Օրդյանը: Ֆիլմի ռեժիսորը զարմացել է, երբ ֆիլմի ավարտից հետո դահլիճում պարզապես չի դադարել ծափահարությունների շքերթը, իսկ մասնագիտական շրջանակներում քննարկումների ընթացքում շեշտվել է ոչ միայն յուրօրինակ կերպարը, այլեւ՝ նյութի մատուցման յուրահատուկ ձեւն ու ռեժիսորական լուծումները:

«Փառատոնի վերջին օրը, երբ հաղթողների անունները հայտարարելիս լսեցի «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը», չէի գիտակցում, որ մեր մասին է խոսքը, միայն «Արմենիա» բառը լսելուց հետո հասկացա, որ պետք է բեմ բարձրանամ»,- ավելացրեց Օրդյանը: Նրա գնահատմամբ՝ փառատոնին մասնակից փորձագետները հաշվի են առել աշխատանքի յուրաքանչյուր դետալ՝ սկսած օպերատորական աշխատանքից, վերջացրած երաժշտությամբ, որը հատուկ ֆիլմի համար գրել է կոմպոզիտոր Դավիթ Դավթյանը: Օրդյանը փառատոնից վերադարձել է ոչ միայն խորհրդանշական արձանիկով եւ պատվոգրով, այլ նաեւ բազմաթիվ փաստաթղթերով: «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմը հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրա» եւ «TBC» հեռուստաընկերությունները:

Հիշեցնենք, որ ֆիլմի հայկական պրեմիերան տեղի էր ունեցել 2012 թվականի մայիսին, Էդուարդ Ղազարյանի մահից կարճ ժամանակ անց:

Ասենք միայն, որ Էդուարդ Ղազարյանը՝ լեգենդար հայը, Լոնդոնի արվեստների ակադեմիայի կողմից 2002-ին ճանաչվել է «Տարվա մարդ», չորս անգամ գրանցվել ռուսական «ԴԻՎՈ» ռեկորդների գրքում:

ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930